Լրահոս
Օրվա լրահոսը

Այս 45 նոր տրոլեյբուսով ամբողջությամբ մեր տրոլեյբուսային պարկը թարմացնում ենք, այսինքն՝ այլևս չենք ունենալու քաղաքում հին տրոլեյբուսներ. Ավինյան

Սեպտեմբեր 18,2025 16:08

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունն ընդունել է որոշում, որը պայմանավորված է  հանրային տրանսպորտային համակարգի թարմացմամբ՝ ապահովելով էկոլոգիապես մաքուր և  արդյունավետ ուղևորափոխադրում։ Տրոլեյբուսները, որպես մաքուր էլեկտրական փոխադրամիջոցներ, կարևոր դեր են կատարելու փոշու և աղտոտման նվազեցման, նոր երթուղային ուղեգծերի ներդրման ուղղությամբ։ 45 նոր տրոլեյբուսի գնումը թույլ կտա բարելավել երթուղային հաճախականությունը, ընդհանուր ծածկույթն ու ծառայության որակը։ Որոշման ընդունմամբ ակնկալվում է ապահովել ավելի ճկուն երթուղային մոդելներ, տրոլեյբուսային կայուն էներգետիկ համակարգի զարգացում՝ ավելի մաքուր և ցածր աղտոտում ունեցող երթուղիներով, նվազեցնել օդի աղտոտվածությունը: 

Որոշման ընդունումը պայմանավորված է նաև բազմաբնակարան շենքերի բնակիչների անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությամբ՝ հաշվի առնելով, որ ներկայումս փոխարինման ենթակա վերելակների շահագործման ժամկետը գերազանցած է և, ըստ վիճակագրական տվյալների, վերջին տարիներին արձանագրվել են նաև վտանգավոր միջադեպեր: Թվով 104 հին վերելակի փոխարինումը կհանգեցնի շահագործման մակարդակային և անվտանգության արմատական բարելավման, կխնայի տարեցների և հաշմանդամ քաղաքացիների համար ենթակառուցվածքային բարձր մատչելիություն, միաժամանակ կապահովվի սպասարկման ծախսերի, անսարքությունների և արտակարգ դեպքերի զգալի նվազում:

Այսպիսով, որոշմամբ առաջարկվում է՝  1157 «Քաղաքային զարգացում» ծրագրի 21033 «Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի վերելակների արդիականացում» և 21041 «Երևան քաղաքի հանրային տրանսպորտի շարժակազմերի համալրում և արդիականացում» միջոցառումների ընթացքի ապահովման նպատակով հատկացնել 2,137,850.0 հազ. դրամ գումար, «1157. Քաղաքային զարգացում»  ծրագրի «21002. Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների կառուցում» միջոցառումից:

Վարչապետը հետաքրքրվել է, թե տրոլեյբուսների ձեռքբերման պրոցեսը որ փուլում է գտնվում, ինչին ի պատասխան Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է. «Մենք ունենք կայացած մրցույթ և արդեն իսկ ունենք գնած 30 տրոլեյբուս, և այս 45 նոր տրոլեյբուսով, որը Կառավարության աջակցությամբ կգնենք, ամբողջությամբ մեր տրոլեյբուսային պարկը թարմացնում ենք, այսինքն՝ այլևս չենք ունենալու քաղաքում հին տրոլեյբուսներ»: Տիգրան Ավինյանը հավելել է, որ ֆինանսական միջոցների հատկացումից հետո, ակնկալվում է, որ 2026 թվականի առաջին եռամսյակում 45 տրոլեյբուսը կլինի Երևանում։

Ինչ վերաբերում է վերելակների հարցին, Երևանի քաղաքապետը պատասխանել է. «Համայնքային բյուջեով տարեկան փոխում ենք մոտավորապես 500 վերելակ։ Այս տարի Կառավարությունը նույնպես աջակցում է այս ծրագրին: Այս տարի 507 վերելակ ենք  գումարային փոխելու Երևան քաղաքում: Եվս 3 տարի՝ այս նույն տեմպը պահպանելով և երրորդ տարում մի փոքր ավելի գնում անելով, Երևան քաղաքում վերելակային ֆոնդն ամբողջապես կրկին վերազինում ենք։ Հին վերելակային ֆոնդից նշույլ անգամ չի մնա»։

Ինչ վերաբերում է վերելակների սպասարկմանը, Տիգրան Ավինյանը նշել է. «Հաշվի առնելով, որ համատիրությունների ֆինանսական միջոցները հիմնականում թույլ չեն տալիս նմանատիպ վերազինում անել, Երևանի քաղաքապետարանը՝ նաև Կառավարության աջակցությամբ, այս ծրագիրն իրականացնում է՝ հետագայում ամբողջ վերելակային սպասարկումը հանձնելով իրավատիրոջը, մասնավորապես՝ համատիրությանը: Այսինքն՝ արդեն նոր վերելակի հետագա սպասարկումը դրվում է համատիրության վրա»:

Վերադառնալով տրանսպորտի թեմային՝ վարչապետը խոսել է նաև Երևան քաղաքում էլեկտրատրանսպորտի արդյունավետության կարևորությանը և նշել. «Այս մրցույթն իրականացվել է այն վերլուծության արդյունքում, որ մասնավորապես՝ տրոլեյբուսները և ընդհանրապես՝ էլեկտրատրանսպորտը Երևանի համար կարող են շատ արդյունավետ լինել, մանավանդ հիմա, երբ մենք ֆոտովոլտային կայանների շատ մեծ հզորություններ ենք գեներացրել»: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև էլեկտրաավտոբուսների  ձեռքբերման նպատակահարմարության հարցին և նշել. «Մեր պլաններում սա նույնպես մի նրբություն է, որին պետք է ուշադրություն դարձնել»:

Արձագանքելով՝ Երևանի քաղաքապետը հավելել է. «Այս մի քանի տարիների ընթացքում մենք հասցրել ենք գնել 87 հատ 12 մետրանոց ավտոբուս, մենք գնել ենք 562 հատ 8.6 մետրանոց ավտոբուս և մինչև այս պահը գնել ենք 30 նոր տրոլեյբուս, որոնք իրենց գծերից անջատ կարող են հավելյալ 60 կմ երթևեկել՝ անկախ միացված լինելուց։ Այս 45 տրոլեյբուսի գնումից հետո, շարժակազմին վերաբերող 2 հիմնական գնում է մնում՝ 18 մետրանոց 249 ավտոբուս, որը փոխարինելու է մեր հին «Հիգեր» ավտոբուսները, որոնք արդեն 15-16 տարեկան են։ Նոր ցանցի վերլուծությամբ, մեզ ևս 26 հատ տրոլեյբուս է պետք գալու: Այսինքն, բոլոր մնացած շարժակազմերը, որոնք մենք պետք է ձեռք բերենք, միմիայն այլևս էլեկտրական պետք է լինեն»:

Վարչապետը հետաքրքրվել է նաև Աջափնյակ մետրոյի կառուցման աշխատանքների ընթացքով, ինչին ի պատասխան Երևանի քաղաքապետը նշել է, որ բոլոր համալիր փորձաքննություններն անցած «Աջափնյակ» մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է և ընդգծել. «Մենք այս նախագիծը բաժանել ենք 3 փուլի: 3 փուլերը լինելու են Բարեկամություն մետրոյից մինչև կիրճ գտնվող թունելային հատվածի կառուցումը, կամուրջի կառուցումը և կամրջից դեպի թունել և հենց բուն կայարանի կառուցումը: Մենք, ինչպես քննարկել ենք նաև Ձեզ հետ, 3 լոտով կհայտարարենք մրցույթներ, կտեղեկացնենք բոլոր հնարավոր խոշոր ընկերություններին, որպեսզի մասնակցություն ունենան այս մրցույթներին: Կունենանք հաղթող և արդեն հաջորդ իսկ քայլով կքննարկենք ֆինանսական միջոցների տրամադրման հարցը: Ես կարող եմ ասել, որ 2026 թվականին մենք կարող ենք սկսել աշխատանքները «Աջափնյակ» մետրոյի կայարանում։ «Աջափնյակ» մետրոյի կայարանի կառուցումից հետո, Երևանի մետրոպոլիտենում ուղևորահոսքի աճը կլինի մոտ 25%: Այսինքն, էական մեծ ազդեցություն է ունենալու ուղևորահոսքերի վրա»։

Վարչապետն իր հերթին հավելել է, որ մետրոյի զարգացման գաղափարը քննարկվում է նաև Ակադեմիական քաղաքի նախագծի շրջանակներում: Նիկոլ Փաշինյանի խոսքով, քննարկվում է նաև մետրոյի «Աջափնյակ» կայարանից հետո զարգացնել ուղղությունը մինչև Ակադեմիական քաղաք և Ակադեմիական քաղաքի մետրոյի կայարանն ուղղորդել Չարբախ մետրոյի կայարան: Արդյունքում, վարչապետի խոսքով, մետրոյի շրջանաձև երթևեկություն կլինի, որն ավելի արդյունավետ կլինի:

Տրանսպորտի թեմայի շրջանակում Տիգրան Ավինյանը խոսել է նաև Երիտասարդական մետրոյի կայարանից Նոր Նորք ճոպանուղու կառուցման մասին, ընդգծել, որ այժմ իրականացվում է նախագծի մրցույթի փուլը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն անդրադարձել է նաև արևային կայանների տեղադրմանը և ներկայացրել է, որ 2030թ. էներգետիկ ռազմավարության մեջ որպես թիրախային չափ սահմանված է 1000 մվտ, սակայն այսօր արդեն տեղադրված է 850 մվտ արևային կայաններ:

Այս թեմայի առնչությամբ վարչապետը նշել է, որ այս ուղղությամբ պետք է աշխատել. «Ես կարծում եմ, որ մենք պետք է շարունակենք զարգացնել այս ուղղությունը, որովհետև մեր արտադրության էներգիան է, և մենք պետք է մտածենք, թե ինչ հետագա քայլեր անենք, մասնավորապես՝ կուտակիչ կայանների տեխնոլոգիաները: Այսօր աշխարհում էլեկտրաէներգիան, գնալով ավելի շատ պահանջարկ է ունենում, և մենք պետք է գտնենք ձևեր՝ մեր արտադրած էլեկտրաէներգիան արտահանելու»: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ արևային էներգիայի ոլորտի զարգացումը պետք է չդանդաղեցնել, քանի որ  այն տնտեսական, էներգետիկ անվտանգության, այդ թվում՝ պետական անվտանգության խնդիր է և անհրաժեշտ է հետևողականորեն գնալ այդ ճանապարհով:  Վարչապետը հանձնարարել է այս հարցի առնչությամբ աշխատանքային հանդիպում կազմակերպել՝ հրավիրելով էներգետիկ ոլորտի գործընկերներին և փորձագետներին: 

Հրազդանի կիրճը ռեկրեացիոն գոտի դարձնելու մասին

Կառավարության նիստի ժամանակ վարչապետն անդրադարձել է նաև Հրազդանի կիրճը ռեկրեացիոն գոտի դարձնելու մասին, ուրախությամբ արձանագրել, որ արդեն կա ռեկրեացիոն գոտու մաստեր պլանը: Ըստ Նիկոլ Փաշինյանի, այս ծրագիրը ռազմավարական նպատակներից մեկն է, քանի որ այն կնպաստի Երևանում այսօր առկա բնապահպանական, օդի, միկրոկլիմայի հետ կապված խնդիրների լուծմանը:

Երևանի քաղաքապետի ներկայացմամբ, արդեն առկա են տարածքի ամբողջական վերլուծությունը, ռեկրեացիոն գոտու հստակ սահմանները, գույքագրվել են այդ սահմաններում գոյություն ունեցող բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչները, պատմամշակութային հուշարձանները: Տիգրան Ավինյանի խոսքով, աշխատանքները կշարունակվեն՝ ըստ սահմանված ընթացակարգի:

Անդրադարձ է կատարվել նաև վերջին շրջանում Երևանի վարչական տարածքում անտառային տարածքներում ապօրինի սեփականաշնորհված կամ օտարված հողերի վերադարձին:

Կապահովվի ՀՀ մի շարք մարզերում առաջնահերթ լուծում պահանջող, անհետաձգելի  համարվող 13 ծրագրի իրականացումը

Կառավարությունն ընդունել է որոշում, որով կապահովվի ՀՀ Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի և Վայոց ձորի մարզերում առաջնահերթ լուծում պահանջող, անհետաձգելի (հրատապ) համարվող ծրագրերի իրականացումը:

Որոշմամբ առաջարկվում է 1212 ծրագրի 32001 «ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող անհետաձգելի ծրագրերի իրականացում» միջոցառման ՀՀ կառավարության տողից վերաբաշխել ընդհանուր 639,336․5 հազար դրամ, որից՝ ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմին հատկացնել 130,000․0 հազար դրամ, ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմին` 219,013․8 հազար դրամ, ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին հատկացնել 199,559․4 հազար դրամ, ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմին՝ 392․0 հազար դրամ, ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմին` 78,596․3 հազար դրամ, ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմին՝ 7,425․0 հազար դրամ  և ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմին հատկացնել 4,350․0 հազար դրամ։

Վարչապետը մանրամասնել է, թե որ հրատապ հարցերի մասին է խոսքը. «Արագածոտնի մարզում քամու հետևանքով Ապարան համայնքի վնասված տանիքների վերանորոգում: Աշխատանքների պայմանագիրը կնքված է: Արմավիրի մարզում Արմավիր համայնքի Հերացի փողոցի թիվ 8 և թիվ 10 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների կառուցման աշխատանքների իրականացում:  Աշխատանքների պայմանագիրը կնքված է: Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Հայկ Դանղյան, Եղիշե Չարենցի փողոցներում և Էջմիածին-Արտիմետ խճուղում կոյուղագծերի փոխարինման աշխատանքներ: Գործընթացը գտնվում է մրցույթային փուլում: Գեղարքունիքի մարզում քամու հետևանքով Գավառ համայնքի Ազատության երկրորդ փողոցի չորրորդ փակուղի թիվ 2 և Կաբելագործների թիվ 6 շենքերի վնասված տանիքների վերանորոգում: Պայմանագիրը կնքված է: Գավառ համայնքի Հացառատ թաղամասի կեղտաջրերի կենտրոնական կոլեկտորի և ապակենտրոնացված մաքրման կայանի կառուցում: Պայմանագիրը կնքված է: Ճամբարակ քաղաքի գլխավոր մուտքի հարակից փլուզված հենապատի վերանորոգում: Պայմանագիրը կնքված է: Լոռու մարզում աղետի հետևանքով վնասված մեքենայի փոխհատուցման տրամադրում: Որոշման ընդունումից հետո, կփոխհատուցվի: Շիրակի մարզում Գյումրի, Արթիկ, Ախուրյան և Անի համայնքներում 2025 թվականի մայիսի 28-ին և հունիսի 14-ին քամու հետևանքով վնասված տանիքների վերանորոգման աշխատանքների իրականացում: Անհրաժեշտ փաստաթղթերը հավաքագրված են: Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի վարչական շենքի վերանորոգման աշխատանքներ համար նախագծանախահաշվային փաստաթղթերին ձեռքբերում: Պայմանագիրը կնքված է: Մ-2 միջպետական ճանապարհն Արտավան բնակավայրին կապող միակ ճանապարհի վրա գտնվող կամրջի վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերում: Պայմանագիրը կնքված է: Մ-2 միջպետական ճանապարհը Մոզրով բնակավայրին կապող ճանապարհի վրա գտնվող կամրջի վերանորոգման և ամրակայման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերին ձեռքբերում: Պայմանագիրը կնքված է: Տավուշի մարզում Իջևան համայնքի Աճարկուտ բնակավայրի գյուղամիջյան կամրջի հենապատի ուժեղացման և բացօթյա լողավազանի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերում: Պայմանագիրը կնքված է: Տավուշի մարզի Նորաշեն, Մովսես տեղական նշանակության ավտոճանապարհի 8-րդ կիլոմետր հատվածի հողային պաստառի վերականգման և հենապատի կառուցման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերին ձեռքբերում: Պայմանագիրը կնքված է»: 

Ծրագիր կիրականացվի՝ ուղղված Վաղարշապատի մարզադաշտի և ֆուտբոլային ակադեմիայի ենթակառուցվածքների զարգացմանը

Կառավարությունը հավանություն է տվել «Իմեջին Երևան» ընկերության կողմից ներկայացված՝ Վաղարշապատի մարզադաշտի և ֆուտբոլային ակադեմիայի ենթակառուցվածքների զարգացման ներդրումային ծրագրին։ Որոշումը պայմանավորված է  «Իմեջին Երևան» ընկերության կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի վարչական սահմաններում գտնվող 23.84051 հա ընդհանուր մակերես ունեցող համայնքային սեփականության հողամասի և ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 5.5601 հա մակերես ունեցող հողամասի տարածքում Վաղարշապատի մարզադաշտի և ֆուտբոլային ակադեմիայի ենթակառուցվածքների զարգացման նպատակով ներդրումային ծրագրի իրականացման անհրաժեշտությամբ։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի հիմքի վրա ստեղծել ամբողջովին նոր ենթակառուցվածքներով և մարզական գույքով հագեցած, ժամանակակից միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր, որն իր մեջ կներառի՝ ժամանակակից ֆուտբոլային մարզադաշտ, սպորտային բազա և ֆուտբոլային ակադեմիա։ Ծրագրի հիմնական նպատակներն են՝ խթանել Հայաստանի Հանրապետությունում երիտասարդ տաղանդների հայտնաբերմանը և հետևողական զարգացմանը ողջ սպորտային կենսացիկլի ընթացքում՝ կերտելով միջազգային մակարդակի առաջնակարգ մարզիկներ, հասնել սպորտի՝ որպես մասնագիտության զանգվածայնացմանը, բարձրացնել Հայաստանում ակումբային ֆուտբոլի նշաձողը և սեփական օրինակով խթանել դրա շարունակական զարգացմանը, գրանցել նշանակալի ձեռքբերումներ ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային մրցաշարերում, նախապայմաններ ստեղծել և աճեցնել բարձր մասնագիտական հմտություններով օժտված պրոֆեսիոնալ մարզիկներ, ովքեր Հայաստանի Հանրապետության Ֆուտբոլի ազգային հավաքականը կհասցնեն նոր, դեռևս երբևէ չգրավված բարձունքների, Հայաստանում ունենալ միջազգային մրցաշարերի անցկացմանը հարիր մարզադաշտ։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է. «Ֆուտբոլային ենթակառուցվածքները հանդիսանում են նաև դպրոցաշինության գործընթացում մեր պարտադիր բաղադրիչը և նորակառույց բոլոր դպրոցներում, որտեղ կա հողի հնարավորություն, անպայման ուղեկցվում է ֆուտբոլային դաշտով»: Ժաննա Անդրեասյանի խոսքով, բոլոր համալիր քայլերի արդյունքում հնարավոր կլինի ապահովել ցանկալի արդյունքները, որոնք ներառված են թե՛ սպորտի ռազմավարության, թե՛ Հայաստան 2050 ռազմավարության մեջ:

Այս համատեքստում վարչապետն ընդգծել է սպորտի ենթակառուցվածքների զարգացման քաղաքականության կարևորությունը՝ նշելով. «Մեր երկրում սպորտով չզբաղվող երեխա ուղղակի պետք է չլինի. շախմատով թող զբաղվեն, ֆուտբոլով, ըմբշամարտով, ծանրամարտով, թենիսով, բոլոր հնարավոր սպորտաձևերով: Դպրոց առանց սպորտդահլիճի՝ չկա դպրոց»: Նիկոլ Փաշինյանի խոսքով, կրթական ծրագիրն առանց ֆիզիկական մարմնակրթության հատվածի, կիսատ է:

Կներդրվի ռազմավարական կառավարման նոր համակարգ, որով անցում կկատարվի պլանավորումից ռազմավարական կառավարման

Գործադիրը սահմանում է Կառավարության և պետական կառավարման համակարգի մարմինների ռազմավարական կառավարման համակարգի նոր ճարտարապետությունը և վերջինիս սպասարկող ընթացակարգերը: Հանրային կառավարման բարեփոխումների շրջանակներում Կառավարությունը ներդնում է ռազմավարական կառավարման նոր համակարգ, որով անցում է կատարվում պլանավորումից ռազմավարական կառավարման։ Նպատակը պետական համակարգի արդյունավետության ու բարեփոխումների իրականացման որակի բարելավումն է։

Նոր համակարգը հասցեագրում է առկա մի շարք խնդիրները, այդ թվում՝ փաստաթղթերի ու դրանցով սահմանված գերակայությունների մեծաքանակությունն ու ասինխրոնությունը, դրանց ոչ բավարար կապը բյուջեի, միջնաժամկետ ծախսերի ծրագրի ու կառավարության ծրագրի հետ, մշտադիտարկման ու հաշվետվողականության համակարգերի լավարկման անհրաժեշտությունը։

Այդ նպատակով որոշմամբ կապահովվի գործող 57 ռազմավարական փաստաթղթի կոնսոլիդացիա 6 ռազմավարությունների ներքո՝ (1) Անվտանգության և արտաքին քաղաքականության, (2) Մարդկային կապիտալի զարգացման, (3) Տնտեսական փոխակերպման և կայուն զարգացման, (4) Տարածքային և ենթակառուցվածքների զարգացման, (5) Արդարադատության ոլորտի բարեփոխումների և  (6) Հանրային կառավարման բարեփոխումների։ Գործող համակարգով ապահովվելու է նաև փաստաթղթերի հստակ աստիճանակարգություն, սահմանվելու են մեթոդական պահանջներ ու ձևաչափեր։ Ռազմավարական կառավարման ողջ գործընթացը, այդ թվում՝ մշտադիտարկումը, ապահովվելու է թվային լուծումներով։  Ներդրվող համակարգը հիմք կդառնա պետական համակարգում նախագծերի կառավարման նոր մոդելի ներդրման համար։

Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառման շարունակականությունը

Կառավարությունը որոշում է կայացրել, որով առաջարկվում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառման շարունակականությունն ապահովելու համար Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցների հաշվին հատկացնել 12,600.0 հազար դրամ՝ 1068 ծրագրի 12002 միջոցառման շրջանակներում: Որոշման արդյունքում անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման միջոցառման շրջանակներում Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցների հաշվին կհատկացվեն համապատասխան ֆինանսական միջոցներ:

Հանրության շրջանում կխրախուսվի առողջ ապրելակերպ և կխթանվեն երթևեկության այլընտրանքային ձևերը 

Գործադիրը որոշում է կայացրել՝ պայմանավորված է ԿԳՄՍ նախարարության 2025 թվականի բյուջեով հաստատված «Հայաստանի Հանրապետության մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսում» և նոր՝ «Հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանում» միջոցառումների իրականացման համար նախատեսված գումարների բավարար չլինելու, ինչպես նաև նախատեսվող միջոցառումները հավուր պատշաճի իրականացնելու հանգամանքով:

2025 թվականի պետական բյուջեի «1063. Մասսայական սպորտ» ծրագրի «11025. Հայաստանի Հանրապետության մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսում» միջոցառման շրջանակում պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում ՀՀ մարզերի մասնավոր լողավազաններում դպրոցահասակ երեխաներին լողի ուսուցման կազմակերպման նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից «ՀՀԿԳՄՍՆԴՄՍՔՎ-05/25» ծածկագրով հայտարարված դրամաշնորհային մրցույթին հաղթող ճանաչվող կազմակերպություններին գումարի հատկացման ապահովում։ Ինչպես նաև  ՀՀ կառավարության 2025 թ. մարտի 27-ի N 341-Ն և օգոստոսի 24-ի N 1115-Լ որոշումներով հաստատված հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման ծրագրով ընտրված շահառուներին հեծանիվների ձեռքբերման նպատակով սուբսիդիայի տրամադրման ապահովում:

Կկրճատվեն Հայաստանի տարածք ներմուծվող և բացառապես Հայաստանի տարածքում շրջանառության համար նախատեսված արտադրանքի ներմուծման թույլատրելի ժամկետները

Կառավարության որոշմամբ, կկրճատվեն Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող և բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության համար նախատեսված արտադրանքի (առանց պարտադիր պահանջներով նախատեսված մակնշման, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանի) ներմուծման թույլատրելի ժամկետները։

Սահմանվել են ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման հետ կապված անվտանգության կանոնները

Կառավարությունը սահմանել է ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայանների կառուցվածքի, հեղուկ վառելանյութի պահման, վաճառքի, պահեստավորման, առաքման, փոխադրման, բաշխման և լցավորման կայանների անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները: Մասնավորապես, ամրագրվում են՝ ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայան (այսուհետ՝ ԱՀՎԼԿ) շահագործող անձի կողմից իրականացման ենթակա միջոցառումները, ԱՀՎԼԿ-ի նախագծային փաստաթղթերում ներառման ենթակա տեքստային նյութերը, ԱՀՎԼԿ-ի կառուցմանը, շահագործմանն ու պահպանմանը, ինչպես նաև՝ վառելիքային համակարգի բաղադրիչներին և տեխնոլոգիական սարքավորումներին ներկայացվող պահանջները, վառելանյութի առաքմանը և ավտոցիստեռններին ներկայացվող, ինչպես նաև՝ վառելիքի բաշխման պայմանները, պահեստարաններին, փոխադրման խողովակաշարերին և էլեկտրասարքավորումներին ներկայացվող պահանջները:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930