2023 թ. օգոստոսին պատահաբար տեղեկացա, որ հաշիվներիս վրա առկա է 6.000.000 ՀՀ դրամի արգելանք։ Հետո բացահայտեցի, որ ոմն Դանիել Իոաննիսյան իրեն զրպարտված է համարել իմ եւ Նաիրի Հոխիկյանի կողմից, եւ մեր երկուսի դեմ հայց է ներկայացրել, յուրաքանչյուրիցս պահանջելով 6.000.000 ՀՀ դրամ։
Ես այդ անձին ճանաչում էի բացառապես դատական պրոցեսի շրջանակներից, իսկ մասնավորապես, հանդիսացել էի Նաիրի Հոխիկյանի ներկայացուցիչն ու ունեցել բավարարված, օրինական ուժ ստացած հայց, որի հետեւանքով այդ անձը պետք է հրապարակավ ներողություն խնդրեր, հերքեր զրպարտությունն ու տրամադրեր դրամական հատուցում։ Ինձ համար առավել տարօրինակ եւ անհանգստացնող էր, որ դատարանը բավարարել էր չհիմնավորված հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը։
Բնականաբար, ՀՀ փաստաբանների պալատի արձագանքը չուշացավ, որի համար շնորհակալ եմ պալատին, ի դեմս` Սիմոն Բաբայանի:
Հայցի ապահովման միջոցը վերացվեց կարճ ժամանակ անց, բայց հետաքրքիրը դեռ առջեւում էր, քանի որ հայցադիմումից պարզ դարձավ, որ հայց ներկայացրած անձը իմ կողմից իրեն զրպարտված է համարել զուտ այն հանգամանքից ելնելով, որ ես գիտեմ մի շարք նորմեր, եւ դա դեռ քիչ է` գիտեմ նաեւ դրա կիրառման ձեւն ու վրա հասնող հետեւանքը։
Կարդացեք նաև
Գրեթե 1 տարի տեւած դատավարությունից հետո դատարանն ամբողջությամբ մերժեց իմ դեմ ներկայացրած հայցը, եւ մասամբ բավարարեց Նաիրի Հոխիկյանի դեմ ներկայացրած հայցը։ Իմ կողմից չհրապարակվեց վճիռը, քանի որ կիսատ գործեր չեմ սիրում, իսկ այդ գործով ես դեռ անելիքներ ունեի։
Ներկայացվեց վերաքննիչ բողոք` Նաիրի Հոխիկյանին վերաբերվող պահանջի բավարարման վերաբերյալ։
2025 թվականի սեպտեմբերի 5-ի ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշման համաձայն` մերժվեց նաեւ Ն. Հոխիկյանի դեմ ներկայացված հայցը, եւ հիմա արդեն հանգիստ կարող եմ ասել` հերթական հաղթանակ։
Չգիտեմ, Վճռաբեկ բողոք կներկայացվի, թե ոչ, բայց մի բան հաստատ գիտեմ, որ վաղ թե ուշ արդարությունը վերականգնվելու հատկություն ունի։
Իսկ այս ամենի շնորհիվ ես եւս մեկ անգամ զգացի իմ իրական ընկերների եւ անգամ անծանոթ գործընկերների, փաստաբանական համայնքի մեծամասնության անվերապահ աջակցությունը։
Ես մեկ անգամ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր առաջարկեցին իրենց օգնությունը։ Պատասխանս մշտապես նույնն է եղել, եւ ես ճիշտ էի։
Բոլորիս ցանկանում եմ ողջախոհություն եւ չափի զգացողություն:
Լուսինե ՎԻՐԱԲՅԱՆ
Փաստաբան
«Առավոտ» օրաթերթ
18.09.2025