Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է Գյումրու Մուշ թաղամասում հայրասպանության մեջ կասկածվողը և ի՞նչ է պատմել ոստիկանությանը

Սեպտեմբեր 19,2025 22:05

Գյումրու ոստիկանության Մուշ բաժնի աշխատակիցներն այսօր բացահայտել են Մուշ թաղամասում դեռ մարտ ամսին կատարված մի դաժան սպանություն, որի մեջ կասկածել են որդուն։

Նրան հայտնաբերել են, ձերբակալել, տեղափոխել ոստիկանություն, որտեղ էլ փաստերի ճնշման ներքո ինքնախոստովանական ցուցմունք է տվել։

Դեպքի վայրում աշխատող Shamshayan.com-ը գրել էր, որ Գյումրիում բնակվող 30-ամյա Ա. Գ.-ն, մարտի 19-ի՝ լույս 20-ի գիշերը, իրենց տանը վիճաբանել էր հոր՝ 64-ամյա Գ. Գ.-ի հետ, ինչը վերածվել էր քաշքշուկի և ավարտվել սահմռկեցուցիչ սպանությամբ։

Երիտասարդն, ըստ Գագիկ Շամշյանի, հոր մարմինը մեկ օրից ավել պահել էր տանը, փոխել էր շորերը, նոր շորեր հագցրել, փաթաթել պոլիէթիլենային տոպրակով, սավաններով և հաջորդ օրը գիշերը տանից հանել ու տեղափոխել էր Մուշ թաղամասին հարակից դաշտ։ Մի փոքր փոս էր փորել, մարմինը նետելով փոսի մեջ՝ հողով ու քարերով փակել էր, իսկ արյունոտված շորերն ու հանցագործության գործիք դանակը՝ նետել աղբաման։

Aravot.am-ին հայտնի դարձավ, որ այս մարդիկ Արցախից բռնի տեղահանված են, նրանք վարձով են բնակվում Մուշ թաղամասում։ Նկատենք, որ վարձակալած բնակարանը չորրորդ հարկում է ու թե ինչպես ու ում օգնությամբ է որդին հոր մարմինը գիշերով քարշ տվել շենքից ոչ հեռու գտնվող դաշտ, դա կպարզեն իրավապահները, գուցե միայնակ չի՞ գործել։

Հայրը, ըստ որոշ տեղեկությունների, հոգեկան առողջական խնդիրներ ունի։

Տղան ոստիկաններին ասել է, որ վիճաբանել է հոր հետ, երբ նրան խփել է ու գետին գցել, հայրը ինքն է դանակը վերցրել ու իրեն սպանել։ Իհարկե, այս ամենը կպարզի դատաբժշկական փորձաքննությունը։

Տանը բնակվել են հայրը, մայրը և որդին։

Որդին հոր սպանությունից հետո էլ շարունակել է ապրել իր բնականոն կյանքով, մինչև որ իրավապահները օպերատիվ տվյալների հիման վրա նրան բերման են ենթարկել ու ձերբակալել Մուշ թաղամասից ոչ հեռու գտնվող վթարային հանրակացարանների մոտից։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930