«Սուտ է։ Ի՞նչ խաղաղություն թուրքի հետ։ 2000 տարի էդ ծրագիրն է գծած, որ Հայաստանը վերացնեն, ի՞նչ խաղաղության մասին է խոսքը։ Հիշեք Խրիմյան Հայրիկին՝ գնաց Բեռլին, դառավ, եկավ, ասաց, թե իմ շերեփը թղթից էր։ Էդ թղթի մեջ ի՞նչ կա։ Ուժն է ծնում իրավունք՝ Նժդեհն է ասել»,-20-րդ դարասկզբի եւ մերօրյա իրադարձությունների զուգահեռ-համեմատականները Թալին համայնքի Մաստարա բնակավայրի բնակիչ Հովհաննես Հակոբյանն է անում։
Հակադարձում է Նիկոլ Փաշինյանի հավաստիացումներին, թե խաղաղությունն արդեն եկել է Հայաստան․ «Խաղաղություն պիտի լինի մարդու հոգում եւ հայրենիքում․ հայրենիքը որ քանդվում է, մարդն էլ ի՞նչ խաղաղ զգա իրեն»։
Իր շփումների արդյունքում Հովհաննես Հակոբյանը եկել է այն եզրակացության, որ Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի նկատմամբ նախկին վերաբերմունքը չկա։ Առաջիկա ընտրություններում էլ, իր կարծիքով, ՔՊ-ն խորհրդարանում ներկայացված կլինի, բայց ամբողջական իշխանությունը չի կարողանալու վերցնել։
Առհասարակ, իր կարծիքով, այս ընտրություններում պետք է մեծ տեղ ունենան ազգային ուժերը։ Ինքն անձամբ Պարույր Հայրիկյանի եւ ԱԻՄ-ի համակիր է, բայց Ազգային ժողովրդավարական բեւեռին էլ է վստահում, բարերար Սամվել Կարապետյանից եւ նրա կողմից ստեղծվելիք ուժից էլ ծրագիր է պահանջում․ «Մենակ Պարույր Հայրիկյանով չէ, Սամվել Կարապետյանով չէ, պիտի լինի ազգային ուժեղ կոնսոլիդացիա։ Անձով չի, ծրագրով ու թիմով է։ Նշանակություն չունի՝ դաշնակ է, ԱԻՄ-ական, թե կոմունիստ։ Թիմ պիտի լինի՝ հայ ժողովրդին ու հայրենիքին նվիրված»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ