Լրահոս
Օրվա լրահոսը

Հաբեթնակ Կուրղինյան. «Եթե այսօր Հայաստանի մեծահասակների առաջնություն կազմակերպենք, որին երիտասարդները չմասնակցեն, չենք կարողանա, որովհետեւ 20-30 հոգի չի հավաքվի»

Սեպտեմբեր 22,2025 22:00

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը Արմենպրես լրատվական գործակալության մամուլի կենտրոնում օրերս Խորվաթիայում անցկացված աշխարհի առաջնությանն իր սաների մասնակցությունն ամփոփելիս պատասխանելով լրագրողի հարցին՝ անդրադարձավ նաեւ մարզաձեւի զարգացման գործում Հայաստանում առկա խնդիրներին:

«Քաշ գցելու համար նույն բանը պետք է անենք, գոտեմարտելիս պետք է անենք, նույն հնարքը. գցենք մեջքի վրա՝ չընկնենք մեջքի վրա, անցնենք թիկունք՝ չթողնենք անցնել մեր թիկունք: Նորից շեշտելով պատճառների մասին, չեմ ուզում դա դառնա պատճառաբանություն: Բայց նորից շեշտում. կան մեծ երկրներ, որոնք շատ հեռու են ըմբշամարտից:

Բայց նայենք, թե ինչ ունենք մենք, ինչ ռեսուրսներից ենք ամեն ինչը ստանում: Իրականում դժվար է, շատ դժվար է՝ հաշվի առնելով մեր մանկապատանեկան մարզադպրոցների վիճակը, մարզիչների որակավորումը: Այստեղ մենք խնդիր ունենք, լուրջ խնդիր ունենք մարզադպրոցների մարզիչների հետ կապված, մարզիկների քանակի հետ կապված:

Եթե այսօր Հայաստանի մեծահասակների առաջնություն անենք, որին մասնակցեն զուտ մեծահասակները եւ երիտասարդները չմասնակցեն, չենք կարողանա, որովհետեւ 20-30 հոգի չի հավաքվի: Հայաստանի առաջնություններում մասնակիցների թիվը 70-80 հոգու չի հասնում, անգամ երբ մասնակցում են նաեւ  երիտասարդները: Այս մասին շատ ենք խոսել: Հյուսիսային Կովկասի փոքր քաղաքներում, օրինակ, Վլադիկավկազում, Խասավյուրտում, ամեն մարզման ընթացքում ամեն դահլիճում մոտ 80 հոգի կա: Մարզիչը ընտրության մեծ հնարավորություն ունի: Շատ կարեւոր է, որ մրցակցություն լինի: Եթե չկա մրցակցություն, չկա աճ:

Այսօրվա վիճակով մեծահասակների աշխարհի առաջնություն մենք լիարժեք կազմ չենք կարող տանել: Ավելին ասեմ. երեք հոգուց ավել ես չեմ կարող տանել. Արսեն Հարությունյան, Վազգեն Թեւանյան, Արման Անդրեասյան: Ու խնդիրը նորից մեր մարզադպրոցների եւ մարզիչների որակավորման մեջ է: Մենք շատ լուրջ պետք է զբաղվենք մեր մարզիչ-մանկավարժների մանկավարժական եւ մասնագիտական որակների բարձրացմամբ: Բայց մի քանի տարի առաջ թեստավորումներ անցկացրինք, ուզեցինք մարզիչների որակավորումը բարձրացնելու պես մի բան անցկացնել:

Ճիշտն ասած, ես այդ պրոցեսին ի սկզբանե այնքան էլ չէի վստահում, թերահավատությամբ էի դրան վերաբերվում: Որովհետեւ այդտեղ որակավորում ասածը այնքան էլ իմ դուրը չէր գալիս: Ո՞նց ես բարձրացնում որակավորումը, ո՞վ է թեստավորում: Մասնագիտությունից ոչ տեղյակ անհասկանալի ինչ-որ մարդիկ բրոշյուրներից օգտվելով հարցաշարեր են կազմում եւ ուզում են որակավորել մարզիչների: Այդպես չի լինում: Ու ես համոզված եմ, որ ով որակավորվել է, նրա համար մեծ հաշվով այդ որակավորումը անօգուտ է, բացի ֆինանսականի ավելացումից: Ես ուզում եմ, որ բոլորի ֆինանսական վիճակը տասնապատկվի, հարյուրապատկվի: Բայց կրկնում եմ, մեծ հաշվով դա անօգուտ է: Ասելիքս այն է, որ մարզիչների, մանկավարժների որակավորմամբ լուրջ զբաղվել է պետք: Մենք այդտեղ ունենք թերություն»,-ասաց ազգային հավաքականի գլխավոր մարզիչը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930