«Ուզում եմ ամբողջական անդրադարձ կատարել էմիսար միլիարդատերերի թեմային. նմանատիպ թեմաներին անդրադառնալով ոմանք հարցնում են՝ թե այս ի՞նչ է կատարվում և ինչու՝ նկատի ունենալով հարցի սոցիալ քաղաքական կողմը»,- ՔՊ համագումարի իր ելույթում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցի սոցիալ-քաղաքական կողմին․ «Իրավունքի մասը մեր քննության առարկան չէ։ Իսկ տեղի է ունենում շատ էական մի բան. մենք սփյուռքի միլիարդատեր էմիսարներին ասում ենք՝ Հայաստանում ձեզ կարող եք պահել միայն այնպես, ինչպես ձեզ պահում եք ձեր հիմնական գործունեության երկրում և ոչ մի թիզ ավել։ Հայաստանի հանրապետությունը ձեզ համար յախտա կամ սամալյոտ չէ, որ գաք ասեք՝ փաթաթեք, մենք գնում ենք։ Նրանք, ում մտքով նման բան կանցնի, Հայաստանի Հանրապետությունը նրանց կփաթաթի և կդնի համապատասխան տեղերում։ Այնպես որ Հայաստանի Հանրապետության համը բերանները մնա»։
Հայտարարելով, որ Հայաստանում կա օրենքի և իրավունքի դիկտատուրա, Փաշինյանը մանրամասնեց, որ դա լինելու է այնպես, որ հանկարծ ժողովրդավարությունը և ժողովրդավարական արժեքներին մեր հավատարմությունը չվնասվի, կասկածի տակ չդրվի տնտեսական զարգացումը, ժողովրդի իշխանությունը հանկարծ չվտանգվի․ «Չեմ ժխտի մեր փորձը ցույց է տալիս, որ միշտ չէ, որ թավշյա մոդելը արդյունավետ է և երբեմն անհրաժեշտ են վիրահատական միջոցներ։ Այդ միջոցներից է օրինակ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» ազգային անցման սկսած և, ընդ որում, անկասելի գործընթացը։ Ես տեսնում եմ, որ դաշտում սին հույսեր փայփայողներ կան, բայց ուզում եմ ընդգծել, որ պրոցեսը անկասելի է և աներկբա գնալու է մինչև վերջ երկու հնարավոր սցենարներից մեկով։ Սցենար մեկ ՀԷՑ–ը ազգայնացվում է և հանձնվում է պրոֆեսիոնալ և հուսալի կառավարման՝ ամբողջությամբ մնալով պետական և սցենար թիվ երկու՝ ՀԷՑ–ի բաժնետերերի մեծ մասը փոխանցվում է էներգետիկ ոլորտի միջազգային հեղինակավոր կառավարչի։ Բոլոր դեպքերում Հայաստանի Հանրապետությունը կպահպանի այնքան բաժնեմաս, որը հնարավորություն կտա պահպանել կենսական այս ենթակառուցվածքում կառավարության ռազմավարական ներկայությունը։ Այս երկրորդ սցենարով, ընդ որում, կգնանք միայն այն պարագայում, եթե պարզվի, որ առաջին սցենարի ծախսերը պետական բյուջեի համար անհամաչափորեն մեծ են։ Բոլոր դեպքերում այս պահին արդեն ՀԷՑ–ի ստուգումների արդյունքում բացահայտված խարդախությունները բավարար են արձանագրելու համար, որ ՀԷՑ–ի կառավարման նախորդ շրջանի հետ կապված մեր մտավախությունները հիմնավոր են եղել։ Չնայած դեռ ահագին ժամանակ առաջ մարզային բազմաթիվ այցերի ընթացքում էի համոզվել, որ Հայաստանում էլեկտրական էներգիայի անորակ մատակարարումը ձեզ հայտնի ուժերի համար եղել է ժողովրդի շրջանում քաղաքական դժգոհություն գրգռելու, ժողովրդին կառավարության դեմ հանելու գործիք։ Թույլ չենք տա Հայաստանի հանրապետության հետ նման խաղեր խաղալ»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանը կռացավ, ամբիոնի տակից հանեց մուրճն ու հայտարարեց, որ պողպատե մանդատն ու մուրճը տեղում են եւ թալանվածը վերադարձնելու համակարգ է գործարկված, որն անկասելի է ու աներկբա․ «Ժողովրդից թալանվածը բառիս բուն իմաստով հատիկ առ հատիկ հետ է բերվելու։ Այդ թալանածը մի սենյակում չէ դրված, միանգամից չի թալանվել, այլ հատիկ առ հատիկ է թալանվել, ապա թաքցվել կամ քողարկվել հատիկ առ հատիկ։ Մենք հասել ենք մեծ ու հսկայական կտորներին, վերջին օրինակը ՀԷՑ-ն է։ Ինչպես ասել եմ, ոչ մի մուկ, ոչ մի ձուկ չի պլստալու, ու չի պլստում։ Մարտի 1-ի դեպքերի ոչ մի ոճրագործ անպատիժ չի մնալու»։
Հավելեց՝ մուրճը կառուցելու մասին է, ոչ թե քանդելու․ «Այս մուրճի ստեղծարար ուժի բերումով է, որ Հայաստանի Հանրապետությունը էական բաժնեմաս ունի ԶՊՄԿ-ում, Ամուլսարում, Վիվա Արմենիայում։ Այս մուրճի ստեղծարար ուժի բերումով է, որ 2018-ից սկսած Հայաստանի Հանրապետությունը եղել ու մնում է տնտեսական զարգացման ուղեծրի մեջ, և միակ տարին, երբ մենք շոշափելի աճ չենք գրանցել, եղել է Քովիդի տարին»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ