Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ն վստահելի գործընկեր է Հայաստանի սոցիալ-տնտեսական դիմակայունության ամրապնդման, տարածաշրջանային կայունության ամրապնդման ճանապարհին․ Մհեր Գրիգորյան

Սեպտեմբեր 19,2025 18:10

«Վերջին տարիներին Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները նոր որակ ու խորություն են ձեռք բերել։ Գոհունակությամբ արձանագրում ենք, որ մեր երկկողմ հարաբերությունների օրակարգը համալրվել է նոր, կարեւոր բաղադրիչներով, այդ թվում՝ քաղաքական եւ անվտանգության երկխոսության մեկնարկով: Դրա վառ ապացույցն է մեր գործընկերության նոր օրակարգի շուրջ ձեռք բերված քաղաքական համաձայնությունը»,-սեպտեմբերի 19-ին Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետի տեղակալ Մհեր Գրիգորյանը:

Վերջինս հույս հայտնեց, որ Հայաստանի նոր օրակարգն այս տարի Բրյուսելում կայանալիք Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի հավանությանը կարժանանա: «Վստահ եմ, որ այս գործընթացը կնպաստի մեր հարաբերությունների հետագա խորացմանը, ինչպես նաեւ Հայաստանի ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումների առաջընթացին»,- մասնավորապես նշեց Մհեր Գրիգորյանը։

Փոխվարչապետը կարեւորելով ԵՄ լավագույն փորձի տեղայնացումը՝ որպես բարեփոխումների օրակարգի անբաժանելի մաս, հավաստիացրեց հետեւողականորեն շարունակվելու են աշխատանքները համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք իրագործման ուղղությամբ։ «Հայաստանի կառավարությունը բարձր է գնահատում Եվրամիության շարունակական աջակցությունը։ ԵՄ-ն վստահելի գործընկեր է մեր երկրի սոցիալ-տնտեսական դիմակայունության ամրապնդման, ինստիտուցիոնալ բարեփոխումների եւ տարածաշրջանային կայունության ամրապնդման ճանապարհին: Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանային կապակցվածության օրակարգին»,- հայտարարեց Մհեր Գրիգորյանը:

Անդրադառնալով Վաշինգտոնում եւ Բրյուսելում կայացած բարձր մակարդակի հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածություններին, Մհեր Գրիգորյանը հատկապես կարեւորեց խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն ու եռակողմ հռչակագիրը, որոնք ըստ Մհեր Գրիգորյանի «մեզ նոր հնարավորություններ են տալիս ենթակառուցվածքների ապաշրջափակման, խաղաղության խաչմերուկ նախաձեռնության եւ TRIPP նախագծի առաջ մղման համար»։

«Այս նախաձեռնությունները միմյանց փոխլրացնող են եւ մեր կարծիքով ներդաշնակ են «ԵՄ գլոբալ դարպաս» ռազմավարության հետ։ Այդ առումով այսօր երկուստեք կարեւորեցինք ԵՄ աջակցությունը՝ միտված տարածաշրջանի կայուն զարգացմանը։ Արձանագրեցինք նաեւ, որ երկկողմ հարաբերությունների առանցքային բաղադրիչներից է վիզաների ազատականացման գործընթացը։ Գոհունակությամբ ընդգծեցինք այս ուղղությամբ մինչ օրս գրանցած առաջընթացը։ Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերով կունենանք շոշափելի ձեռքբերումներ»,–իր խոսքը եզրափակեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930