«Պարտադրված սահմանադրության վերաձեւումների կանխարգելումը թեմայով» կլոր սեղանի շուրջ հրավիրված քննարկման կազմակերպիչներից ԱԺԲ խորհրդի անդամ, նախկին դեսպան Արա Պապյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Այսօր հասարակական-քաղաքական գործիչներս եւ տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ հավաքվել ենք այստեղ, որպեսզի քննարկենք մեր երկրի առջեւ ծառացած բազմաթիվ խնդիրներ: Մասնավորապես եւ հատկապես, Սահմանադրության պարտադրված փոփոխության հարցը: Այստեղ ես ուզում եմ շեշտել «պարտադրված» բառը, որովհետեւ մեզ համար ընդունելի չի մի բանը, որը պարտադրվում է: Հատկապես ակնհայտ է, որ դա արվում է, որպեսզի հղումը Անկախության Հռչակագրին մեր սահմանադրությունից հանվի:
Դրա համար մենք այստեղ հիմա պիտի փորձենք միասնաբար գտնել ելք՝ պայքարել դրա դեմ, նաեւ ցույց տալ հասարակությանը, որ սա անվերջ է լինելու: Այսինքն, եթե դու թշնամու պարտադրանքներին ենթարկվում ես եւ զիջումների ես գնում, դա անընդմեջ ու շարունակվելու է»:
Անդրադառնալով ամենօրյա ռեժիմով իշխանության կողմից հրամցվող քարոզչական թեզին, թե եթե սահմանադրությունը չփոխվի, պատերազմ կլինի, դիվանագետը ասաց. «Պատերազմ միշտ է հնարավոր: Փոխած սահմանադրությամբ, առանց սահմանադրության կամ առանց փոխած սահմանադրության: Եթե թշնամիդ ցանկություն չունի խաղաղության, հազար տեսակ պատրվակ է գտնելու:
Հիշեցնեմ, որ սա ոչ առաջին, ոչ վերջին պարտադրանքը, զիջումն է: Հետեւաբար, ինչպես ասացի, անվերջ է լինելու: Խաղաղության միակ երաշխիքը ռազմաքաղաքական հավասարակշռության հաստատումն է, որն ունի տարբեր բաղադրիչներ՝ սեփական զինված ուժերի մակարդակը այն աստիճանի հասցնելը, որ թշնամին երկար մտածի՝ պատերազմ սանձազերծի, թե ոչ, դաշնակցային հարաբերություններն են տարբեր ուժային կենտրոնների եւ երկրների հետ: Այս ամբողջը պիտի արվի, թե չէ զիջումներով ու քծնանքով որեւէ բան չի լինի հաստատ»:
Կարդացեք նաև
Դիտարկմանը, թե սահմանադրությունը կարող է փոխվել հանրաքվեով: Ժողովուրդը կգնա՞ այդ քայլին, Արա Պապյանը պատասխանեց. «Ժողովուրդը կարող է դրան չգնալ: Բայց իշխանությունները, տարբեր քվեարկությունների կեղծման փորձ ունեն: Եվ ասեմ ձեզ, որ Նիկոլ Փաշինյանը վարպետ է: Երբ ասում ենք կեղծիք, շատերը հասկանում են, թե անպայմանորեն պետք է լցոնումներ կատարվեն: Միայն դա չի: Երբ որ դու մի բան ես խոստանում ժողովրդին եւ անում ես դրա հակառակը, դա էլ կեղծիք է: Խաբել ես: Եվ խաբել ես ամենահիմնարար հարցում:
Բնականաբար, իրենք ներկայացնելու են այս ամբողջը այն տեսանկյունից, որ սա բերում է խաղաղություն: Ստացվում է, որ սա պարտադրանք է: Բայց այս ամբողջը սադրանք է: Կրկնում եմ, եթե թշնամիդ չի ուզում խաղաղություն, որ դու այնքան թույլ ես, որ չես կարող այդ խաղաղության տեր կանգնել, ապա խաղաղություն չի լինելու, անկախ, թե քանի քայլ կզիջես:
Հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը շատ ավելի ազատ ու անկաշկանդ է իր մտադրությունների մասին խոսում, հիմա արդեն ամեն ինչ բացահայտ ասում է, Արա Պապյանը պատասխանեց. «Ինքը հասկացել է, որ այլեւս չունի ժողովրդի աջակցությունը, հետեւաբար, ժողովրդին առանձնապես խաբելու կարիք չունի: Հիմա ինքը ամբողջովին ապավինում է դրսի ուժերին, մասնավորապես, Անկարային եւ Բաքվին: Եվ, վստահ եմ, հիմա աշխատանք է տանում, որպեսզի դրանց մեջ լինի նաեւ Մոսկվան: Ինքը հիմա բանակցություններ է վարում Մոսկվայի հետ՝ ներկայացնելու համար, թե տեսեք, ինչ ուզում եք, անում եմ, բոլորն անընդհատ խոսում են, թե մենք գնում ենք Եվրոպա, բայց այդ ուղղությամբ ոչինչ չեմ արել: Եվ ինքը ճիշտ է: Ինչպես Եվրամիության դեսպանը ասաց, Եվրամիությանն անդամակցելու համար առնվազն դիմում է պետք ներկայացնել: Դուք դա էլ չեք արել:
Փաշինյանի՝ չապավինելը այս ժողովրդին կապված է իր ռեյտինգի կտրուկ անկումով եւ արտաքին ուժերին ապավինելով»,-ասաց Արա Պապյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ