Ադրբեջանական կողմը Արցախի Տիգրանակերտում 2025 թվականին իրականացրել է հնագիտական պեղումներ: Դատելով պաշտոնական տվյալներից՝ հնագիտական արշավախումբը ղեկավարում է ադրբեջանցի հնագետ Թեվեքյուլ Ալիևը:
Պեղումները իրականացվել են օգոստոս ամսին: Դատելով ադրբեջանական կողմի տարածվող լուսանկարներից՝ պեղումները իրականացվել են Տիգրանակերտ քաղաքի Վաղքրիստոնեական հրապարակին կից, որտեղ բացվել են 12-13-րդ դարերի վերին շերտերը՝ տնտեսական կառույցների, հորերի և թոնիրների մնացորդներով:
Կարդացեք նաև
Ադրբեջանական կողմը հնավայրը կոչում է Շահբուլաղ, մի անուն, որ 18-րդ դարից վաղ չէ: Փաստորեն քաղաքի անվան ադրբեջանական «փնտրտուքը» որևէ նոր բանի չի հանգեցրել: Անշուշտ, 12-13-րդ դարի Տիգրանակերտը չէր կարող կոչվել 18-րդ դարի նոմենկլատուրայով:
Ադրբեջանական կողմը նաև անդրադարձ է կատարել հայկական կողմի իրականացրած պեղումներին: Ուշագրավ է, որ ադրբեջանցի հնագետները առաջին անգամ փորձել են մեկնաբանել հայկական կողմի իրականացրած պեղումները: Համաձայն ադրբեջանցի հնագետների՝ հայկական կողմի բացած «աղվանական» եկեղեցին կառուցված է եղել բյուզանդական ճարտարապետության հիման վրա և վերակառուցվել է սիրիական ճարտարապետության հիման վրա: Ադրբեջանական կողմը նաև անդրադարձ է կատարել Վաղքրիստոնեական հրապարակի մեծ բազիլիկ տաճարի պեղումներից գտնված հայերեն արձանագրությամբ կավե սկավառակին: Ուշագրավ է, որ ադրբեջանցի գիտնականները տալիս են արձանագրության բովանդակությունը, չնշելով, թե իրականում ինչ լեզվով է այն գրված, ովքեր են հայտնաբերել այդ արձանագրությունը :
Այժմ, երբ Տիգրանակերտի հնագիտական հետազոտության արդյունքները մանրամասն քննված են ընդամենը մեկ ամիս առաջ հրատարակված «Արցախի Տիգրանակերտ. քաղաքի պատմամշակութային կերպարը հնագիտական հետազոտությունների լույսի ներքո» կապիտալ աշխատության մեջ, հարկ է նախաձեռնել դրա այլալեզու հրատարակությունները, ինչով և հիմա զբաղված է թիմը:
«Դիալոգ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ավարտին է մոտենում գրքի ռուսերեն թարգմանությունը: Շնորհակալ կլինենք, եթե հնարավորություններ ստեղծվեն նաև անգլերեն թարգմանության համար: