-Երկրորդ վկան բավականին ուշագրավ տեղեկություններ հայտնեց դատարանին՝ նշելով, որ զոհվածներից մեկի կամ մի քանիսի հագին եղել են ձմեռային բաճկոններ: Եթե հավատանք վարույթ իրականացնող մարմնի առաջ քաշած վարկածին, ապա տղաները 21:00-ի անվանականչից հետո քնել են, իսկ դեպքը տեղի է ունեցել գիշերը 24:00-ից հետո: Եթե մի պահ ընդունենք, որ այդպես է եղել, ապա տրամաբանական հարց է առաջանում ՝ ձմեռային բաճկոն հագած ու զոհված զինվորն ինչպես կարող էր այդ վիճակում լինել,- Aravot.am-ին ասաց Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի ու դրա հետեւանքով 15 զինվորի մահվան գործով տուժողների ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանը:
Ըստ նրա՝ կարեւոր էր նաեւ վառարանի մոտ հայտնված զինվորի դիակի հանգամանքը, որը կրկին նշեց այսօր հարցաքննված վկան. «Դա նշանակում է, որ կամ այդ զինծառայողը չի գտնվել հիմնական կացարանում մնացած 14 զինվորների հետ կամ գտնվել է նրանց հետ, բայց ինչ-որ եղանակով հաջողվել է դուրս գալ կացարանից, հայտնվել վառարանի մոտ: Սրանք հարցեր են, որոնց պատասխանը վարույթ իրականացնող մարմինը նախաքննության փուլում չի տվել: Մենք ուզում ենք հասկանալ, եթե վառարանի մոտ հայտնաբերված ու զոհված զինծառայողը, եթե մի պահ ընդունենք, որ գտնվել է զինծառայողների հիմնական կացարանում, ինչպես է նրան հաջողվել դուրս գալ այդ կացարանից ու հայտնվել վառարանի սենյակում, իսկ եթե լրիվ այլ տեղ է եղել, վառարանի սենյակում ինչպես կարող էր անձը այդ մակարդակի թունավորվել, երբ հանգիստ կարող էր հանգիստ դուրս գալ մուտքի դռնից ու փրկվել»:
Երբ այսօր գործով վկա, ավագ հրշեջ փրկարար Հայկարամ Վարդանյանը պատմում էր, որ երկու զինվորի է մահճակալի տակ տեսել իրար փաթաթված եւ իր տպավորությամբ ծխից պաշտպանվելու համար են զինվորներն այդտեղ հայտնվել, Նորիկ Նորիկյանը այսպես արձագանքեց. «Այսինքն՝ մահճակալի տակ հայտնվել են կենդանության օրոք, իրենց կամքո՞վ: Շատ էական բան եք ասում: Այդ դեպքում հարց է առաջանում, եթե կարող էին, գիտակից են եղել, երեք հոգով մտել են, փաթաթվել են մահճակալի տակ, չգիտեմ՝ ինչ տրամաբանություն, ինչո՞ւ միջոցներ չեն ձեռնարկել դուրս գան: Այդ երեք հոգին իրար փաթաթված, որ խփեին ճաղավանդակին, հավաստիացնում եմ՝ ճաղավանդակները կպոկվեին: Առավել եւս, որ ըստ վարույթի նյութերի, դրսում եղել են մարդիկ, որ օգնել են, դեռ երկուսին էլ հաջողվել է դուրս գալ»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է վառարանի մոտ հայտնված զինվորին՝ դատաքննության ժամանակ եւս պարոն Նորիկյանը չկարողացավ ստանալ իր հարցի պատասխանը՝ ինչպես կարող էր զինվորը հայտնվել վառարանի մոտ. «Ես ուզում եմ Ձեր միջոցով ստանալ այս հարցի պատասխանը՝ զոհված զինվորը ինչպե՞ս է հայտնվել վառարանի մոտ: Զինծառայողներից մեկին հաջողվել է կացարանից դեպի վառարան եկող տարածք հասնել։ Հետևաբար, եթե մի տղայի հաջողվել է դուրս գալ, ապա այս քրեական վարույթի տրամաբանությունը հերքում է այն վարկածը, որ դուռը հնարավոր չի եղել բացել, ճաղավանդակներից են փորձել հանել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ