Լրահոս
Օրվա լրահոսը

Պարտավորությունը «օրենք» չէ եւ չպիտի անձի նկատմամբ կիրառվի

Սեպտեմբեր 22,2025 12:30

Ըստ Սահմանադրական դատարան դիմողի՝ վիճարկվող դրույթով սահմանված՝ վարորդական իրավունքի վերականգնման համար որակավորման քննություն հանձնելու պահանջը չի ծառայում երթեւեկության անվտանգության ապահովման նպատակին: Այդ պահանջը թեեւ օրենքով է նախատեսված, սակայն «լեգիտիմ չէ, քանի որ պարզ չէ, թե այդ պայմանը ինչ կորելացիայի մեջ է երթեւեկության անվտանգության հետ»:

Ազիզ Ուսոյանը 2025 թ. օգոստոսի 29-ին դիմել էր Սահմանադրական դատարան` խնդրելով. «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության առաջին՝ իրավական պետության մասով, 28-րդ, 29-րդ, 78-րդ հոդվածներին, 71-րդ հոդվածի 2-րդ մասին հակասող:

Ըստ նրա՝ վիճարկվող դրույթով «լրացուցիչ պարտականություններ նախատեսելը, ոչ միայն դուրս է գալիս վարչական օրենսգրքով հետապնդվող նպատակներից, այլ իր մեջ պարունակում է որոշակի պատժի տարրեր, ինչն անթույլատրելի է իրավական պետությունում եւ հակասում է օրենքի առջեւ հավասարության ու արդարացիության սահմանադրական երաշխիքներին»:

Դիմողը գտնում է, որ նախատեսված պարտավորությունը «ոչ միայն հակասում է ՎԻՎ օրենսգրքին, այլեւ՝ չունի օբյեկտիվ բնույթ, հիմնավորված չէ եւ չի հետապնդում իրավաչափ նպատակ, հետեւապես, «օրենք» չէ եւ չպիտի անձի նկատմամբ կիրառվի, իր բնույթով խտրական է»։

Դիմողի մոտեցումը հետեւյալն է. վարորդական իրավունք չունեցողի համար որակավորման քննության սահմանումը ողջամտորեն բխում է երթեւեկության անվտանգության ապահովման նպատակից, իսկ այդ իրավունքն ունեցողի նկատմամբ օրենքով արգելված արարքի կատարման հիմքով դադարեցված վարելու իրավունքի վերականգնման նախապայմանի սահմանումը չի կարող պիտանի, առավել եւս անհրաժեշտ համարվել, քանի որ չկա որեւէ ողջամիտ պատճառ, թե ինչով է պայմանավորված՝ պատիժը կրելուց հետո անձի վրա դրված լրացուցիչ պարտավորությունը, առավել եւս՝ երբ որակավորման քննություն հանձնելու պայմանը պատասխանատվություն նախատեսող նորմի սանկցիայով նախատեսված չէ՝ ոչ որպես հիմնական եւ ոչ էլ որպես լրացուցիչ պատիժ: «Քննարկվող նորմով սահմանված պայմանը ոչ այլ ինչ է, եթե ոչ կիրառված պատժի շարունակություն, քողարկված պատիժ, որն ինքնին՝ հակասահմանադրական է»,-հավելել էր նա:

Վերջինս խնդրել էր պետական տուրքի վճարումից իրեն ազատել, քանի որ առողջական խնդիրներով պայմանավորված՝ առայժմ չի կարողանում աշխատել, ապրում է միայնակ եւ, բացառությամբ տնամերձից ստացված համեստ բերքի, այլ եկամուտներ չունի:

Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրել է, որ այս անհատական դիմումի եւ դիմումին կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ Ուսոյանը չի իրացրել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցներն սպառելու սահմանադրական պահանջը: Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ դիմողը, ունենալով Վերաքննիչ վարչական դատարանի համապատասխան որոշման դեմ վճռաբեկ բողոք ներկայացնելու իրավունք իրական հնարավորություն, ներկայացրել է վճռաբեկ բողոք՝ միաժամանակ միջնորդելով հարգելի համարել վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը եւ վերականգնել այն, որը Վճռաբեկ դատարանի կողմից մերժվել է: Նշվածի արդյունքում դիմողի ներկայացրած վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության:

Այսինքն, ըստ ՍԴ դատական կազմի` դիմողը չի սպառել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները` նկատի ունենալով այն հանգամանքը, որ ժամանակագրական տեսանկյունից Դիմողի նկատմամբ կայացված վերջին դատական ակտը թիվ ՎԴ/9989/05/23 վարչական գործով Վճռաբեկ դատարանի 2025 թ. հուլիսի 2-ի որոշումն է, որի բովանդակությունից, մասնավորապես` վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու հիմքից բխում է, որ այն չի կարող համարվել դիմողի կողմից բարձրացված հարցի կապակցությամբ օրենսդրությամբ նախատեսված՝ ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցների սպառում:

Երեկ տեղեկացանք, որ անհատական դիմումով գործի քննությունը մերժվել է:

«Առավոտի» տեղեկություններով, տարիներ առաջ նրան Մյասնիկյան պողոտայով անցնելիս պարեկային ծառայության աշխատակիցները մոտեցել եւ տուգանել էին, ավտոմեքենան տեղափոխել էին Հալաբյան փողոցի վրա գտնվող հարկադիր ծառայությանը պատկանող տարածք:

Ազիզ Ուսոյանը հայցադիմում է ներկայացրել (այն 28.11.2023թ. հանձնվել է փոստային ծառայությանը, իսկ դատավոր Անի Չիլինգարյանին է հանձնվել 01.12.2023թ.) ՀՀ վարչական դատարան` ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության դեմ՝ խնդրելով պարտավորեցնել ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությանը վերադարձնել իր վարորդական վկայականը: Ուսոյանը վարչական դատարանում էլ հայտնել էր, որ ստացվել է այնպիսի իրավիճակ, երբ անձը կրկնակի պատասխանատվության է ենթարկվում նույն արարքի համար, իսկ քննությունը չհանձնելու դեպքում ընդհանրապես չի վերականգնվում նրա սահմանափակված իրավունքը, ինչն ակնհայտորեն օրենսդրի նպատակը չի հանդիսացել։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով համապատասխան տույժի տեսակ սահմանելիս անձին տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից «ժամանակավոր» զրկում եզրույթը նշանակում է ոչ մշտական, ոչ հիմնական, որոշ ժամանակի համար նախատեսված, այսինքն՝ առկա է ակնհայտ իրավական հակասություն հիշյալ իրավանորմերի եւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով եւ դրանից բխող ենթաօրենսդրական ակտով սահմանված համապատասխան իրավանորմերի միջեւ։ Հայցվորը վկայակոչել է նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածը, նշել, որ օրենսգիրքն ավելի բարձր իրավաբանական ուժ ունի օրենքների եւ ենթաօրենսդրական ակտերի նկատմամբ, ուստի պետք է ղեկավարվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի իրավանորմերով, հետեւապես՝ անձի տրանսպորտային միջոց վարելու իրավունքը պետք է վերականգնվի համապատասխան տույժ կիրառելու մասին ակտով (դատական կամ վարչական մարմնի ընդունած) նախատեսված ժամկետը լրանալուց հետո՝ օրենքի ուժով՝ առանց անձի կողմից լրացուցիչ պարտականություններ կատարելու, այն է՝ որակավորման քննություններ հանձնելու։

Ուսոյանի պնդմամբ՝ նշված վարչական տույժի նկատմամբ պետք է կիրառել բացառապես Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի հատուկ մասի նորմի սանկցիայով նախատեսված սահմաններում, բացի այդ, նշել է, որ օրենքով նման պարտականություններ նախատեսելը ոչ միայն դուրս է գալիս վարչական օրենսգրքով հետապնդվող նպատակներից, այլ իր մեջ պարունակում է որոշակի պատժի տարրեր, ինչն անթույլատրելի է իրավական պետությունում եւ հակասում է օրենքի առջեւ հավասարության եւ արդարացիության սահմանադրական երաշխիքներին, ինչպես նաեւ ուղղակիորեն խախտվում է ՀՀ սահմանադրության 22-րդ հոդվածով սահմանված նույն արարքի համար կրկին դատվելու անթույլատրելիության սկզբունքը։

Ըստ հայցվորի` վարչական մարմինը վարորդական իրավունքի վկայականը նույնացրել է վարորդական իրավունքին, ինչն անթույլատրելի է իրավական պետությունում, ուստի դատարանը պետք է հաշվի առնի, որ նույնիսկ իրավական նորմի առավելագույն հստակությամբ ձեւակերպման դեպքում դատական մեկնաբանությունը չի բացառվում, այդ առնչությամբ վկայակոչել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները, նշել, որ օրենսդիրը հստակ տարանջատել է վարորդական իրավունքը եւ վարորդական վկայականը, այդ առնչությամբ վկայակոչել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 128-րդ հոդվածի 3-րդ մասը, իսկ անդրադառնալով զրկման եւ կասեցման իրավական ռեժիմներին՝ հայցվորը վկայակոչել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.3-րդ հոդվածը, ներկայացրել օրինակներ եւ նշել, որ անձը օրինական ակնկալիք ունի վարչական պատիժը կրելուց հետո առանց որեւէ լրացուցիչ, ոչ պիտանի, ոչ անհրաժեշտ, ոչ չափավոր եւ ոչ համաչափ պահանջի կամ պարտավորության օգտվել իր իրավունքից։

Նա վարչական դատարանում հիմնավորել էր իր փաստարկները՝ կապված իրավունքի եւ վկայականի ոչ նույնական լինելու հետ, եւ նշել, որ ուժը կարող է կորցնել վկայականը, սակայն ոչ իրավունքը։ Իրավունքը կարող է հանցանքի, զանցանքի կամ տրման ժամկետը լրանալու հիմքով դադարել կամ որոշակի ժամկետով սահմանափակվել, սակայն անժամկետ տրված իրավունքը չի կարող ուժը կորցնել։ Ի դեպ, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկվելու մեկ տարին լրանալուց հետո Ազիզ Ուսոյանը դիմել է ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությանը՝ վարորդական վկայականը վերադարձնելու պահանջով, սակայն ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Երեւանի հաշվառման քննական բաժնի 21.11.2023թ. թիվ 17/314//140204-23 գրությամբ մերժվել է։ Վարչական դատարանի գնահատմամբ՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկվելու ժամկետը լրացած լինելու, սակայն որակավորման քննությունները հանձնած չլինելու պայմաններում վարորդական վկայականը վերադարձնելու իրավական հիմքերը բացակայել են։ Չնայած դրան, հայցը մերժվել էր: 2024 թ. փետրվարի 26-ին վերաքննիչ բողոքը նույնպես մերժվել էր: Այս տարվա հուլիսի 2-ին ՀՀ վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու եւ բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին Ուսոյանի դիմումը, մերժել էր, բողոքը թողել առանց քննության, այն բողոքարկման ենթակա չէր: Այսինքն, ստացվեց, որ Ուսոյանը սպառել էր ներպետական ընթացակարգերը, հետեւաբար, ՍԴ իրավական դիրքորոշումն անհամոզիչ էր:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.09.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930