2025 թվականի սեպտեմբերի 20-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում իր 7-րդ համաժողովը անցկացրեց։ Վարչապետի ելույթից պարզ դարձավ, որ «հոգևոր ապաքաղաքական օրակարգի» շրջանակներում ՔՊ կուսակցությունը շարունակելու է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում պառակտում մտցնելու փորձեր կատարել։
Ես հեռու եմ այն մտքից, որ վարչապետը մտահոգված է Եկեղեցում բարեփոխումներ կատարելու անհրաժեշտությամբ, մանավանդ որ դա իրեն բացարձակապես չպետք է մտահոգի, որովհետև Եկեղեցում կան համապատասխան կառույցներ, որոնք անհրաժեշտաբար հոգ են տանում այդ ամենի մասին։ Ամեն անգամ այս թեմայից խոսելով՝ վարչապետը ավելի հեռուն է գնում։ Այս համաժողովում նա վերջապես բացահայտեց, որ Եկեղեցու դեմ իր պայքարը ունի «պետական անվտանգության հետ կապված հայեցակարգային նրբություններ, որը հոգևոր օրակարգի հետ և՛ առնչվում է և՛ չի առնչվում»։ Ահա հենց այստեղ է ամբողջ խնդիրը և ո՛չ թե «Եկեղեցու ազատագրում, Եկեղեցու մաքրում, կուսակրոնության ուխտ» և այլ հարցեր։ Իմ դիտարկմամբ, վարչապետի նպատակն է, որ Հայ Եկեղեցին «կառավարությանը» հպատակ հոգևոր առաջնորդ ունենա, որպեսզի, ըստ նրա, եկեղեցին «վերադառնա իր պետականամետ ու պետականակենտրոն ծիրին»։
Այն, որ Եկեղեցին պետք է լինի պետաականամետ ու պետականակենտրոն դրանում, կարծում եմ, չի կարող տարաձայնություն լինել Եկեղեցու և Պետության միջև, սակայն ամբողջ խնդիրն այն է, թե ինչպիսի՞ պետության մասին է խոսքը։ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին ավելի քան 1700-ամյա պատմության ընթացքում իր հոգևոր անմնացորդ ծառայությանը զուգահեռ եղել է նաև ազգային շահերը պաշտպանողն ու ազգային արժեքների պահպանողը։ Հետևաբար ինչպե՞ս պատահեց, որ այսօր պետականակենտրոն ծիրից դուրս և Հայաստանի իշխանությունների թիրախում է հայտնվել։ Տրամաբանական հարց է առաջանում։
Արդյո՞ք խոսելով պետական անվտանգության հետ կապված հայեցակարգային նրբությունների մասին` խոսքը վերաբերում է ազգային պետությանը։ Կարծում եմ՝ վարչապետը չի վիճի այն հարցում, որ իր վարած քաղաքականությունը, հատկապես արտաքին քաղաքականությունը բոլորովին չի վկայում այսօրվա Հայաստանի ազգային պետություն լինելու մասին։ Եվ սրա կողքին մեկ այլ հարց դնենք։ Արդյո՞ք Հայոց Եկեղեցին ազգային Եկեղեցի է։ Վստահաբար կարող ենք ասել, որ այո, ազգային է և կասկածելու որևէ հիմք չունենք։ Այս հարցերն ու սրանց ճիշտ պատասխանները շատ կարևոր են։ Ապազգային իշխանություններն ու ազգային Եկեղեցին կարո՞ղ են միմյանց հետ համագործակցել ընդհանրապես։
Կարդացեք նաև
Առաջին հայացքից թվում է` ոչ, չեն կարող, սակայն այսօր մենք տեսնում ենք, որ միմյանց թշնամի գերտերությունները փորձում են միմյանց հետ համագործակցել այնտեղ, որտեղ շահերը համընկնում են, իսկ այնտեղ, որտեղ իրենց շահերը չեն համընկնում, ապա փորձում են գոնե այնպես անել, որ այդ տարաձայնությունները չվերածվեն պատերազմի, ինչպես դա հաջողվում է անել, օրինակ, ԱՄՆ-Չինաստան հարաբերություններում։ Իսկ եթե դա հաջողվում է անել ԱՄՆ-Չինաստան հարաբերություններում, ապա ինչո՞ւ չի կարող հաջողվել Եկեղեցի-Պետություն հարաբերություններում։
Սակայն այստեղ մի շատ կարևոր հանգամանք կա, որը, իսկապես այս հարցում մեզ անհույս է թողնում։ Նկատի ունեմ վարչապետի ու իր առավել ակտիվ մի քանի պաշտոնյաների դիմելաձևը Ամենայն հայոց Հայրապետին։ Վերջիններիս կողմից Ամենայն Հայոց Հայրապետին անհարգալից դիմելաձևը թույլ է տալիս ենթադրելու, որ խոսքը, իսկապես չի գնում ազգային պետության հայեցակարգի մասին, իսկ եթե նույնիսկ ազգային պետության հայեցակարգի մասին է, ապա նման դիմելաձևը չի վկայում երկխոսության պատրաստակամության մասին։ Անվտանգության հայեցակարգային հարցերում իշխանությունները պարզապես բախվում են Հայ Եկեղեցու և անձամբ Վեհափառ Հայրապետի ազգային-հոգևոր շահերը պաշտպանելու հաստատակամությանն ու առաքելությանը, նյարդայնանում են դրանից ու, ըստ իս, սկսում են, իսկապես պետության անվտանգությանը սպառնացող թեզեր առաջ քաշել ու իրենց առանց այն էլ ապազգային կուսակցությունը վեր են ածում մի պարզ կրոնա-քաղաքական աղանդի։
Թերևս վարչապետը համոզված է, որ Վեհափառը ոչ մի պարագայում չի սատարի իր ապազգային ծրագրերի իրականացմանը և, գուցե, Վեհափառն էլ իր հերթին, համոզված է, որ վարչապետը չի կարողանալու ազատվել իր ապազգային մոլորություններից ու աղանդավորական գործելաոճից։ Արդյունքում, ազգային շահերի պաշտպանման գործում Եկեղեցի-Պետություն հարաբերությունների հույժ կարևոր համագործակցության փոխարեն ունենք ՀՀ իշխանությունների կողմից մղվող հակաեկեղեցական անզիջում արշավ։
Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ