Լրահոս
Օրվա լրահոսը

30 հազարական եվրո՝ վնասների փոխհատուցման համար. ՀՀ դեմ Մարտի 1-ի առթիվ ՄԻԵԴ վճռի մանրամասները

Սեպտեմբեր 18,2025 19:45

«Ֆարմանյանը եւ մյուսներն ընդդեմ Հայաստանի»՝ 2008 թվականի մարտի 1-ի, գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել է՝ Հայաստանի Հանրապետությունը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի երկրորդ հոդվածով ամրագրված կյանքի իրավունքը՝ մարտի 1-ի ոստիկանական գործողությունների ժամանակ մահացած Ա. Ֆարմանյանի, Տ. Խաչատրյանի, Գ. Քլոյանի, Հ. Հովհաննիսյանի, Դ. Պետրոսյանի, Գ. Գեւորգյանի եւ Տ. Աբգարյանի դեպքերում։

Ըստ վճռի՝ Հայաստանի այդ ժամանակվա իշխանությունները խախտել են նաեւ զոհերի հարազատների իրավունքները՝ արդյունավետ քննություն չիրականացնելով մահերի հանգամանքների կապակցությամբ։

Անճշտություններ Հարությունյանի եւ Զ․ Հովհաննիսյանի առնչությամբ

Հարությունյանի եւ Զ. Հովհաննիսյանի մահերը ՄԻԵԴ-ը չի համարում Հայաստանի իշխանությունների կողմից կյանքի իրավունքի խախտում։

Վճռում նշվում է, որ փաստերը բավարար չեն՝ պարզելու համար Հարությունյանի մահվան ճշգրիտ պատճառը։ Դատարանը փաստում է, որ մահը վրա է հասել անհայտ իրի հարվածի հետեւանքով, միեւնույն ժամանակ հավելում՝ անհայտ իրը կարող էր լինել ինչպես ոստիկանության զորքերի կողմից կիրառված Չերեմուխա-7 արցունքաբեր գազի նռնակ, այնպես էլ ցուցարարների կողմից նետված քար կամ Մոլոտովի կոկտեյլ։

Զ․ Հովհաննիսյանի մասով, թեեւ հայտնի է, որ մահը վրա է հասել որովայնի շրջանում հրազենային վիրավորման արդյունքում, մահվան ժամանակահատվածի վերաբերյալ առկա են անբավարար տեղեկություններ, եւ Դատարանը ի զորու չէ վերջնական եզրահանգման գալ այս մասով։

Դիմումատուների պնդումները

Զոհերի իրավահաջորդները 2015-ին Ստրասբուրգի դատարան ներկայացրած դիմումում պնդում էին, որ խախտվել է իրենց հարազատների կյանքի իրավունքը՝ ամրագրված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով։ Ըստ զոհերի հարազատների՝ մարտի 1-ին ոստիկանության ուժի կիրառումը «բացարձակապես անհրաժեշտ չէր»։ Նրանց համոզմամբ՝ հայկական իշխանությունները նաեւ «արդյունավետ քննություն» չեն իրականացրել մահերի կապակցությամբ։

ՀՀ-ի առարկությունները

Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը ՄԻԵԴ-ում պաշտպանել է, նախ, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը, այնուհետեւ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Կառավարությունն ընդունել է՝ Ֆարմանյանի, Խաչատրյանի, Քլոյանի, Պետրոսյանի եւ Զ․ Հովհաննիսյանի մահերը վերագրելի են պետությանը, սակայն հարցականի տակ է դրել պնդումը, թե նրանց մահը վրա է հասել ոստիկանության գործադրած ուժի անմիջական հետեւանքով։

Հ․ Հովհաննիսյանի եւ Աբգարյանի մահերի մասով Կառավարությունը շեշտել է, որ մարմիններից հեռացված փամփուշտները չեն համապատասխանել ոստիկանությունում գրանցված փամփուշտներից որեւէ մեկին, իսկ Հարությունյանի մահվան պատճառը գլխուղեղին բութ գործիքի հարվածն է եղել։ Ըստ Կառավարության՝ Հարությունյանի եւ Աբգարյանի մահը կարող էր ցուցարարների հակաօրինական գործողությունների՝ քարերի նետման կամ զենքի կիրառման, արդյունք լիներ։

Վճիռն ուսումնասիրելիս մեզ չհաջողվեց գտնել ՀՀ արտահայտած դիրքորոշումը Գեւորգյանի մահվան առթիվ, չնայած նշվում է, որ Կառավարությունն իր պատասխանում անդրադարձել է գործի առարկա բոլոր զոհերին։

Դիմումատուների պահանջները եւ ՀՀ արձագանքը

Ֆարմանյանը եւ մյուսները 60 հազարական եվրո ոչ-նյութական վնասի փոխհատուցման պահանջ էին ներկայացրել։

Պետրոսյանի եւ Քլոյանի իրավահաջորդները երկուսի կորսված եկամուտների դիմաց պահանջել էին նաեւ, համապատասխանաբար, 25 մլն 960 հզր ՀՀ դրամ եւ 45 հզր 788 ԱՄՆ դոլար նյութական վնասի փոխհատուցում։

Դատական ծախսերի փոխհատուցման համար դիմումատուները միասնաբար պահանջել էին 46 հզր 196 ՄԹ ֆունտ։

ՀՀ կառավարության դիրքորոշմամբ՝ ոչ-նյութական վնասի փոխհատուցման համար պահանջված գումարը չափազանց է, իսկ նյութական վնասի կրման որեւէ ապացույց առկա չէ։

Վնասների փոխհատուցում

Այսպիսով՝ Հայաստանի Հանրապետությունը Դատարանի կողմից պարտավորվել է 30 հազարական եվրո վճարել զոհերի հարազատներին՝ որպես ոչ-նյութական վնասի փոխհատուցում։

ՀՀ-ն պարտավոր է զոհերի հարազատներին միասնաբար եւս 35 հազար եվրո տրամադրել՝ դատական ծախսերի փոխհատուցման համար։

Վճարումները կատարելու համար Կառավարությանը երեք ամիս ժամկետ է հատկացվել։

Նախապատմություն

17 տարի առաջ կայացած նախագահական ընտրությունները, ըստ միջազգային հեղինակավոր եւ տեղական իրավապաշտպան կազմակերպությունների, կայացել էին համատարած ընտրախախտումների եւ կեղծիքների ներքո։ Պաշտոնական արդյունքները կեղծված համարող, Առաջին նախագահ եւ նախագահի ընդդիմադիր թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները շուրջօրյա հավաքներ էին անցկացնում Երեւանի կենտրոնում։

Մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը ուժ կիրառեց ցուցարարների դեմ՝ հայտարարելով՝ տվյալներ կան, թե հավաքների մասնակիցները զենք-զինամթերքի օգտագործմամբ պատրաստվում են զանգվածային անկարգություններ իրականացնել մայրաքաղաքում։ Ցուցարարների դեմ ոստիկանությունը գործի դրեց մարտական բնույթի փամփուշտներ եւ արգելված հատուկ միջոցներ։

Արյունալի գործողությունների արդյունքում զոհվեց 10 քաղաքացի՝ ութ քաղաքացիական անձ, մեկ զինծառայող եւ մեկ ոստիկան։

Նույն օրը նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր ստորագրեց արտակարգ դրություն սահմանելու մասին։

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930