Լրահոս
Թիթիզություն
Օրվա լրահոսը

«Իսկական» տղամարդիկ չե՞ն լացում

Սեպտեմբեր 19,2025 13:00

«Ինչպե՞ս կսահմանեք առնականությունը» հարցին տրված պատասխանները ցույց են տալիս, որ կանանց սահմանումները ընդգրկում են բազմազան դիտարկումներ՝ միաձուլելով ավանդական կարծրատիպերը ժամանակակից եւ առաջադեմ տեսակետների հետ։ Կանանց պատասխանի համաձայն՝ առնականությունը ներկայացնում է ուժի, կարեկցանքի եւ պատասխանատվության համադրություն՝ ավելի քիչ իշխանության եւ ավելի շատ աջակցող գործընկերության մասին։ Ի տարբերություն կանանց, տղամարդկանց պատասխանները կարճ են եւ ուղիղ՝ նվազ շեշտադրում անելով էմոցիոնալ բացության կամ հոգատարության վրա եւ ավելի մեծ կարեւորություն տալով ինքնաբավությանը եւ պատվին։ Ոմանք ընդգծում են ֆիզիկական հատկանիշները (օրինակ՝ սպորտային կազմվածքը եւ արտաքին տեսքը), մինչդեռ մյուսները ներքին հատկություններն ավելի կարեւոր են համարում, քան մկանները կամ «կոպիտ» արտաքին տեսքը։

Սեպտեմբերի 16-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ «Դրական առնականություն 2.0» հետազոտության արդյունքների ամփոփում ու ծրագրի եզրափակիչ մամուլի ասուլիսը։ Այս ծրագիրն իրականացվել է TeensLIVE Հայաստանի կողմից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի (UNAIDS) աջակցությամբ։ Ավելի քան 2000 երիտասարդների շրջանում իրականացված այս հարցմամբ փորձ էր արվել պարզել,  թե Հայաստանում տղամարդու կերպարի մասին պատկերացումները ինչպիսին են: Հարցումն անցկացվել էր 16-25 տարեկան երիտասարդների շրջանում:

 

Հայաստանում տղամարդու կերպարը փոխվում է, փոխվել է ըստ հարցման արդյունքների: «Հետազոտությունը, որը հիմնված է 2,100 մասնակցի (72.1%՝ կին, 27.3%՝ տղամարդ) հարցման վրա, բացահայտում է գենդերային ընկալումների միջեւ զգալի տարբերությունները։ Թե կանայք եւ թե տղամարդիկ արժեւորում են դրական առնականության հատկանիշները, ինչպիսիք են ընտանիքի նկատմամբ հոգատարությունը եւ այլոց հանդեպ հարգանքը, միաժամանակ կանայք շատ ավելի բարձր իրազեկվածություն են ցուցաբերում թունավոր առնականության եւ ընտանեկան բռնության միջեւ կապի մասով։ Հարցման արդյունքներով՝ կանանց 49.14%-ը եւ տղամարդկանց 44.19%-ը կարծում են, որ առնականության որոշ նորմեր կարող են հանգեցնել ընտանեկան բռնության։ Առանձնապես մտահոգիչ արդյունք է այն, որ տղամարդկանց 15.67%-ը (այսինքն՝ նրանց, ովքեր չեն մերժել այս մոտեցումը՝ 100%-ից հանած 84.33%-ը), որոշ չափով հանդուրժում են «երբեմն կնոջը ծեծելը» գաղափարը։ Մինչդեռ կանանց 92.71%-ը լիովին մերժում է այս կարծիքը։ Սա փաստում է, որ տղամարդկանց որոշ հատվածի մոտ բռնության որոշ ձեւեր շարունակում են նորմալ համարվել»,-նշեց TeensLIVE Հայաստանի գենդերային հարցերով պատասխանատու փորձագետ Արմի Մկրտչյանը:

 

 

Շատ մասնակիցներ ընդգծել են զգացմունքային կարգավորման հետ կապված դժվարությունները, մասնավորապես՝ զգացմունքների ճնշումը եւ բռնության դիմելը՝ որպես արտահայտման միջոց։ Սա հաճախ կապվում է այն կարծրատիպի հետ, թե «իսկական տղամարդիկ չեն լացում»։ Ըստ հետազոտության,  մինչ կանայք ավելի բարձր են գնահատում, որ տղամարդիկ հոգատար լինեն իրենց զուգընկերների եւ երեխաների նկատմամբ, տղամարդիկ ավելի հակված են առաջնահերթություն տալ ավանդական հատկանիշներին, ինչպիսիք են «պատիվը բռունցքներով պաշտպանելը» եւ զինվորական ծառայությունը:  Տղամարդիկ ավելի բարձր են գնահատում զինվորական ծառայությունը (27.65%, կանանց 19.01%-ի դիմաց-Ռ.Մ.)։ Փորձագետի տեղեկացմամբ, արդյունքները հաստատում են, որ ընտանիքը, ընկերները եւ հասարակությունն առնականության ընկալումների վրա հիմնական ազդեցություն ունեցողներն են, «ավանդական մշակույթի կարծրատիպերը», ինչին այնքան էլ համաձայն չէին արդյունքների ամփոփմանը ներկա գործընկերներս:

«Այս հարցումը ցույց է տալիս, որ Հայաստանի երիտասարդները պատրաստ են մարտահրավեր նետել հին կարծրատիպերին եւ վերաիմաստավորել, թե ինչ է նշանակում լինել տղամարդ։ Գնահատելով կարեկցանքն ու պատասխանատվությունն ագրեսիայի փոխարեն՝ նրանք ճանապարհ են հարթում ավելի առողջ հարաբերությունների եւ ավելի հավասար հասարակության համար», – ասել է TeensLIVE Հայաստանի գենդերային հարցերով պատասխանատու Արմի Մկրտչյանը։ «Ստացված պատկերացումները կարեւոր նշանակություն կունենան ապագա երիտասարդական ծրագրեր մշակելու եւ Հայաստանում գենդերային հավասարության վերաբերյալ քաղաքականությունների քննարկման համար»,- եզրափակել է նա։

Տեղեկացանք, որ արդյունքների հիման վրա ստեղծվել են նորարարական գործիքներ՝ «Բարուժան» անվանումով արհեստական բանականությամբ աշխատող տելեգրամյան բոտ, որն օգնում է երիտասարդներին ստանալ տեղեկատվություն հոգեկան առողջության, գենդերային հավասարության եւ բռնության թեմաներով, եւ` Ուսումնական ուղեցույց՝ նախատեսված 7-10-րդ դասարանների աշակերտների համար՝ «Առողջ ապրելակերպ» դասընթացի շրջանակում։ Ի դեպ, թիրախային արշավը սոցիալական մեդիայում  պատկերն այսպիսին էր. ներառյալ հրապարակումները, եւ ինֆլուենսերների հետ համագործակցությունները, ապահովել է ավելի քան 1,200,000 դիտում միայն Instagram-ում ՝գերազանցելով 1.0 փուլի դիտումների թիվը 42%-ով։ Հարցման մասնակիցները նշել էին, ընտանիքը, հասարակությունը եւ ընկերները դիտարկվում են որպես առնականության ձեւավորման հիմնական գործոններ, մինչդեռ կրթական հաստատությունները եւ մեդիան կատարում են երկրորդական դեր։ Հարցերից մեկն էր «Ձեր կարծիքով, ինչպե՞ս են այսօր լրատվամիջոցները (հեռուստատեսություն, սոցիալական ցանցեր, ֆիլմեր) ներկայացնում առնականությունը»:

Փորձագետներ Արուսիկ Մկրտչյանը, հոգեբան Սիրանույշ Դավթյանը, թվային նախագծերի համակարգող Եկատերինա Սամոլիգոն խոսեցին ընտանեկան բռնությունների, հոգեբանական պատնեշերի հաղթահարման, դժվարությունների, իրենց այս հետազոտության նպատակների մասին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.09.2025

Գլխավոր նկարը գեներացված է արհեստական բանականության միջոցով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930