87 տարեկանում մահացել է թունիսյան ծագումով իտալացի դերասանուհի Կլաուդիա Կարդինալեն՝ Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմում Արաքսիի դերակատարը։
Դերասանուհին մահացել է Ֆրանսիայի Նեմուր քաղաքում՝ իր երեխաների ընկերակցությամբ, ըստ նրա գործակալ Լորան Սավրիի, – նշում է BBC-ն։
«Կարդինալեն մեզ թողեց ազատ և ոգեշնչված կնոջ ժառանգություն՝ և՛ որպես կին, և՛ որպես արտիստ», – AFP լրատվական գործակալությանը ասել է Սավրին։
Հռչակի հասնելով իտալական կինոյի ոսկեդարում՝ վեց տասնամյակ տևած կարիերայի ընթացքում Կարդինալեն աշխատել է այնպիսի մեծությունների հետ, ինչպիսիք են Ֆեդերիկո Ֆելինին և Լուկինո Վիսկոնտին։
Ծնված լինելով Թունիսում սիցիլիացի ծնողներից 1938 թվականի ապրիլին, Կարդինալեն 16 տարեկանում հաղթել է գեղեցկության մրցույթում՝ ճանաչվելով «Թունիսի ամենագեղեցիկ իտալուհին»։ Մրցանակը Վենետիկի կինոփառատոն մեկնելն էր, որտեղ նրան մի շարք ռեժիսորներ և պրոդյուսերներ են դիմել՝ կինոարտադրության մեջ ներգրավելու համար։ Ավելի ուշ Կարդինալեն պատմել է, որ չէր ցանկանում հրաժարվել ուսուցչուհի դառնալու իր երազանքից՝ «հանուն կինոյում իր ուժերը փորձելու»:
Դերասանուհու կարիերայի սկիզբը նշանավորվեց դժվարություններով։ Նա դեռահաս տարիքում փոքր դերեր էր ընտրում, երբ նրան բռնաբարեցին։ Երբ իմացավ, որ հղի է, մի մենթոր համոզեց գաղտնի ծննդաբերել արտասահմանում՝ Լոնդոնում։ Մի քանի տարի հետո նա իր որդուն՝ Պատրիկին, մարդկանց որպես իր կրտսեր եղբայր ներկայացրեց։
Կարդինալեն և իր որդին՝ Պատրիկը: Լուսանկարը՝ AP
Քանի որ Կարդինալեն մեծացել էր՝ խոսելով ֆրանսերեն, արաբերեն և իր ծնողների սիցիլիական բարբառով, նրա առոգանությունն անընդունելի էր համարվում, և նրա ձայնը կրկնօրինակում էին այլ իտալացի դերասաններ:
Դերասանուհին ճանաչում ձեռք բերեց 1963 թվականին, երբ նկարահանվեց Ֆելինիի՝ «Օսկարի» արժանացած «8 ու կես»-ում և Վիսկոնտիի «Ընձառյուծ» էպիկական դրամայում՝ դառնալով Վիսկոնտիի «դասականը»։
«Վիսկոնտին ցանկանում էր, որ ես երկար մազերով շիկահեր լինեի։ Ֆելինին ցանկանում էր, որ շիկահեր լինեի», – մի առիթով ասել է Կարդինալեն։
Կարդինալեն 1960-ականներին աշխատել է Հոլիվուդում՝ նկարահանվելով Բլեյք Էդվարդսի «Վարդագույն հովազը» և Սերջիո Լեոնեի «Մի անգամ Արևմուտքում» ֆիլմերում, խաղացել այնպիսի դերասանների հետ, ինչպիսիք են Հենրի Ֆոնդան և Չարլզ Բրոնսոնը։
Քննադատները նրան գովաբանում էին, որպես «հետպատերազմյան եվրոպական հմայքի մարմնացում»։ Հետագայում իր կարիերայի մասին խոսելիս՝ Կարդինալեն նշել է. «Ամենալավ գովասանքը, որ ես երբևէ ստացել եմ, դերասան Դեյվիդ Նիվենից է եղել «Վարդագույն հովազը» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Նա ասաց՝ Կլաուդիա, սպագետիի հետ միասին, դու Իտալիայի ամենամեծ գյուտն ես»։
70-ականների սկզբին կինոպրոդյուսեր Ֆրանկո Քրիստալդիից բաժանվելուց հետո Կարդինալեն երկարամյա հարաբերություններ սկսեց նեապոլիտանցի ռեժիսոր Պասկուալե Սկվիտիերիի հետ, որից նա դուստր ունեցավ. աղջկան նույնպես Կլաուդիա կոչեցին:
Կարդինալեն նկարահանվել է մինչև 80 տարեկանը՝ 2020 թվականին խաղալով շվեյցարական «Բուլլե» հեռուստասերիալում։
2000 թվականին Կարդինալեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանը դարձավ՝ կանանց իրավունքների պաշտպանության իր պայքարի համար։
2002 թվականին Բեռլինի կինոփառատոնում դերասանուհուն մրցանակ շնորհվեց՝ կյանքի ընթացքում ունեցած նվաճումների համար:
«Ես ապրել եմ ավելի քան 150 կյանք՝ մարմնավաճառ, սուրբ, ռոմանտիկ, ամեն տեսակի կին, և հրաշալի է ունենալ այս հնարավորությունը փոխելու ինքդ քեզ», – ասաց նա։
Իտալիայի մշակույթի նախարար Ալեսանդրո Ջուլին դերասանուհուն անվանել է «բոլոր ժամանակների մեծագույն իտալացի դերասանուհիներից մեկը», որը մարմնավորում էր «իտալական նրբագեղությունը»։