Ադրբեջանի ու ԵՄ-ի միջև տնտեսական հարցերով բարձր մակարդակի աշխատանքային խումբ կստեղծվի: Այս մասին տեղեկանում ենք X-ի իր միկրոբլոգում ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի գրառումից:
«Ակտիվ քննարկում ունեցա Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովի հետ։ Տարածաշրջանում խաղաղությունը շուկաների, առևտրի և ներդրումների հնարավորություններ է բացում։ Դրանք օգտագործելու համար մենք պայմանավորվել ենք բարձր մակարդակի տնտեսական աշխատանքային խումբ ստեղծել։ Կշարունակենք ամրապնդել մեր գործընկերությունը», – X-ում գրել է Մարթա Կոսը։
Հիշեցնենք՝ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը հանդիպել էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, այցելել օկուպացված Արցախ:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ակնայում Մարթա Կոսը, մասնավորապես, ասել է. «Խորապես տպավորված եմ Ղարաբաղում՝ Աղդամում գտնվելու կապակցությամբ։
Կարդացեք նաև
Անհավանական է, որ ձեր երկիրը վերականգնել է այս տարածքը, որը տարիներ շարունակ տառապել է պատերազմից։ Զարմացած եմ ձեր կառավարության խիզախությունից՝ ստեղծելու նոր քաղաքներ, որպեսզի մարդիկ կարողանան վերադառնալ այստեղ։
Կցանկանայի մի քանի կետ ընդգծել. նախ՝ ոչ մի պատերազմ լավ չէ, այն կյանքեր է կործանում։ Պատերազմը միշտ լի է ցավոտ հետևանքներով և խորը սպիերով։
Երկրորդ, եթե դուք խաղաղության կողմնակից եք, պետք է դադարեցնեք պատերազմը և աշխատեք խաղաղության համար։ Սա այն է, ինչ անում է թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը։
Երրորդ, Եվրամիությունը պատրաստ է օգնել այս հարցում»։
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ-ում ԵՄ պատվիրակության հաղորդագրությունից՝ Մարթա Կոսը սեպտեմբերի 19-ին և 20-ին Հայաստան կայցելի: