Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր ամենամեծ պարտքը երեխաների առաջ ոչ թե թանկարժեք նվերներն են, այլ նրանց ժառանգվող միջավայրը. Արսեն Թորոսյան

Սեպտեմբեր 22,2025 15:59

Ազգային ժողովի  մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հրավիրվել են «Երեխայի իրավունքների պաշտպանության բնագավառում շրջանառվող օրենսդրական նախագծերի էությունը: Երեխաների իրավունքների պաշտպանության պետական վերաբերելի քաղաքականությունը» թեմայով լսումներ:

ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՔՊ պատգամավոր Ռուստամ Բաքոյանի ձեւակերպմամբ` Երեխայի իրավունքների մասին գործող օրենքն ընդունվել էր 1996թ, այն տարիների ընթացքում ենթարկվել է օրենսդրական փոփոխությունների, սակայն այժմ համապարփակորեն չի ապահովում  խնդիրների համակարգային օրենսդրական կարգավորումները: Բաքոյանի խոսքով, հենց այդ պատճառով էլ մշակվել է համապատասխան օրենսդրական փաթեթ, որը հնարավորություն կտա  համակարգային լուծումներ ապահովել երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ արդեն իսկ մի քանի բարեփոխում է իրականացվել. «Երեխայի այլընտրանքային խնամքի բարեփոխումների շարունակական իրականացման արդյունքում շուրջօրյա հաստատություններում խնամվող երեխաների թիվը գրեթե 5 անգամ կրճատվել է՝ 2014թ.-ին եղած 2000-ից նվազելով շուրջ 400-ի՝ 2024թ. տարեվերջի դրությամբ: Կարեւորելով խնամատարության ինստիտուտի դերը՝ 2018-2025թ. գրանցվել է խնամատար ընտանիքներում խնամքի կազմակերպման ծավալների կտրուկ աճ: Այս պահի առկա տվյալներով՝ խնամատարության հանձնված երեխաների թիվը հասել է 188-ի, իսկ ընտանիքների թիվը՝ 108-ի»:

Թորոսյանը նշեց, որ նախորդիվ ներդրված ռազմավարական փաստաթղթերը կենտրոնացել են մասնավորապես կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների եւ նրանց խնդիրների լուծման ուղղությամբ, իսկ հաստատման ենթակա փաթեթը եւ արդեն իսկ ընդունված ժողովրդագրության 2024-2040թթ. ռազմավարությունը միտված են նպաստավոր պայմաններ ապահովել բոլոր երեխաների համար:

«Օրենսդրական փաթեթի ընդունման մեկ այլ անհրաժեշտություն է երեխայի՝ ընտանեկան միջավայրում ապրելու եւ զարգանալու իրավունքի իրացմանն ուղղված ծրագերի բարելավումը, որը կառավարության ծրագրով սահմանվել է որպես կատարման ենթակա միջոցառում եւ որին անհնար է հասնել օրենքով անհրաժեշտ ամրագրումների բացակայության պայմաններում»,-ասաց նախարարը:

«Մենք պարտավոր ենք ապահովել, որ յուրաքանչյուր երեխա Հայստանում մեծանա միջավայրում, որտեղ սերն ու պաշտպանությունն ավելի ուժեղ են, քան անտարբերությունն ու վտանգը…Մենք չենք կարող խոսել երեխաների անվտանգության եւ լիարժեք զարգացման մասին, եթե մեր երկրում չլինի խաղաղություն: Մեր ամենամեծ պարտքը մեր երեխաների առաջ ոչ թե թանկարժեք նվերներն են, այլ այն միջավայրը, որ մենք նրանց կժառանգենք…»,-ասաց Թորոսյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930