Լրահոս
Օրվա լրահոսը

100-ամյա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ոչ միայն նվերներ է ստանում, այլ ինքն է նվեր մատուցում երաժշտասեր հանրությանը

Սեպտեմբեր 19,2025 15:48

Aravot.am-ի զրուցակիցն է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի փոխտնօրեն Ալինա Ենգոյանը

Ալինա Ենգոյան

 

-Տիկին Ենգոյան, կարելի է ասել՝ 100-ամյա Ֆիլհարմոնիկ նվագախումբն առաջին անգամ նախորդ համերգաշրջանը փակեց և 100-րդը բացեց մարզերում:

-Կարելի է ասել նաև այդպես: «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրն իր ուրույն տեղն է զբաղեցնում այս տարի մեծ շուքով նշվող Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակի բուռն ու հավակնոտ ծրագրերի շարքում: Մարզերի հետ ամուր մշակութային կապի պահպանումն ու մշակութային կյանքի ակտիվացումը նվագախմբի որդեգրած մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է և ամեն ջանք ներդրվում է այս ծրագրի շարունակականությունն ապահովելու համար: Այս տարի հուլիսին միայն նվագախմբով համերգներ ունեցանք Չարենցավանում, Հրազդանում, Մեծամորում, Վաղարշապատում, Արտաշատում, Վերին Արտաշատում, իսկ սեպտեմբերին 6 համերգով հանդես եկանք Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերում: Իհարկե, շնորհակալ ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, որ այդքան մեծ ուշադրություն և աջակցություն է ցուցաբերում նվագախմբին բոլոր նախաձեռնություններն իրականացնելու հարցում, միևնույն ժամանակ ողջունելի է, որ մեծ ընկերությունները նույնպես անտարբեր չեն նվագախմբի գործունեությանը. Գորիսի և Սիսյանի համերգների կայացմանը աջակցություն է ցուցաբերել նաև «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ընկերությունը:

-Ասացեք խնդրեմ, այս տարի ինչ անակնկալներ են սպասվում «Երևանյան արդեն 17-րդ միջազգային փառատոնի շրջանակում»:

-Իհարկե,Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) հոբելյանական 100-րդ համերգաշրջանը պաշտոնապես բացվում է Երևանյան 17-րդ միջազգային երաժշտական փառատոնով, որը կանցկացվի սեպտեմբերի 19-ից նոյեմբերի 2-ը (2025): Այն հանդիսանում է Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված միջոցառումների առանցքային իրադարձությունը:

Մոտ երկու տասնամյակ է՝ Երևանյան միջազգային երաժշտական փառատոնը հանդիսանում է մեր երկրի գլխավոր մշակութային իրադարձություններից մեկը, որի գեղարվեստական ղեկավարներն են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը և թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը (Մեծ Բրիտանիա):

Սեպտեմբերի 19-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում փառատոնի և հոբելյանական 100-րդ համերգաշրջանի հանդիսավոր բացմանը ելույթ կունենա համաշխարհային հեղինակավոր բեմերը նվաճած, մեր շատ սիրելի ջութակահար Սերգեյ Խաչատրյանը՝ հռչակավոր ֆինն դիրիժոր Պիետարի Ինկինենի ղեկավարությամբ: Ծրագրում կհնչեն հանճարեղ գլուխգործոցներ՝ Յան Սիբելիուսի Ջութակի կոնցերտը, «Ֆինլանդիա» սիմֆոնիկ պոեմը և Գուստավ Մալերի թիվ 1՝ «Տիտան» սիմֆոնիան:

-Նորություն չէ աշխարհահռչակ երաժիշտներին տեսնել մեր Ֆիլհարմոնիկի հետ, մեզ հասած տեղեկություններով Սերգեյ Խաչատրյանից հետո «հերթի մեջ է» Ջուլիանա Գրիգորյանը:

-Երևանյան 17-րդ միջազգային երաժշտական փառատոնի կարևոր համերգներից են սեպտեմբերի 20-ին ՀՀ Անկախության օրվան նվիրված համերգը, որտեղ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ հանդես կգան միջազգային նշանակալի կարիերա կերտող սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը և սիրված դաշնակահար Արմեն Բաբախանյանը:

Համերգի մեկնարկից առաջ ՀՀ կառավարությունը Մատենադարանին կընծայաբերի միջնադարի նշանավոր մատենագիր Սարգիս Շնորհալու «Մեկնութիւն յոթ Կաթողիկէ թղթոց» աստվածաբանական և ձեռագրագիտական բացառիկ արժեք ունեցող աշխատությունը (13-14-րդ դդ.):

Փառատոնի կուլմինացիոն կետերից է հոկտեմբերի 21-ին, «Կարեն Դեմիրճյան» մարզահամերգային համալիրում մեր ժամանակների լավագույն, աստղային տենորներից Վիտտորիո Գրիգոլոյի մասնակցությամբ շքեղ գալա-համերգը: Իսկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգան աշխարհահռչակ ջութակահարներ Վիլդե Ֆրանգը, Բայբա Սկրիդեն, «Բորոդին» քառյակի ելույթով կնշվի քառյակի 80-ամյակը, փառատոնի փակման համերգը կնշանավորվի մեկ այլ հայազգի վիրտուոզի՝ դաշնակահար Եվա Գևորգյանի ելույթով՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

-Հետաքրքիր է, մեր հոբելյարը՝ հանձին Ֆիլհարմոնիկի, սպասու՞մ է նվերների:

 –Այո, այն էլ ինչպիսի: Կարևոր իրադարձություն է Երվանդ Երկանյանի սիմֆոնիկ «Ձոն»-ի համաշխարհային պրեմիերան, որը կոմպոզիտորը նվիրել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին: Առհասարակ, փառատոնի ծրագիրը բազմազան է, կհնչեն Մալերի, Ռիմսկի-Կարսալովի, Ռախմանինովի, Շոստակովիչի, Պրոկոֆևի, Խաչատրյանի, Բաբաջանյանի, Բարտոկի, Բրիտենի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները:

-Նաև գիտենք, որ Ֆիլհարմոնիկը ոչ միայն նվերներ է ստանում, այլ ինքն է նվեր մատուցում երաժշտասեր հանրությանը, ինչի մասին խոսում են ոչ միայն Երևանը, այլ միջազգային ԶԼՄ-ները:

-Հասկանալի է, ինչի մասին եք ակնարկում: Իսկապես, մեծ իրադարձություն են լեգենդար դիրիժոր Վալերի Գերգիևի համերգները, որոնք անցնում են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակի շրջանակում: Հոկտեմբերի 1-ին նրա ղեկավարությամբ տեղի կունենա աշխարհահռչակ Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի, իսկ հոկտեմբերի 2-ին՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի համերգները:

Ինչպես տեսնում եք, ծրագրերը մեկը մյուսից իրադարձային են, այնպես որ սպասում ենք մեր մայրաքաղաքի երաժշտասեր հանրության ակտիվ ներգրավվածությունը:

Զրուցեց՝ Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930