«Ագրեսիայի հետեւանքով մենք այսօր հայրենազրկվել ենք, բռնի տեղահանվել ենք, եւ մեծ մասը որպես մշտական ապրելու վայր է գտել ՀՀ-ում, որը համարում ենք մեր հայրենիքի հիմնական մասը։ Ինչ վերաբերում է նրան, որ խեղաթյուրվում են 2023 թվականի սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած իրադարձությունները, մենք հնարավորություն ենք ունեցել տալ գնահատականներ։ Պատմության դասագրքերում տեղ գտած կեղծիքների հարցը իրավական ճանապարհով մենք վիճարկում ենք։ Մեր նպատակն այն է, որ մեր սերունդները ստանան իրական տեղեկություն, եւ մենք այդ դատական պրոցեսի ընթացքում կներկայացնենք անհրաժեշտ բոլոր տեղեկությունները, որոնք կհիմնավորեն մեր ասածները»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանը։
Նա, անդրադառնալով Եվլախի հանդիպմանը, ասաց, որ այն կրում էր միայն հումանիտար բնույթ, որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել այնտեղ։ ՀՀ իշխանության կողմից տարածված տեղեկությունները Եվլախի պայմանավորվածությունների մասին, ըստ Շահրամանյանի, կեղծիք են։
Սամվել Շահրամանյանն անդրադարձավ նաեւ մի ցավոտ հարցի, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին զոհվածների մարմինները չեն տեղափոխվել Հայաստան։ Հարազատները բազմիցս բարձրաձայնել են այս հարցը, Շահրամանյանն ասաց, որ բռնի տեղահանումից հետո հնչեցրել են այս հարցը, որ վերջին ագրեսիայի հետեւանքով զոհված եւ Արցախում հուղարկավորված 66 անձանց մարմինների արտաշիրմում իրականացվի։ Նրանք հուղարկավորված են եւ Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցում եւ շրջաններում։ «Մենք հարցը բարձրացրել ենք, որպեսզի արտաշիրմում իրականացվի, եւ տեղափոխվեն ՀՀ, հուղարկավորվեն Եռաբլուրում։ Հայաստանի իշխանությունների հետ ենք հարցը քննարկել, նաեւ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։ Եվ ստացել ենք նախնական համաձայնություն, բայց ցավոք սրտի մինչ օրս այդ գործընթացը տեղի չի ունեցել։ Ինչպես նաեւ գործընթաց պետք է տեղի ունենա մեր գերիների վերադարձի հետ կապված, անհետ կորածների ճակատագրերը պարզելու համար, բայց մինչ օրս այդ հարցերը լուծում չեն ստացել»,- նշեց նա։
Սամվել Շահրամանյանը նաեւ ասաց, որ Արցախի հայաթափման օրերին կապի մեջ է եղել Նիկոլ Փաշինյանի հետ․ «Մենք կապի մեջ էինք, ինչքան որ կապ կար օրերին եւ փորձում էինք համաձայնեցնել մեր գործողությունները»։ Հարցին, թե ի՞նչ գործողություններ էին փորձում համաձայնեցնել, նա պատասխանեց․ «Տարբեր հարցեր ենք քննարկել, հիմնականում հայտարարություններ, որոշումների հետ կապված»։
Կարդացեք նաև
Սամվել Շահրամանյանը հավելեց, որ Բաքվի բանտերում գտնվող հայ գերիների հարցով Արցախի իշխանությունները կապի մեջ են եղել ԱԱԾ նախկին տնօրեն Արմեն Աբազյանի հետ․ «Իր միջոցով փորձում էինք որոշակի կարգավորումներ ունենալ»։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե «Արցախը թոկ էր Հայաստանի վզին», Սամվել Շահրամանյանն ասաց․ «Արցախցին ամենաթանկն է վճարել, որպեսզի այսօր Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունենա»
Մանրամասները տեսանյութում
Սամվել Շահրամանյանը հայտարարեց, որ Արցախի հարցը միայն արցախցիների հարցը չէ, համահայկական հարց է։ Եվ ակնկալվում է, որ այս հարցի շուրջ կունենանք կոնսենսուս, որն այս պահին չկա։ «Տեսնում ենք տարբեր հայտարարություններով, որ կոնսենսուս չկա։ Արցախի հարցը չի կարող փակվել, քանի դեռ արցախցին զրկված է իր հայրենիքից, իր գերեզմաններից, իր սրբություններից։ Մենք համարում ենք, որ շուտ թե ուշ պետք է համապատասխան գնահատական ստանա այդ հարցը»,- ասաց նա։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ