Լրահոս
Թիթիզություն
Օրվա լրահոսը

Որո՞նք են աշխատանքային եւ ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրերի տարբերությունները

Սեպտեմբեր 19,2025 12:30

Խորագիր՝ Իրավագիտակից քաղաքացի

Աշխատանքային իրավահարաբերությունների հաստատման պարագայում հաճախ առաջանում է հետեւյալ հարցը՝ գործատուն աշխատողի հետ կնքի աշխատանքային պայմանագիր, թե՞ ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր: Այժմ ձեր ուշադրությանը կներկայացնեմ նշված պայմանագրերի հիմնական տարբերությունները, ինչն էլ թույլ կտա դրանց հետեւելով խուսափել հնարավոր ռիսկերից: Մինչ այդ նշեմ, որ նշված իրավահարաբերությունները կարգավորվում են տարբեր օրենսգրքերով՝ համապատասխանաբար աշխատանքային եւ քաղաքացիական:

Առաջին տարբերությունը կապված է պայմանագրի նպատակի հետ։ Ծառայությունների մատուցման պայմանագրի նպատակը վճարի դիմաց կոնկրետ առաջադրանքի կատարումն է համաձայնեցված ժամկետում: Իսկ աշխատանքային պայմանագրի նպատակը հենց աշխատանքն է որպես այդպիսին:

Ծառայությունների մատուցման պայմանագրի առարկան միանգամյա կամ որոշակի ժամկետում սահմանված աշխատանքի կատարումն է, որի դեպքում կարեւոր է հենց ծառայության մատուցումը: Աշխատանքային պայմանագրի առարկան աշխատանքային գործառույթների կատարումն է, որի պարագայում կարեւոր է հենց գործընթացը:

Ծառայությունների մատուցման պայմանագրի կատարման հետ կապված իրավահարաբերությունների շրջանակներում կատարողը պահպանում է իր ինքնուրույնությունը եւ աշխատում է ազատ գրաֆիկով: Մինչդեռ աշխատանքային պայմանագիր կնքելիս աշխատողը ընդգրկվում է հաստիքացուցակում, ենթարկվում է ներքին կարգապահական կանոններին եւ աշխատում է գործատուի հսկողությամբ ու ղեկավարությամբ։ Դրանից զատ, ծառայությունների մատուցման պայմանագրի դեպքում չի գործում աշխատանքային օրենսգրքով սահմանված երաշխիքները:

Ընդհանրացնելով կարող ենք ասել, որ եթե հարաբերությունները ենթադրում են աշխատանքային կարգապահության պահպանում եւ գործատուի ենթակայություն, կնքվում է աշխատանքային պայմանագիր, իսկ եթե կարեւորվում է միայն ծառայության արդյունքը եւ կողմերը գործում են հավասար հիմունքներով, կնքվում է ծառայությունների մատուցման պայմանագիր։

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Ավե յուս» փաստաբանական գրասենյակի հիմնադիր, փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Իրավաբանական խորհրդատվության, ինչպես նաեւ պայմանագրերի կազմման ու փորձաքննության հարցերով կարող եք դիմել կորպորատիվ իրավունքի ոլորտում մասնագիտացած «Ավե յուս» փաստաբանական գրասենյակի փորձառու մասնագետներին՝ գրելով [email protected] էլփոստին կամ զանգահարելով 055 27 77 35 հեռախոսահամարին:

«Առավոտ» օրաթերթ
18.09.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930