Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ անեմ, գնամ ավտոմատը վերցնեմ, գնամ KGB-ի հայա՞թը»․ Վաչագան Ղազարյանը՝ Սամվել Կարապետյանին աջակցելու մասին

Սեպտեմբեր 23,2025 15:22

«Տարել՝ մուծել ենք պետությանը»,-Հակակոռուպցիոն դատարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանը՝ պատասխանելով հարցին՝ էն պարկով փողերն ի՞նչ եղան։ Վաչագան Ղազարյանը հստակեցրեց՝ մոտ 120 հազար դոլար եւ 436 միլիոն դրամն ավանդ է եղել, ինքն էլ հանել էր, որ տաներ տար տիրոջը։ Թե ո՞վ էր տերը՝ չասաց։ Ասաց՝ կիմանաք, դեռ շուտ է։ Բայց վստահեցրեց, որ այդ գումարները թալանված չեն եղել, եթե թալանված է եղել՝ թող ապացուցեն։ Հարցին, եթե թալանված չեն եղել, ինչո՞ւ է վերադարձնում պետությանը՝ պատասխանեց․ «Չենք վերադարձնում, է, բռնագանձել են»։

Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանը ձերբակալվել էր նաեւ 2018 թվականին՝ ապօրինի հարստանալու, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու և հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու մեղադրանքով :

«Էդ էլ պիտի՞ ձեզ զեկուցեմ»,- հակադարձեց Վաչագան Ղազարյանը՝ հակադարձելով լրագրողի այն հարցին, որ իր տանը հայտնաբերված գումարն, ասել էր, թե իր ռուսաստանաբնակ ընկերոջն է պատկանել, պարզապես իր տանն է պահել։ Լրագրողը հետաքրքրվել էր՝ ո՞վ է իր այդ հարուստ ընկերը։

Վաչագան Ղազարյանն ասաց նաեւ, որ ավանդ դրած այդ գումարն էլ է ռուսաստանաբնակ իր հարուստ ընկերոջը պատկանել։ Հարցին՝ եթե ինքը Սերժ Սարգսյանի անվտանգության ծառայության ղեկավարը չլիներ, ռուսաստանաբնակ իր ընկերներն իրեն նման մեծ գումարներ կնվիրեի՞ն, պատասխանեց․ «Միշտ էլ արել են»։

«Ի՞նչ անեմ, գնամ ավտոմատը վերցնեմ, գնամ KGB-ի հայա՞թը»,- սա էլ Վաչագան Ղազարյանի պատասխանն էր հարցին, թե ինչո՞ւ չի աջակցում բարերար, կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանին, ում ինքը «շատ լավ» է վերաբերվում եւ «շատ վատ» է վերաբերվում, որ կալանավորել են։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930