Գյումրիում մեկնարկել է «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» ամենամյա պետական ծրագիրը։
Բանն այն է, որ «Երիտասարդական քաղաքականության մասին» վերջերս ընդունված ՀՀ օրենքի համաձայն, Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքապետարանները պարտավորվում են ունենալ նոր մասնագետներ՝ նոր հաստիքներով, խոսքը հենց երիտասարդական աշխատողի մասին է։ Ու քանի որ մեր երկրում (ի դեպ, նաև աշխարհի շատ երկրներում), այս մասնագիտությունը դեռ ներառված չէ բուհերի կրթական համակարգում, սկսվել են այս մասնագետների վերապատրաստումները։
Երիտասարդական աշխատողի վերապատրաստումները կատարվում են երիտասարդական ոլորտում հարուստ փորձ ունեցող «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ֆինանսավորմամբ՝ «ԵՄ-ն հանուն կրթական բարեփոխումների» ծրագրի շրջանակներում։
Կարդացեք նաև
Պարզվում է՝ երիտասարդական աշխատող դառնալու ցանկությունը բավական մեծ է մեր երկրում․ ինչպես Aravot.am-ի զրույցում տեղեկացրեց «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը, վերապատրաստման ծրագրով ի սկզբանե նախատեսված էր 25 տեղ, սակայն հաշվի առնելով երիտասարդական աշխատողի վերապատրաստման նկատմամբ մեծ հետաքրքրությունը և դիմորդների մեծ թիվը՝ կազմակերպիչների առաջարկով և ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ տեղերի քանակը կրկնապատկվել է՝ 25-ից դառնալով 50։
«Վերապատրաստմանը մասնակցելու հետաքրքությունն այս անգամ մեծ էր նաև համայնքային աշխատողների կողմից՝ համեմատած նախորդ տարիների հետ։
Նախորդ տարիներին հիմնականում բավականին լուրջ ջանքեր էին ներդնում, որպեսզի ոգևորություն առաջանար համայնքային աշխատողների մոտ՝ ծրագրին դիմելու։
Իսկ հիմա նրանց մոտ մեծ ոգևորություն կա․ մեր ենթադրմամբ՝ հետաքրքրության մեծացման պատճառները մի քանիսն են․ նախ օրենքի մշակման ժամանակ մեծածավալ աշխատանքներ իրականացվեցին մարզերում՝ երիտասարդական քաղաքականության և երիտասարդական աշխատանքի հանրայնացման և ճանաչելիության մասով։ Օրենքի նախագծի շրջանառման և քննարկման ժամանակ բավական ակտիվորեն ներգրավվեցին հենց համայնքները։
Կարծում եմ՝ օրենքի շնորհիվ երիտասարդական աշխատող մասնագետի և վերջինիս գործառույթների մասին սկսվեց լայնածավալ տարածվել նաև համայնքներում, և օրենքը նաև նպաստեց համայնքներում երիտասարդական աշխատանքի իրականացման և երիտասարդական ծառայություններ տրամադրելու արժևորմանը։
Սա իր հերթին հետաքրքրություն մտցրեց համայնքային աշխատողների շրջանակում՝ պատկերացնելու երիտասարդական աշխատանքի շրջանակը, երիտասարդական աշխատողի գործառույթները, լիազորությունները։ Իսկ համայնքապետարանի կողմից երիտասարդական աշխատանք և համայնքային երիտասարդական ծառայություններ տրամադրելու համար անհրաժեշտ են վերապատրաստված համապատասխան մասնագետներ՝ երիտասարդական աշխատողներ»,-ասաց Արթուր Նաջարյանը։
Մեր զրուցակիցը նշեց, որ վերապատրաստումներին ներգրավված են համայնքային ծառայողներ ողջ հանրապետությունից, առաջին անգամ բավականին մեծ թվով մասնակցում են նաև Երևանի տարբեր վարչական շրջանների աշխատակիցներ․ հիմնականում աշխատակազմի քարտուղարներ են, համայնքի ղեկավարների խորհրդականներ, մշակույթի ու երիտասարդական հարցերի բաժինների աշխատակիցներ։
Իսկ հասարակական կառույցներից ընդգրկում են երիտասարդների հետ աշխատող կազմակերպությունների ու երիտասարդական կենտրոնների ներկայացուցիչների։
Ըստ Արթուր Նաջարյանի, մինչ օրենքի ընդունումը, շատերն են երիտասարդական աշխատանքով զբաղվել, սակայն նրանք այսպես ասած՝ ինքնակոչ երիտասարդական աշխատողներ են, իսկ օրենքն արդեն հստակ սահմանում է՝ ինչ է իրենից ենթադրում երիտասարդական աշխատանքը, ով է երիտասարդական աշխատողը, ինչ գործառույթներ ու լիազորությունների շրջանակ ունի։
Բայց քանի որ երիտասարդական աշխատողի մասնագիտությունը դեռևս ներառված չէ Հայաստանի բուհական ծրագրերում և մասնագիտությունների ցանկում, ըստ մեր զրուցակցի, ամեն տարի երիտասարդական աշխատողների պատրաստումը/վերապատրաստումը իրականացվում է ԿԳՄՍ նախարարության կողմից՝ եռամսյա վերապատրաստման ծրագրի միջոցով։
ԿԳՄՍ նախարարության երիտասարդության հարցերի վարչության պետի տեղակալ Արմենուհի Պետրոսյանն էլ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ դիտարկում են երիտասարդական աշխատողի մասնագիտությունը ֆորմալ կրթական համակարգում ներառելու հարցը։
Արմենուհի Պետրոսյանն ասաց․ «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի հաստատումից հետո Հայաստանի Հանրապետությունում բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունենում երիտասարդական աշխատանքի ճանաչման, զարգացման գործընթացում։
Գիտեք, որ բոլոր համայնքները պետք է ունենա երիտասարդական աշխատողներ, որոնք կամ պիտի լինեն առանձին քաղիրավական պայմանագրով աշխատող մասնագետներ կամ համայնքային ծառայողներ, որոնց պաշտոնի անձնագրերում կլինեն հստակ սահմանված երիտասարդական աշխատանքի գործառույթները։
Ու այդ տեսանկյունից համայնքներում շատ մեծ աշխուժություն է նկատվում, որովհետև իրենց վրա պարտականություններ են ավելանում, իրենք ցանկություն ունեն հասկանալու՝ իրենք կոնկրետ ինչով պիտի զբաղվեն, ինչ ձևով պիտի այդ աշխատանքներն անեն, ինչպես պիտի համագործակցեն երիտասարդական կենտրոնների հետ, ինչը մեզ համար շատ ուրախացնող է։
Հետաքրքրությունը մեծ է նաև այն առումով, որ համայնքները պիտի տեղական մակարդակում՝ իրենց տեղանքի առանձնահատկություններով պայմանավորված, ունենան երիտասարդական քաղաքականություններ, որոնք պիտի բխեն ազգային մակարդակում մշակվող պետական երիտասարդական քաղաքականությունից։
Այս առումով համայնքապետարաններում շատ մեծ հետաքրքրություն և աշխուժություն է առաջացրել, և այս տարի գործընկեր կազմակերպությունների հետ 25 մասնակցի փոխարեն դասընթացին ընդգրկեցինք 50 մասնակցի»։
Մեր զրուցակցի տեղեկացմամբ, երիտասարդական աշխատանքի ու երիտասարդական աշխատողի ծրագիրը վերանայման կարիք ունի, այս պահին փորձագետներից կազմված աշխատանքային խումբ է ձևավորվել, որոնք աշխատում են այդ ուղղությամբ և մինչև 2026 թվականի մարտ-ապրիլ ամիսները կունենան հաստատված երիտասարդական աշխատանքի կարգ, որակավորման չափանիշներ, մեթոդաբանություն, կվերանայվի նաև վերապատրաստման կրթական ծրագիրը։
Ըստ նոր օրենքի, ՀՀ բոլոր համայնքները պարտավորվում են ունենալ երիտասարդական միջավայր։
Արմենուհի Պետրոսյանի տեղեկացմամբ, վերջերս ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է երիտասարդական միջավայրի գործունեության նոր ուղեցույցը, որը մշակվել է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից։
ԿԳՄՍ նախարարության պաշտոնյան նշում է՝ նախարարությունը հասնելու է նրան, որ Հայաստանի բոլոր համայնքները ունենան այդ միջավայրը։
Ըստ Արմենուհի Պետրոսյանի, նախարարությունը 2022 թվականից սկսել է երիտասարդական կենտրոնների ստեղծման աշխատանքները, այս նպատակի համար դրամաշնորհային մրցույթներ են հայտարարվել։
Նախարարության ֆինանսավորմամբ՝ Հայաստանում արդեն իսկ գործում են 8 երիտասարդական կենտրոններ, իսկ դրանից զատ՝ «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը» երիտասարդների կենտրոններ և երիտասարդական տարածքներ է հիմնում Հայաստանի տարբեր համայնքներում։
Նշենք, որ ՀՀ-ի տարբեր տեղանքներում՝ Գյումրիում, Գավառում, Էջմիածնում, Արմավիրում, Արթիկում գործում են «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոններ»։ Շուտով իր դռները կբացի նաև Աշտարակինը, որը կլինի թվով 7-րդը։
Ըստ մեր զրուցակցի, Հայաստանում նաև գործընթաց է սկսվել երիտասարդական տարածքների ձևավորման։ Ի դեպ, «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը» մինչև տարեվերջ երկու երիտասարդական տարածքներ կբացի Շիրակի մարզի Անի և Արմավիրի մարզի Խոյ խոշորացված համայնքներում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարները՝ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի