Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ուշադիր եք, Նիկոլ Փաշինյանն ու նրա վարչակազմի ոչ մի անդամ երբեք չեն ասում, թե ադրբեջանցիների բնակեցում ՀՀ-ի տարածքում չի լինելու»․ քաղաքագետ

Մարտ 03,2026 20:35 Share

Օրերս Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր, «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» նախագահ Ազիզ Ալեքբերլին հերթական անգամ իր վստահությունն է հայտնել այն մասին, որ այսպես ասած «Արևմտյան Ադրբեջանի» փախստականները 30 տարվա բաժանումից հետո կվերադառնան իրենց պատմական հողեր։ Դա, ադրբեջանցի պատգամավորի ձևակերպմամբ, նրանց անօտարելի իրավունքն է։

«Արևմտյան Ադրբեջանում մեր տներն ու հողերն են, և փախստականները նույնպես կվերադառնան իրենց նախնիների տարածքներ։ Մենք վստահ ենք դրանում»,- հայտարարել է նա։

Նշենք, որ մինչ այս հայտարարությունն արդեն իսկ ռուսական անձնագրերով ադրբեջանցիները հայտնվել էին Գյումրիում, Ամասիայում, նկարահանել էին իրենց այցը՝ ցուցադրելով Գյումրու կենտրոնը, Ամասիայի կառույցները ու նշելով, որ իրենց տներն ու գերեզմաններն այստեղ են։

Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանն ասաց՝ որքան էլ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հայ ժողովրդին փորձի համոզել, թե խաղաղությունը եկել է, Ադրբեջանը ոչ մի գնով չի հրաժարվելու իր հակահայկական, ծավալապաշտական նկրտումներից։

Պաշտոնական Բաքուն, ըստ նրա, անհամբեր սպասում է Նիկոլ Փաշինյանի վերարտադրմանը, որպեսզի իրագործել տա նաև 5-րդ շանտաժ-նախապայմանը, այն է՝ 300-400 հազար ադրբեջանցիների բնակեցումը այսպես ասած «Արևմտյան Ադրբեջանում», այսինքն՝ Հայաստանի բուն տարածքում։

«Իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մանիպուլացնում, խաբում են հայ հասարակությանը, թե իբր Ադրբեջանի հետ խաղաղություն է հաստատված, սահմանին զոհեր չկան, ամեն ինչ շատ լավ է։ Սահմանին զոհեր չկան, որովհետև Ադրբեջանին անհրաժեշտ է Նիկոլ Փաշինյանի վերարտադրումը։

Ադրբեջանն իրականում իր ծավալապաշտական և հակահայկական արտաքին քաղաքականությունից չի հրաժարվել, շարունակում է առաջ տանել իր արտաքին քաղաքական կարևոր գծերից մեկը, այն է՝ Հայաստանն Արևմտյան Ադրբեջան է, և հենց այս տեսանկյունից էլ պիտի դիտարկել Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր, «Ենի Ազերբայջան» կուսակցության անդամ, «Արևմտյան Ադրբեջանի համայնք» հասարակական կազմակերպության ղեկավար Ազիզ Ալեքբերլիի հերթական հարցազրույցը, որտեղ ինքն ասել է, որ Արևմտյան Ադրբեջանի բոլոր փախստականները պետք է վերադառնան իրենց պատմական վայրեր։

«Արևմտյան Ադրբեջան» ասելով՝ նրանք հասկանում են Հայաստանի Հանրապետության ներկայիս տարածքը և ադրբեջանցիներին ներկայացնում են որպես բնիկներ»,- ասում է Գագիկ Համբարյանը։

Ըստ նրա, պաշտոնական Բաքվում անհամբեր սպասում են Նիկոլ Փաշինյանի վերարտադրմանը, որովհետև այդ դեպքում կիրագործվի նաև իրենց համար անչափ կարևոր 5-րդ նախապայմանը։

«Եթե 5 նախապայմաններից 4-ը որոշ չափով Նիկոլ Փաշինյանն իրականացրել է, դա և հայկական բանակի թուլացումն է, և Ադրբեջանին այսպես ասած փոխհատուցում տրամադրելն է, և Սահմանադրության փոփոխությունն է, և Զանգեզուրի միջանցքի բացումն է, ապա 5-րդ շանտաժ-նախապայմանը, որը հնչել է անցած տարվա փետրվարին Ադրբեջանի նախագահի կողմից վերահսկվող «Բաքու TV» կայքում, 300-400 հազար ադրբեջանցիների այսպես կոչված վերադարձն է «Արևմտյան Ադրբեջան»։ Այսինքն՝ դա 300-400 հազար ադրբեջանցիների բնակեցումն է Հայաստանի Հանրապետության տարածքում։

Այս ծրագրի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը դեռ ոչինչ չի արել, բայց Ադրբեջանում սա կոնկրետ առաջ են տանում՝ հայտարարելով, թե միևնույնն է, պիտի լինի։

Եթե ուշադիր եք եղել, Նիկոլ Փաշինյանն ու նրա վարչակազմի ոչ մի անդամ երբեք չեն ասել, որ նման բան չի լինելու։

Այսինքն՝ վաղը մյուս օր, եթե, Աստված չանի, իրենք վերարտադրվեն, շատ հանգիստ կարող են այս նախապայմանը ևս իրագործել։

Մինչև պաշտոնական Բաքուն այսպիսի ագրեսիվ ու հակահայկական հայտարարություններով է հանդես գալիս՝ կրկին Հայաստանի գոյությունը կասկածի տակ դնելով, պաշտոնական Երևանում ծպտուն չեն հանում բուն Ադրբեջանը՝ Բաքուն, Գանձակը, Սումգայիթը լքած 350 հազար հայերի և նրանց սերունդների վերադարձի մասին։

Բացարձակ անդրադարձ չեն կատարում նաև Արցախը լքած 150 հազար հայերի վերադարձի մասին։

Էդ բոլոր կեղծ թեզերը, թե մենք չենք բարձրաձայնի արցախահայերի վերադարձի հարցը, իսկ Ադրբեջանն էլ թող չբարձրաձայնի «Արևմտյան Ադրբեջան» եզրույթը, սա ի սկզբանե կեղծիքը պատմական արդարության կողքին դնելու ստոր քայլ է, թեև Նիկոլ Փաշինյանի այս առաջարկը Բաքվում արհամարհվեց»,- ասում է Գագիկ Համբարյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031