Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբան. «Կանխատեսում եմ, որ դատավորը այնպիսի վճիռ է կայացնելու, որ մինչեւ ընտրություններ Միքայել սրբազանին պահեն փակի տակ»

Սեպտեմբեր 23,2025 17:39

Այսօր շարունակվում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դատաքննությունը: Նրա պաշտպան Արա Զոհրաբյանը դատարանից պահանջեց կայացնել արդարացման վճիռ:

Իր խոսքում փաստաբանը նկատեց, որ դատարանը խտրական մոտեցում է ցուցաբերում Միքայել սրբազանի նկատմամբ՝ քաղաքական դրդապատճառներից ելնելով, ինչը պայմանավորված է Նիկոլ Փաշինյանի կողմից նախաձեռնված հակաեկեղեցական շարժմամբ: Նաեւ նշեց, որ հենց այսօր էլ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ՖԲ-ում արված իր գրառմամբ հիշատակել է սրբազանին եւ «Երեւան-Կենտրոն» ՔԿ-ն. «Ակնարկը շատ պարզ էր»:

«Իմ գործընկեր Ռոման Ահարոնյանը նախորդ իր ելույթում հույս հայտնեց, որ դատարանն արդար վերդիկտ կկայացնի: Ասեմ, որ չեմ կիսում այդ լավատեսությունը, ավելին, երբ ես եւ պարոն Ահարոնյանն այդ մասով քննարկում էինք, եւ փորձում էինք հասկանալ, թե ի վերջո դատավորն ինչ հնարավոր դատական ակտ կարող է կայացնել, ասում էի հետեւյալը՝ եթե դատավորն իրոք անկողմնակալ վճիռ կայացնելու լիներ, առաջին քայլը, որ պետք է աներ, այս գործը ուղարկեր Շիրակի մարզի դատարան, որովհետեւ դա օրենքի ուղղակի պարտադրանքն է, քանի որ այն խոսքերը, որոնք արտաբերել է սրբազանը, երկուսը կատարվել են Գյումրի քաղաքում, իսկ Քրդատ օրենսգիրքն ուղիղ թելադրում է, որ նման դեպքերում գործը պետք է քննի տվյալ տարածքի դատարանը: Եթե դատարանն իրոք արդար եւ անկողմնակալ լիներ, դա լավագույն ձեւը կլիներ արդար դրսեւորվելու եւ ճնշումներից ազատվելու համար, սակայն դա չարվեց: Եթե դատարանն արդար վերդիկտ պետք է կայացնի, ապա ինչո՞ւ օգոստոսի 15-ին տասն օրով երկարաձգեց սրբազանի կալանքը եւ այն էլ այն զավեշտալի հիմքով, որ սրբազանը կարող է կատարել նույն արարքը: Հիշեցնում եմ, որ սրբազանը մեղադրվում է խոսքով կատարված արարքի համար: Ակնհայտ է, որ խոսքը հնարավոր չէ սահմանափակել պատերի մեջ: Սրբազանը բազմիցս առիթ ունեցել է ինչպես քրեակատարողական հիմնարկից, այնպես էլ դատական նիստերի ժամանակ իր խոսքն ուղղել հանրությանը: Եվ ակնհայտ է, որ սա էլ խոսում է ոչ արդար վերդիկտ կայացնելու ցանկության մասին: Դատավորը հաշվի չառավ ոչ սրբազանի տարիքը, ոչ սրբազանի բարձրաստիճան հոգեւոր կարգավիճակը, ոչ այն հանգամանքը, որ ամբողջ Շիրակի մարզին զրկել է թեմական առաջնորդից, ոչ մի բան հաշվի չառավ: Եթե արդար վերդիկտ պետք է կայացներ, ապա ինչո՞ւ սեպտեմբերի 2-ին իր նախաձեռնությամբ քննության առավ Միքայել սրբազանի կալանքի երկարացման հարցը, երբ մեղադրող կողմն այդպիսի միջնորդությամբ հանդես չէր եկել: Ավելին, եթե արդար վերդիկտ պետք է կայացներ, ապա ինչո՞ւ կեղծ տեղեկություն մտցրեց որոշման մեջ, որով սահմանափակեց Միքայել սրբազանի՝ ԶԼՄ-ների հետ շփվելու իրավունքը, այն դեպքում, երբ նման հարց չէր քննարկվել: Այնպես որ չունեմ այդ լավատեսությունը, ավելին՝ կանխատեսում եմ, որ դատավորը մեղավոր է ճանաչելու Միքայել սրբազանին եւ այնպիսի վճիռ է կայացնելու, որ մինչեւ ընտրություններ Միքայել սրբազանին պահեն փակի տակ: Մենք դա ենք կանխատեսում՝ ելնելով վերջին իրադարձություններից եւ դատարանի գործողություններից: Սա էլ կդառնա այն ապացույցը, որը խոսում է վարչապետ –դատարան կատարվող փոխհամագործակցության մասին:

Իմ գործընկերներն անդարադարձել են մեղադրանքին, որը նույնիսկ աչքաչափով մեղադրանք համարել չի կարելի: Սրբազանին մեղադրում են իշխանությունը զավթելուն եւ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված կոչի համար: Պետք է պաշտոնապես հայտարարեմ, որ մեղադրանքը մեզ համար պարզ չէ: Մեղադրողները դատարանում այդպես էլ ոչ միայն չեն հիմնավորել, այլ նույնիսկ չեն ներկայացրել, թե ի վերջո սրբազանի կոչերն ինչի՞ն են ուղղված եղել՝ իշխանությունը զավթելո՞ւն, սահմանադրական կարգը բռնի տապալելո՞ւն, թե՞ դրանց երկուսին էլ: Եթե ուղղված է եղել դրանց երկուսին էլ, ապա հատկապես կոչի մեջ նշված որ հատվածը որին է վերաբերվել, քանի որ դրանք տարբեր հասկացություններ են: Մեղադրողները պարտավոր էին դատարանին համոզել, թե դրանցից որին է վերաբերվել կոչը եւ հատկապես կոչի որ հատվածը: Մեղադրողներն իրենց նեղություն չեն տվել վկաներ հրավիրել դատարան, որոնք կասեին, օրինակ, որ Միքայել սրբազանի խոսքերը որպես կոչ են ընկալել: Չեն հարցաքննվել նաեւ Գյումրիում կլոր սեղանի քննարկմանը մասնակցած անձինք: Մեղադրողները չեն փորձել հիմնավորել, թե ինչու եւ ինչպես են Քր.Օր.-ի 402 հոդվածի 2-րդ մասով մեղադրանք գրել, չէ՞ որ այդ մասը կարող էր կիրառվել, եթե սրբազանն իր կոչը հատուկ ԶԼՄ օգտագործելով տարածեր: Այնինչ պարզից էլ պարզ է, որ լրատվության միջոցը նկարահանում էր կլոր սեղան-քննարկումը, որտեղ սրբազանի խոսքերը ուղղված էին քննարկմանը ներկա մասնակիցներին եւ ոչ թե հանրության անորոշ շրջանակի:

Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը 2025թ. սեպտեմբերի 20-ին հայտարարել է Հայաստանի 4-րդ հանրապետության մասին: Այս կոչը նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը բացեիբաց հայտարարում են Հայաստանի ներկայիս հանրապետության քանդման մասին: Հենց սա՛ է սահմանադրական կարգը տապելելու կոչ: Ինչո՞վ է Միքայել սրբազանի ասածը դարձել քրեորեն արգելված կոչ, իսկ գործող իշխանության կոչերը չեն դարձել արգելված: Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները եւ գործողությունները, որոնք վերաբերում են Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելուն, չեն համարվում քրեորեն պատժելի արարքներ, իսկ Միքայել սրբազանի պատմությունն այդպիսին է համարվում: Սա՛ է խտրական վերաբերմունքի դրսեւորման ապացույցը:

Փաստաբանը կարծիք հայտնեց, որ դատավորը վախենում է իշխանությունից եւ աշխատանքը կորցնելուց: Դատավորը փորձում էր ընդհատել նրան:

Ամփոփելով խոսքը՝ փաստաբանն ասաց. «Գերաշնորհ Միքայել սրբազանը քաղաքական հետապնդման զոհ է, խախտվել է նրա արդար դատաքննության իրավունքը, ազատ արտահայտվելու իրավունքը, ազատության եւ անձնական անձեռմխելիության իրավունքը: Վերոգրյալից ելնելով՝ պահանջում եմ ճանաչել եւ հռչակել գերաշնորհ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անմեղությունը՝ կայացնելով արդարացման վճիռ»:

Տեսանյութն ամբողջությամբ՝ ստորեւ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930