Լրահոս
Օրվա լրահոսը

Թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը չեն կարող արցախցիների իրավունքների վերաբերյալ այնպիսի  որոշումներ կայացնել, որ կկասեցնեն նրանց իրավունքները. «Ազգ»

Սեպտեմբեր 19,2025 09:30

«Ազգի» նախորդ շաբաթվա՝ սեպտեմբերի 12-ի համարում հարցազրույց էր հրապարակվել Գերմանահայ իրավաբանների միության վարչության անդամ փաստաբան Խաչատուր (Քրիստիան) Մխիթարյանի հետ: Զրույցի առանցքը Արցախից բռնագաղթած մեր հայրենակիցների՝ ԳԴՀ-ում ապաստանի հայցին է վերաբերում: Հատված զրույցի երկրորդ մասից:

–Եթե արցախցին մեկնել է ՌԴ կամ Ուկրաինա, ունի այդ երկրի քաղաքացիություն, բայց քանի որ այնտեղ պատերազմ է, եկել է Գերմանիա, կարո՞ղ է ստանալ ԳԴՀ-ում փախստականի կարգավիճակ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բռնագաղթի արհավիրքից տրավմա ունեցողը պատերազմող երկրում չի կարող մնալ:

-Ապաստանի օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ կետում նշված է, որ Գերմանիան իրավասու չէ քննել այն մարդկանց դիմումները, որ կարող են պաշտպանություն ստանալ ԵՄ-ից դուրս գտնվող պետություններից որեւէ մեկում: Դրա մեջ կարող է մտնել նաեւ ՀՀ-ն: Հայաստանը կարող է դիտարկվել որպես այլընտրանքային ապաստան տրամադրող երկիր: Նույնը վերաբերում է այլ երկրների, ՌԴ-ին, Ուկրաինային: Գերմանիան տեսականորեն կարող է հղում անել այդ հոդվածին եւ պնդել հետեւյալը. Քանի որ անձը (անձինք) այնտեղ առնվազն ունեցել են բնակության  թույլտվություն, այդ երկիրն իր (իրենց) համար ապահով, այլընտրանքային երկիր է հանդիսանում, եւ մերժել դիմումը:

Շուտով բազմաթիվ գործերի վերաբերյալ կարեւոր որոշումներ պետք է կայացվեն: Դրանց միջոցով արդեն կձեւավորվի ամբողջական նախադեպային դատական պրակտիկա: Սկիզբը դրվել է Կասելի որոշումներով, պետք է լրացվի այլ որոշումներով, որ Գերմանիայում արցախցիների վերաբերյալ ունենանք նախադեպային իրավունք: Վերջնական որոշումները Ադրբեջանում տիրող իրավիճակի վերաբերյալ գնահատական են պարունակելու նաեւ: Թեեւ Գելզենքիրհենի վարչական դատարանի հրատապ որոշման մեջ արդեն նախնական գնահատական տրվել է:  Այդուհետ կամփոփվի ամբողջ գործը, եւ այդ մարդկանց կարգավիճակի հարցն իր հանգուցալուծումը կստանա:

Պետք է հաշվի առնենք, որ այս գործերը վերաբերում են սահմանափակ քանակով անձանց, նրանց՝ որ Հայաստանում մեկ տարուց ավելի չեն բնակվել, եկել են Գերմանիա: Նրանք, որ հնարավոր է հետագայում գան, արդեն այդ կատեգորիայում չեն գտնվելու, եւ այս տրամաբանությամբ չեն քննվի նրանց գործերը: Հետեւաբար սա վերաբերում է սահմանափակ թվով մարդկանց, սպեցիֆիկ մի խմբի, որոնց վերաբերյալ հետաքրքրական որոշումներ են կայացվել, կայացվելու:

Այս գործերի քաղաքական նշանակությունը. այս մարդիկ ունեն փախստականի կարգավիճակ, քանի որ Ադրբեջանը խախտում է նրանց իրավունքները՝ այդ մարդիկ չեն կարող վերադառնալ իրենց հայրենիք, տվյալ դեպքում՝ ԼՂ (Արցախ), քանի որ Ադրբեջանի վերահսկողության տակ է: Անկախ նրանից, թե Հայաստանը եւ Ադրբեջանն իրար հետ ինչ են պայմանավորվում, մարդկանց իրավունքների իրացման տեսական հնարավորությունը չի կարող կասեցվել որեւէ պետության կողմից, քանի որ նրանք այդ պետությունների քաղաքացի չեն: Առավել հստակ՝ թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը չեն կարող այդ մարդկանց իրավունքների վերաբերյալ այնպիսի  որոշումներ կայացնել, որ կկասեցնեն նրանց իրավունքները:

 

Հարցազրույցը վարեց ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ

Գերմանիա

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

Լուսանկարը՝ Խաչատուր (Քրիստիան) Մխիթարյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930