«Սա հասարակությանը մոլորեցնելու, ընդդիմության առաջնորդների, «Դաշնակցության», «Հայաստան» դաշինքի նկատմամբ բացասական վերաբերմունք ձևավորելու միտում ունի»,- անդրադառնալով ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ եւ պաշտպանության ու բնապահպանության նախկին նախարարներ Սեյրան Օհանյանի եւ Արծվիկ Մինասյանի, ինչպես նաեւ՝ Աշոտ Գրիգորյանի, Լևոն Բարսեղյանի, Բենիամին Ղալեչյանի եւ Էդգար Գրիգորյանի գործին՝ ՀՀ Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Հիշեցնենք, ԱԺ-ն բավարարել էր Սեյրան Օհանյանի եւ Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու՝ գլխավոր դատախազի միջնորդությունը։ Սեյրան Օհանյանի եւ Արծվիկ Մինասյանի նկատմամբ կիրառվել էր խափանման միջոց՝ ՀՀ-ից բացակայելու արգելքը։
Գործի նախաքննությունն օրերս ավարտվել էր եւ ուղարկվել դատարան։ Սեյրան Օհանյանը մեղադրվում է Սեւանի ափին ապօրինի դղյակ կառուցելու մեջ, իսկ Արծվիկ Մինասյանը՝ ապօրինի շինարարության թույլտվություն տալու մեջ։ Երկուսն էլ չեն ընդունում մեղադրանքը, կատարվողը համարում են քաղաքական հետապնդում։
Ըստ Արթուր Խաչատրյանի՝ մեղադրանքի մասին նույնիսկ գլխավոր դատախազը ԱԺ-ում, երբ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ էր հանդես գալիս, հոդաբաշխ ու համոզիչ որևէ բան չասաց․ «Սա քաղաքական հետապնդման երկար շարքի օղակներից մեկն է, որն ունի մեկ նպատակ՝ լռեցնել, թուլացնել ընդդիմությանը։ Կարծեմ իշխանության համար պարզ պետք է լիներ, որ նման շինծու մեղադրանքներով, դատական գործընթացներով, քաղաքական շուոներով չեն կարողացել մինչ այս պահը որևէ հաջողություն արձանագրել և ապագայում նույնպես չեն կարողանա որևէ հաջողություն արձանագրել»։ Արթուր Խաչատրյանը վստահեցրեց՝ «ապագայում կարվող գործերը ևս որևէ հաջողություն չեն ունենալու»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ