Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Մամեդովն Ադրբեջանից մասնակցում է խորհրդաժողովին, նաեւ Թուրքիայի պատվիրակության անդամներ ունենք»․ Անդրանիկ Քոչարյան

Սեպտեմբեր 22,2025 12:49

«Այս հարթակը կարող է շատ օգտակար լինել մեզ՝ տարածաշրջանային խաղաղության մեր նպատակներին հասնելու համար»,- այսօր Երեւանում անցկացվող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարի շրջանակներում  լրագրողներին ասաց ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Անդրանիկ Քոչարյանը։

Նա նշեց, որ ՆԱՏՕ-ի փոխնախագահի տեղակալի՝ սեմինարում հնչեցրած խոսքն էլ էր միտված խաղաղության հասնելու համաշխարհային օրակարգին։ «Իսկ Կովկասում խաղաղությունն առաջնահերթ մենք ենք, պետք է կառուցենք այդ խաղաղության մեր պատկերացումները կոնկրետ փաստաթղթերի շրջանակներում, որն արդեն կարող ենք ասել՝ սկսված է Վաշինգտոնում»,- նշեց նա։

Ռոուզ-Ռոթ սեմինարին մասնակցում է նաեւ Ադրբեջանի ներկայացուցիչ Մուրադ Մամեդովը։ Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով նրա այցին, ասաց․ «Պարոն Մամեդովն Ադրբեջանի կողմից է մասնակցում, կան Թուրքիայի պատվիրակության անդամներ։ Դուք կունենաք հնարավորություն հարցեր ուղղելու, ասացին, որ պարոն Մամեդովը պատրաստակամություն է հայտնել, որ պատրաստ է հարցազրույց տալ։ Դա ողջունելի է, եթե մենք խոսում ենք խաղաղության մասին, պետք է սկսել խոսքից, իսկ խոսքը փոխանցելու համար սա լավագույն հարթակներից մեկն է»։

Անդրանիկ Քոչարյանը հավելեց, որ խորհրդաժողովի անդամ երկրներն այսօր հնարավորություն ունեն խաղաղության վերաբերյալ լսել հայկական կողմի տեսակետը․ «Եվ մենք դրա համար էլ 10 տարի հետո ցանկացանք, որպեսզի այս հարթակում պատկերացնենք, թե ինչ ենք մենք ուզում, հետպատերազմյան Հայաստանը վերջին հաշվով ի՞նչ խնդիր պետք է լուծի։ Խնդիր համար մեկ՝ հասնել խաղաղության»։

Նա անդրադարձավ նաեւ հարցին, թե ՆԱՏՕ-ն պատրա՞ստ է աջակցություն ցուցաբերել Հայաստանի զինված ուժերին․ «Նախորդ գործընկերային համագործակցության փաստաթղթի շրջանակներում Հայաստան-ՆԱՏՕ փոխհարաբերությունները խիստ ընդգծված են եղել։ Եվ դրանք իրականություն են դարձել՝ եւ բանակի բարեփոխումների ծրագրերի մեջ, եւ ժողովրդավարական խնդիրների՝ դեպի բանակ տեղափոխման եւ այդ խնդիրների լուծումների մեջ։ Բազմաթիվ ծրագրեր են արվել այս տարիների ընթացքում, եւ այդ ծրագրերը շարունակական են։ Դրանք ՀՀ անվտանգային համակարգի համար եղել են շատ օգտակար։ Ուրիշ բան, որ այդ բարեփոխումները դեռ այն ծավալի չեն, որպեսզի մեզ բոլորիս գոհացնեն, բայց որ բանակի թափանցիկությունն ավելին է անվտանգային միջավայրում, քան երբեւիցե եղել է, դա ես կարող եմ հաստատել»։

Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ նաեւ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ պաշտպանությանն ուղղված ծախսերի կրճատման մասին։ «Ոչ, ծրագրերը չեն կարղ կրճատվել, որովետեւ սկսված են եւ պետք է լինեն  շարունակական։ Դա ոչ միայն առնչվում է բանակի բարեփոխումներին, այլ նաեւ ռազմարդյունաբերությանը, որտեղ ունենք արձանագրած խորքային հաջողություններ։ Դա չի կարող կրճատվել, այդ ծրագրերն ունեն իրենց շարունակությունը»,- ասաց նա։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930