ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի՝ Հայաստան–Ֆրանսիա բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր–Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Ողջունելով պատվիրակությանը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ բարձր է գնահատում Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցությունը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում: Նախարարը հատկապես անդրադարձել է Հայաստանի պատմության թանգարանում Լուվրի հետ գործակցությամբ բացված «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» խորագրով միջազգային ցուցադրությանը, ֆրանսիական կողմի հետ Հայաստանի ազգային պատկերասրահի համագործակցությանն ու մշակույթի ոլորտում առաջիկա նախաձեռնություններին:
Կարևորելով համագործակցությունը նաև կրթության ոլորտում՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի, Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի, Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի գործունեության զարգացմանն ուղղված համագործակցային աշխատանքների կարևորությունը: Առանձնակի շեշտվել է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ֆրանսերենի ուսուցման խթանումն ու դասավանդողների վերապատրաստման ծրագրերի արդյունավետության և շարունակականության ապահովումը: Նախարարը նշել է նաև 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերը Հայաստանում հյուրընկալելու փաստը՝ ընդգծելով ֆրանսիական փորձի տեղայնացման կարևորությունը:
Կարդացեք նաև
Կողմերի միջև քննարկվող թեմաներից էր նաև կրթության և մշակույթի (հնագիտության) ոլորտներում Հայաստանում գինեգործության զարգացման համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունը: Այս համատեքստում նախարարը նշել է, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և ֆրանսիական բուհերի միջև կա ուղղությունը զարգացնելու վերաբերյալ պայմանավորվածություն: Նշվել է նաև «Արենի 1» քարայրի տարածքում հնագիտական պեղումներ կատարելու, գինեգործության ոլորտում մշակութային ժառանգությունը հանրահռչակելու կարևորությունը:
Ժիլբեր-Լյուկ Դըվինազը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ վերահաստատելով քննարկվող թեմաների կյանքի կոչման ուղղությամբ համագործակցելու պատրաստակամությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ և ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ