Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ տարածքն ադրբեջանցի պատգամավորը կոչում է «Արևմտյան Ադրբեջան», անուն, որը շրջանառության մեջ է դրվել Ալիևի կողմից, այժմ նաև դասագրքերի մեջ ներառվել. Տաթևիկ Հայրապետյան

Սեպտեմբեր 24,2025 15:27

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

«Արևմտյան Ադրբեջանում՝ ներկայիս Հայաստանի տարածքում, տարիներ շարունակ անտեսված մզկիթների վերականգնումը երկու երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների բարելավման ֆոնին ամենասպասված քայլերից մեկն է։ Այս քայլը կարելի է դիտարկել որպես կարևոր ազդանշան, որը կարող է դրականորեն ազդել Ադրբեջանի պատմական և մշակութային ժառանգության պահպանման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության գործընթացի վրա», – այդ մասին ասել է Ադրբեջանի իշխող ուժի պատգամավոր Ջեյհուն Մամեդովը՝ նշելով. – «Հայաստանն ունի ավելի քան 300 մզկիթ, ինչպես նաև մոտ 500,000 արևմտյան ադրբեջանցիների գերեզմաններ և տասնյակ մշակութային հուշարձաններ։

Ադրբեջանի պահանջն է նաև, որ այդ մշակութային հուշարձանները վերականգնվեն։ Դրանց պաշտպանությունն ու վերականգնումը պետք է իրականացվի ներկայիս Հայաստանի տարածքում, որտեղ գտնվում են ադրբեջանական պատմամշակութային հուշարձանները։ Այս հարցերը բազմիցս բարձրացվել են Հայաստանի հետ բանակցություններում։ Հայերը նույնպես պետք է աշխատեն այդ պահանջները կատարելու ուղղությամբ, և, կարծում եմ, նրանք կկատարեն դրանք»։

Այստեղ կա երկու կարևոր դրվագ։ Մեկ, ՀՀ տարածքը Ադրբեջանի իշխող ուժի պատգամավորը կոչում է «Արևմտյան Ադրբեջան», անուն, որը չունի որևէ պատմական, աշխարհագրական, քաղաքական հենք, դա հստակ զավթողական հայեցակարգ է, որը շրջանառության մեջ է դրվել Ալիևի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 24-ին։ Այժմ նաև հանրակրթական դասագրքերի բովանդակության մեջ է ներառվել։

Երկրորդ դրվագն էլ այն է, որ երբ ՀՀ իշխանությունները համառորեն լռում են, նաև լռեցնում բոլոր նրանց, ովքեր խոսում են Արցախում եղած հայկական քրիստոնեական ժառանգության վերացման մասին, հարևան հակառակորդը իր համար հորինում է «մշակութային ժառանգություն» մեր երկրում։ Իրանական կապույտ մզկիթը մեկ անգամ չէ, որ «յուրացրել են», մնացածի հետ կապված էլ հորինում են, ինչ խելքներին փչի։ Ահա, այսպես, մեր ամրագրված իրավունքներից հրաժարումը ոչ միայն չի բերում սպասված բարիդրացիության, այլ հակառակը՝ ոգևորում է մեր դեմ մշակել զավթողական ծրագրեր ու առաջ քաշել գոյություն չունեցող իրավունքներ ու այդ ամենի մասին խոսվում  է հենց պետական մակարդակով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930