Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է իրավիճակը լինի ոչ այնպիսին, որ 120 հազար արցախցիների տեղահանվելուց հետո նրանք որևէ հիշատակի օր չունենան, միջոցառում չլինի»․ Աշոտ Ղուլյան

Սեպտեմբեր 18,2025 22:25

«ՀՀ իշխանություններն իրենց կամքից անկախ այնպես են արել, որ այս ողբերգության  մասին աշխարհի բոլոր կետերում էլ հենց այդ օրը հիշելու են, քանի որ արցախցիները, տասնյակ հարյուրավոր ընտանիքներ ցրված են աշխարհի երկրների քարտեզով մեկ»,-դիտարկմանը ՀՀ իշխանություններն առանձնապես հետաքրքրություն չունեն այս թեման դրսում տաք պահելու համար և հարցին՝ ի՞նչ պիտի անենք, որ այդ ողբերգությունը հիշի աշխարհը, և լինեն հետաքրքրված ուժեր ու մարդիկ, որոնք որոշակի իմաստով իրենց պատասխանատու կզգան տեղի ունեցածի համար և միգուցե հետաքրքրություն դրսևորեն այս խնդրի մասին խոսել, բրիտանացի լրագրող Գաբրիել Գևինի «Մեր հայրերի մոխիրը. Լեռնային Ղարաբաղի անկման պատմությունը» գրքի քննարկման ժամանակ այսպես պատասխանեց Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը։

Վաղը՝ սեպտեմբերի 19-ին երկրորդ տարելիցն է, երբ 120 հազար արցախցիներ ադրբեջանական ագրեսիայի ներքո բռնի տեղահանվեցին և լքեցին իրենք ծննդավայրը։

Աշոտ Ղուլյանը չի կասկածում՝ սեպտեմբերի 19-ին կամ հաջորդ օրերին ամեն մի Արցախի ընտանիք հիշելու է իր կյանքի ամենաողբերգական օրը․ «Այդ հիշողություններն այսօր դժվար է հրապարակային ներկայացնել, հուզմունքը, կուտակված ցասումը թույլ չեն տալիս դրանք օբյեկտիվ լամպի տակ ներկայացնել, այնուամենայնիվ, այդ հիշողությունները կան։ Միևնույն է՝ մենք երևի ուրիշ իրավիճակ պետք է ունենանք, պետք է իրավիճակը լինի ոչ այնպիսին, որ Արցախի 120 հազար մարդիկ տեղահանվելուց հետո որևէ հիշատակի օր չունենան, միջոցառում չլինի, որևէ մեկը չհիշի այն 200 և ավելի երիտասարդների զոհաբերության մասին, որոնք իրենց կյանքով ապահովեցին, որ այդ 100 հազար մարդիկ դուրս գան, որևէ մեկը չհիշի այն 240 երիտասարդներին, որոնք ճարահատյալ նույն չարաբաստիկ բենզակայանում պարզապես վառվեցին մի քանի լիտր բենզինի համար։

Երբ նույն այդ օրերին սկսում են պաշտոնական հեռագրեր գրել այս կամ այն երկրում ինչ-որ մարդկանց զոհվելու, երկրաշարժի մասին կամ սկսում են ճանաչել այս կամ այն երկրի անկախությունը, սկսում ես մտածել՝ մենք ընդհանրապես նույն տեղո՞ւմ ենք ապրել, նույն միջավայրո՞ւմ ենք եղել, մենք այս երեսուն տարիները նույն արժեքային համակարգի մե՞ջ ենք եղել։

Սա շատ ծանր է, բայց երևի այսպիսի փորձության միջով էլ մենք պիտի անցնենք։ Չէի ուզենա՝ այնպես, ինչպես 1915-ի ցեղասպանությունից հիսուն տարի հետո միայն պաշտոնապես ընդունված ազգային օրացույցում հիշատակի օր, հիմա էլ հիսուն տարի սպասենք, որ Արցախի այս ողբերգությունը հայ ժողովրդի համար դառնա հիշողության, հիշատակության արժանի իրադարձություն»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930