Երեւանում անցկացվող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարին մասնակցում է նաեւ պատվիրակություն Թուրքիայից։
Լրագրողների հետ զրույցում թուրք պատգամավոր Ֆաթմա Աքսալն ասաց, որ Հայաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը հարեւաններ են, եւ հարաբերությունների կարգավորման ու զարգացման նոր էջ է բացվում։ «Մենք քաջալերում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացի մեկնարկը, եւ բոլորս էլ օգուտ կքաղենք խաղաղությունից, որովհետեւ դա կարեւոր է ոչ միայն երկրների համար, այլ նաեւ ամբողջ Հարավային Կովկասի, որովհետեւ եթե խաղաղություն հաստատվի երկրների միջեւ, այն կտարածվի ամբողջ աշխարհում։ Իսկ ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանին, մենք հույս ունենք, որ սահմանների բացումը տեղի կունենա հնարավորինս շուտ։ Հիմա արդեն ունենք թռիչքներ եւ փորձում ենք ավելացնել դրանք»,- ասաց նա։
Անդրադառնալով թուրքական նախապայմանների մասին հարցին՝ նա ասաց․ «Մենք չունենք սահմանը բացելու որեւէ նախապայման։ Այս պահին գործընթացը տեղի է ունենում երկխոսությամբ, հուսով ենք՝ շուտով սահմանը կբացվի»։
Անդրադառնալով Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությանը «Թրամփի ուղու» վերաբերյալ՝ Ֆաթմա Աքսալն ասաց․ «Շատ կարեւոր է առեւտրի, տնտեսական զարգացման եւ երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդման գործում։ Թուրքիան նույնպես պատրաստվում է օգտվել այդ ամենից, միայն Հայաստանը չէ, որ օգտվելու է այս ապաշրջափակումից»։ Նա հավելեց, որ Թուրքան կարող է լինել խաչմերուկ Հայաստանի համար եւ Հայաստանը կապել Եվրոպայի հետ։
Կարդացեք նաև
Հարցին, թե ինչո՞ւ է Թուրքիայից ու Ադրբեջանից հնչում «Զանգեզուրի միջանցք» ձեւակերպումը, արդյոք սա տարածքային պահանջ չէ՞ Հայաստանի նկատմամբ, թուրք պատգամավորը պատասխանեց․ «Ոչ, տարածքային պահանջ չկա։ Ոչ մեկը չի կորցնում խաղաղությունից, եւ ոչ ոք չի շահել դեռ պատերազմից։ Եկեք սպասենք եւ լինենք լավատես, քանի որ ես լավատես եմ»։
Ֆաթմա Աքսալն անդրադարձավ նաեւ հարցին, թե Թուրքիան կաջակցի՞ Բաքվի բանտերում գտնվող հայ գերիներին վերադարձնելու հարցում։ «Երկխոսությունը շարունակվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև, բայց քանի որ ես տեղյակ չեմ ամբողջ գործընթացից, ինձ համար որոշ չափով դժվար է մանրամասներ տրամադրել: Սակայն Թուրքիան կանի ամեն ինչ՝ Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացին նպաստելու համար», – հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում.
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































