Լրահոս
Թիթիզություն
Օրվա լրահոսը

Կարող է դատարկ խոսացել է, ասել եմ՝ դուռը ծածկի, դուրս արի, այ տղա. Գագիկ Ծառուկյանը հարցաքննվում է

Սեպտեմբեր 18,2025 18:30

Հակակոռուպցիոն դատարանում այսօր նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով հարցաքննվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Գործի հանգամանքների վերաբերյալ ինչ է իրեն հայտնի հարցին, պարոն Ծառուկյանը պատասխանեց՝ ինչ պետք էր քննչականում տվել է ցուցմունք, կարող եք կարդալ: Հետո հավելեց՝ ինչ է հետաքրքրում, հարցրեք, պատասխանեմ:

-Հարցրել են՝ Հովսեփյանի տղան եկե՞լ է ձեր մոտ, ասել եմ՝ չեմ հիշում, հնարավոր է եկել է, հնարավոր է չի եկել: Իսկ պագրիշկաների հետ կապված ասել եմ՝ այդ ժամանակահատվածում եղել եմ պատգամավոր, բիզնեսով չեմ զբաղվել, իմ բոլոր կառույցները տվել եմ կառավարման,- պատմեց Ծառուկյանը:

Մեղադրող դատախազը հետաքրքրվեց՝ իսկ ճանաչո՞ւմ եք Հովսեփյանի որդուն: Ի պատասխան ասաց՝ «Աղվանին ճանաչում եմ, շփվել եմ, տղային էլ կարող է մեկ, երկու անգամ տեսել եմ, բայց կարող է 20 հոգու մեջ տեսնեմ, չճանաչեմ»:

Մեղադրողը հետաքրքրվեց՝ ԱՐ- ԲԵ հայ-բելառուսական ընկերությունն իրեն հայտնի՞ է, ի պատասխան Ծառուկյանն ասաց՝ իհարկե. «Սեփականատերն եմ»:

Հաջորդ հարցին՝ այդ ընկերությունը «Վերջինա» ընկերության համար պաշտոնական ներկայացուցիչ հանդիսացե՞լ է: Ծառուկյանը պատասխանեց՝ տեղյակ չէ, կառավարմամբ չի զբաղվում, կարող է հարցնել ու իմանալ:

Հաջորդ հարցին՝ Արշավիր Սարգսյանին ճանաչում է, պատասխանեց՝ չի ճանաչում:

Հարցին տեղեկություն ունի՞, որ ԱՐ-ԲԵ-ն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին անվադողեր է մատակարարել, ասաց՝ ոչ:

Հանրային մեղադրողը հիշեցրեց, որ Աղվան Հովսեփյանի որդին դատարանում հայտնել է, որ ինքն այցելել է Ծառուկյանին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին անվադողեր մատակարարելու քննարկմանը, Արշավիր Սարգսյանն էլ եղել, բայց նրան կոպիտ կերպով Գագիկ Ծառուկյանը դուրս է հրավիրել:

Դատախազը հետաքրքրվեց՝ բացառո՞ւմ եք:

-Եթե դատարկ-դատարկ խոսացած լինի, հնարավոր է, բայց ես չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը: Կարող է դատարկ խոսացել է, ասել եմ՝ դուռը ծածկի, դուրս արի, այ տղա,- պատասխանեց Ծառուկյանը:

-Աղվան Հովսեփյանի հետ ջերմ հարաբերություններն այնպիսի՞ն էին, որ մի հարցով զանգեր ձեզ, մի հարց, որը ձեզնից կախված լիներ,- հետաքրքրվեց մեղադրող դատախազը:

Ծառուկյանի ներկայացուցիչն առարկեց հարցը, բայց Ծառուկյանը սաստեց փաստաբանին , ասաց՝ նստի, թող, թող ու շարունակեց. «Աղվան Հովսեփյանի հետ ջերմ հարաբերություններ ունենք, բայց ոչ բիզնես. զանգը կարող էր լինել՝ արի ճաշենք»:

Գագիկ Ծառուկյանը նաեւ զարմացավ հարցից, թե հնարավո՞ր էր՝ Աղվան Հովսեփյանը անվադողերի մատակարարման հարցով իրեն դիմեր:

«Աղվան Հովսեփյանը հանրապետության դատախազ, բան ու գործ չունե՞ր, պետք է ԱՐ-Բե-ի կամ պագրիշկեքի հարցով Ծառուկյանին դիմե՞ր, էդ կլասը չէր, էլի»,- պատասխանեց Ծառուկյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930