2023 թվականի սեպտեմբերի 19-ին տեղի ունեցավ Արցախի Հանրապետության վրա Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակում, որի արդյունքում ավելի քան 120 հազար արցախցիներ բռնի տեղահանվեցին:
Այս ողբերգության երկրորդ տարելիցի օրը ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Հայելի» ակումբում ասաց. «Արցախցիները ինչ-որ առումով «երջանիկ» էին: 500 մարդու կորուստ եւ, ի վերջո, կարողացան գաղթել Հայաստան: Հայաստանի՞ բնակչությունն ուր է գաղթելու: Գաղթելու տեղ չունի: Հաջորդ պատերազմական գործողությունները պետք է լինեն Հայաստանում՝ դա պարզ է: Այդ գործողությունների վրա մի վերջին կաթիլ կլինի, այսպես կոչված, Թրամփի ճանապարհը, որով, փաստորեն, միջանցք է տրամադրված, եւ այդ միջանցքի թղթի տակ ստորագրել է Ադրբեջանը:
Ի՞նչ գործ ունի Ադրբեջանի ստորագրությունը հայկական տարածքի որեւէ կարգավիճակի հետ կապված թղթի վրա: Դա արդեն դամոկլյան սրի նման մեր գլխին կախված է: Մենք անընդհատ ասելու ենք՝ Նիկոլ Փաշինյանը ստից խոսում է, ասում ինքնիշխան, բայց պարզվում է, որ այնտեղ ոչ մի մաքսատուն, ոչ մի սահմանապահ չպիտի լինի: Ադրբեջանն էլ ասում է՝ հաա, ինքնիշխան-ինքնիշխան, բայց ես եմ տակը ստորագրել եւ այդ տարածքում, այդ միջանցքում ինչ ուզեմ՝ պիտի անեմ:
Զենքերը արագ կտեղափոխեն Նախիջեւան, Նախիջեւանից՝ Երասխ: Թուրքիայից զենքերը նորից կմտնեն Նախիջեւան: Ու այս բոլորը թողած, մենք ինչ-որ խրախճանքով ենք զբաղված՝ ի՞նչ անենք, որ իշխող վերնախավն ինչ ուզենա, ոնց ուզենա, ծախսի: ՔՊ-ից դուրս քաղաքական ուժերի մի զգալի մասն էլ որոշում է կպնել իրենց՝ մասնակցելու այդ հարստացմանը, այդ կոռուպցիային: Մենք իջեցնում ենք բանակի ծախսերը, ասում՝ բանակը մեզ պետք չի: Ավելի ճիշտ՝ բանակը մեզ պետք է եւ երբ ադրբեջանցիները գան, մեր զինվորները տուրիստական գիդի նման կառաջարկեն իրենց ծառայությունները:
Կարդացեք նաև
Փաստորեն, մենք սա ենք ասում, իսկ այնտեղ բարձրացնում են բանակի ծախսերը մի տարվա մեջ 22 %-ով՝ ընդհանուր առմամբ հասցնելով $ 5 միլիարդ 200 միլիոնի: Նույնիսկ այս պատերազմի ժամանակ Իսրայելից օդանավը՝ օդանավի հետեւից զենքերով նստում էր Բաքվի օդանավակայան: Իսկ մենք նույնիսկ մտածում ենք՝ բանակը կրճատենք: Թեորիա էլ ենք հորինել: Ասում ենք՝ բանակը չի անվտանգության երաշխավորը: Այսինքն, Նապոլեոն, Բիսմարկը, Ստալինը, Ռուզվելտը սխալ էին ու ճիշտ է այս տեսությունը, որ մշակել է Նիկոլ Փաշինյանը, թե անվտանգության երաշխիքը Արարատ Միրզոյանն է՝ մտքի այդ հանճարը:
Այս բոլորի համար հայ ժողովուրդը կվճարի: Նիկոլականներն արել են լավ հաշվարկ, որ ի վերջո իրենք չեն վճարելու այս ամեն ինչի համար: Իրենք բոլորը կհասցնեն փախչել. Փախչելու տեղ ունեն, ապրուստ ունեն հնարավորություն ունեն: Իսկ մինչ այդ, պետք է ասել, որ ամեն ինչ շատ լավ է գնում, կա «իրական Հայաստան»: Իսկ երբ հարցնում ես՝ ո՞րն է «իրական Հայաստանը», ասում է՝ այն, ինչը մտնում է այսօրվա սահմանների մեջ: Հարցնում ես՝ ո՞րն է այսօրվա սահմանը, պատասխանում է. «Դա մենք քննարկում ենք Ադրբեջանի հետ»: Մարդը քննարկում է: Ասում ես՝ Ադրբեջանը 1988-ի հունվարի 12-ին ստորագրել է մեր սահմանները, ի տարբերություն Վրաստանի ու Թուրքիայի, Իրանի, պատասխանում է. «Չէ: Ադրբեջանն ասում է, թե մուսաֆաթական Ադրբեջանի իրավահաջորդն է: Իսկ մուսաֆաթական Ադրբեջանում Հայաստան չկա»,-հիշեցրեց Հրանտ Բագրատյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ