«Ես չեմ կարող մոռանալ, որ 2019 թվականին հայտարարել եմ «Արցախը Հայաստան է և վերջ». առիթներ ունեցել եմ իմ այս արտահայտությանը անդրադառնալու, բայց կարծում եմ ամբողջացնելու կարիք կա»․ ՔՊ համագումարում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նա մանրամասնեց․ «Ինչու եմ ուրեմն այսօր խաղաղության բերկրանք ապրելով 2019 թվականին արել այդ հայտարարությունը։ Սա պետք է շատ կոնկրետ պատճառ ու բացատրություն ունենա, և բացատրությունը իրոք շատ կոնկրետ է։ Այդ արտահայտությունը արել եմ մի պարզ պատճառով․ հայրենասիրության պատճառով, որովհետև հայրենասեր եմ եղել։ Իսկ հարց է ծագում, իսկ ի՞նչ է հիմա հայրենասեր չե՞մ։ Իհարկե, հայրենասեր եմ․ ոչ ավելի, ոչ պակաս, նույնքան հայրենասեր եմ։ Ինչպե՞ս ուրեմն լուծել այս դիլեման, ո՞րն է այս աղաղակող հակասության պատճառը։ Իսկ պատճառը հայրենասիրության մոդելն է, հայրենասիրության բանաձևը, որի մասին խոսել եմ դեռ 2020 թվականին։ Հիմա ես հայրենասեր եմ Հայաստանի սնուցող մայրերի հանձնարարած հայրենասիրության մոդելով։ 2019-ին հայրենասեր էի այդ պահին Հայաստանում առկա հայրենասիրության միակ մոդելով։ Բայց ո՞վ է հանձնարարել այդ հայրենասիրության մոդելը, ո՞նց է ձևավորվել այդ մոդելը։ Այդ մոդելը խորհրդային կայսրության, իսկ ավելի կոնկրետ այդ կայսրության ղեկավարներ Ստալինի, Խրուշչովի, Բրեժնևի հանձնարարած հայրենասիրության մոդելն էր։ Մենք չենք էլ նկատել, որ մինչև իրական Հայաստանի գաղափարախոսությունը Հայաստանում գոյություն ունեցած հայրենասիրության մոդելը մեծամասամբ հենվել է 1940-ից 1980-ական թվականները ձևավորված գրքերի, երգերի, բանաստեղծությունների, կերպարվեստի գործերի ու պիեսների վրա»։
Ըստ նրա, մեր մեծերը, իհարկե մեծ ջանք են դրել ու մեր ժողովրդի իրական ձգտումների, հույզերի ու զգացմունքների հետ կապված ուղերձներ ձևակերպել են այդ գործերում, բայց այդ ամենն, ի վերջո, պարփակված է եղել Խորհրդային Միության գլավլիտով․ «Այս է պատճառը, որ անկախության հռչակագրի ընդունման 35 ամյակի առիթով հղած իմ ուղերձում գրել եմ՝ «Հայրենասիրության այդ մոդելը, որը խորհրդային միությունը ձևավորել էր մեզ հայերիս համար արտահայտում էր երկրորդ աշխարհամարտում հաղթած և հյուսիսատլանտյան դաշինքի հետ հակամարտության մեջ մտած այդ պետության ԽՍՀ ամբիցիաների հարավ-արևմտյան ուղղությունը։ Այդ մոդելը մյուս կողմից կոչված էր ապահովելու հայկական ԽՍՀ-ում գոյություն ունեցող հայրենասիրական ընկալումների արտահանումը Հանրապետության տարածքից, նրա տեղային արտահայտումը թույլ չտալու համար։ Այս գաղափարաբանությունը տասնամյակներով է սերմանվել գրքերի, ֆիլմերի, պիեսների, թատերական ներկայացումների միջոցով, և այսպես ձևավորված մեր սոցիալ հոգեբանությունն է, որ հանգեցրեց Ղարաբաղյան շարժմանը։ Մենք բոլորս, ինձնից սկսած և շարունակած մյուսներով, այդ սոցիալ հոգեբանության կրողն էինք։ ԽՍՀ-ն կողմից ձևավորված այդ սոցիալ հոգեբանությունը 90-ականներին փոխանցվեց Հայաստանի Հանրապետությունում ձևավորված սերունդներին, և այդ սոցիալ հոգեբանության խորքային և ենթագիտակցական նպատակը Հայաստանի անկախ պետության գոյության ռազմավարական անհնարինություն էր, որովհետև շրջանակի կոնֆլիկտային ենթատեքստ ունեցող երկիրը չի կարող իրական անկախություն կառուցել։ Պարզ է, չէ, Հայաստանում օրգանիկ կային հայրենասիրական մղումներ, բնականաբար, և ուժեղ բավականին հայրենասիրական։ Խորհրդային միությունը համարեց, որ կարելի է հաճելին օգտակարի հետ համատեղել։ Ասվում էր՝ հայրենասեր եք, շատ լավ, ձեր հայրենասիրությունը եկեք ուղղորդենք դուրս, Հայկական ԽՍՀ–ից դուրս, դեպի արևելք, արևմուտք, հյուսիս, հարավ»։
Ապա հայտարարեց․ «Մենք քանդել ենք այդ անեծքը, որ հազարամյակների խաչմերուկում, երբ թվում էր, թե պատմական ավանդույթի ու շրջափուլի բերումով հայ ժողովրդի պետությունը գնում է դեպի հերթական անխուսափելի կործանման, ի հայտ եկավ բացարձակապես անսպասելի մի գործոն, Հայաստանի սնուցող մայրերի գործոնը, որոնք կործանելով ուրիշների կողմից մեզ պարտադրված, մեզ համար պատրաստված հայրենասիրության մոդելը, մեզ պարտադրեցին ձևավորել պետականակենտրոն հայրենասիրության ուղերձը։ Հայրենիքը պետությունն է, սիրում ես հայրենիքդ, ուժեղացրու պետությունդ»։
Կարդացեք նաև
Ըստ նրա, հայրենասիրության կայսերական մոդելը մեզ ասում էր՝ հայրենասեր ես, սիրում ես հայրենիքդ, ահա ուրեմն փնտրիր քո հայրենիքը Հայաստանի Հանրապետությունից դուրս։ Փնտրիր քո հայրենիքը, որտեղ ուզում ես, հյուսիսում, հարավում, արևելքում, արևմուտքում, բայց ոչ երբեք Հայաստանի, թեկուզ խորհրդային Հանրապետությունում, որովհետև եթե դու քո հայրենիքը փնտրես ու տեսնես Հայաստանում, ու նրանով պարփակված, դու կարող ես պետություն դառնալ, դու կարող ես ինքնիշխան դառնալ, դու կարող ես անկախ ու զարգացած դառնալ, իսկ դա արդեն վտանգավոր է․ «Ու՞մ համար է վտանգավոր, Խորհրդային Միության, Խորհրդային կայսրության համար, և Խորհրդային Միությունը գտավ հաճելին օգտակարի հետ համատեղելու էֆեկտիվ մի բանաձև, հայկական օրգանական հայրենասիրությունը ուղղորդել առավելապես Հայաստանի սահմաններից դուրս, սրանով հայ ժողովրդին շարունակաբար դարձնելով ԽՍՀ մեծապետական ամբիցիաների գործիք, իսկ մյուս կողմից, Խորհրդային Միության ներսում, գործուն պահելով «բաժանիր որ տիրես» հազարամյակներով փորձարկված բանաձևը։ Սա էր այն մոդելը, որը պետք է անհնար դարձներ Հայաստանի իրական պետության գոյությունը, և Հայաստանի իրական պետությունը, իրական անկախությունը, իրական ինքնիշխանությունը անհնարին դարձնող հանգույցն ենք քանդել և այսօր արդեն գտնվում ենք այդ հանգույցից այս կողմ։ Սա է պատճառը, որ մեզ մեղադրում են քանդելու մեջ՝ Հայաստանի ֆիզիկական և բովանդակային կառուցապատման ֆոնին։ Հայաստանում երբեք շատ վաղուց առնվազն այս ծավալի շինարարություն չի եղել, բայց մեզ մեղադրում են քանդելու մեջ որովհետև մենք քանդել ենք Հայաստանի վրա կապված հազարամյա անեծքը, որը մեզ թույլ չէր տալիս ունենալ իրապես անկախ, իրապես ուժեղ, իրապես ինքնիշխան պետություն»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նա համագումարին եկել էր մուրճով, ցուցադրեց այն ու ասաց, որ այն ոչ թե քանդելու, այլ կառուցելու համար է։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ