Կառավարությունը e-draft հարթակում օրերս հանրային քննարկման է ներկայացրել «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման եւ աջակցության մասին» որոշման նախագիծը:
Հասարակական-քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով թեմային, նկատում է. «Նիկոլ Փաշինյանն ինչքան էլ որ փորձում է այլ հարթության մեջ իրեն դրսեւորել, սակայն նա իր տիպաժով լրիվ Ալեքսանդր Լուկաշենկոն է: Կովերի պտուկներ ստուգել, կթվորների ձեռքերի մաքրություն, դպրոցի ցնցուղների ստուգում եւ այլն: Նա այդ ոճի մարդ է:
Լուկաշենկոյի քաղաքական կերպարը պետք է որ Փաշինյանի հիացմունքի առարկան լինի, նա ցանկանում է դառնալ երկրորդ Լուկաշենկոն: Օրինակ, բոլորովին վերջերս տեսանյութեր էին շրջանառվում, որ Լուկաշենկոն էլ վերջերս գնացել էր թատրոն եւ թատրոնի աշխատողների հետ վեճի մեջ մտել, սկսել նրանց խելք սովորեցնել: Նա Նիկոլ Փաշինյանի քաղաքական կուռքն է: Ինչ վերաբերում է այդ զառանցագրին, որը դրվել է շրջանառության մեջ, ապա այն մաքուր գրաքննության դրսեւորում է: ԽՍՀՄ տարիներին Կոմունիստական կուսակցության քաղխորհուրդն էր այդ հարցերով զբաղվում, այժմ այն արվելու է միանձնյա: Մարդը որոշել է գրական ստեղծագործությունների համար սահմաններ կազմել:
Ընդ որում, այնքան զավեշտալի երեւույթներ են ստացվում այդ տեքստից: Օրինակ, եթե Երեւան քաղաքում լինի լուսանկարչության մրցույթ, հաղթելու շանս ստանում է այն լուսանկարը, որտեղ Երեւան քաղաքից տեսարան է բացվում ոչ թե Արարատ լեռ, այլ` Արագած: Մի բան, որ գոյություն չունի, չկա նման բան: Երեւանից Արագած լեռ ոչ մի տեսարան չի բացվում, բայց քանի որ դա է «Իրական Հայաստան»-ի գաղափարը, կհաղթի հորինվածը: Այն, ինչ մենք ամեն օր տեսնում ենք Մոնումենտով իջնելիս, դա իրական Հայաստան չէ, Փաշինյանի «Իրական Հայաստան»-ը ֆոտոշոփով սարքած Հայաստանն է:
Կարդացեք նաև
Այս ամենը, այս խայտառակությունը կարող է կանխել միայն ամուր եւ կուռ քաղհասարակությունը: Երբ քաղհասարակությունն ունենա մարդկանց կրիտիկական զանգված, այլ ոչ թե մեկ-երկու բարոյական մնացած իրավապաշտպան, եւ երբ այդ զանգվածը հայտնվի, օրինակ, «Կրթվելը նորաձեւ է» արշավին եւ տա անհարմար հարցեր, երբ այդ զանգվածը հայտնվի նիկոլական պրոպագանդիստ արվեստագետների, վերլուծաբանների պանելային քննարկումներին ու միջոցառումներին, այդ ժամանակ էլ հնարավոր կլինի փոխել իրավիճակը: Ցավոք, մենք ապրում ենք մի բացառիկ իրավիճակում, երբ իշխանությունները ռադիկալ են, իսկ քաղհասարակությունն ու ընդդիմությունը՝ անհամեմատ համեստ: Մինչդեռ ճիշտն այն է, որ պատկերը լինի լրիվ հակառակը: Այս ամենը պետք է դառնա հանրային քննարկման առարկա: Պետք է մարդիկ խոսեն, վիճեն այս հարցերի շուրջ:
Նիկոլի ու նրա քաղաքական խմբակի գործունեությանը մենք պետք է դադարենք վերաբերվել որպես քաղաքական ուժին վերաբերող կրիտերիայի: Այս մարդիկ դասագրքային օրինակով ձեւավորում են աղանդավորական շարժում: Նրանց բոլոր գործողությունների ձեւը, բովանդակությունը դասագրքային իմաստով հետեւում են այն ստրուկտուրային, թե ինչպես է պետք ձեւավորել աղանդավորական կազմակերպություն»:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: