Կառուցվածքային և կադրային փոփոխություններ. 2020 թվականին՝ Արցախի դեմ պատերազմից հետո, Իլհամ Ալիևը ոչ միայն Ադրբեջանում, այլև Նախիջևանում իրականացրել է մի շարք փոփոխություններ։ Մասնավորապես՝ 2022 թվականի նոյեմբերին ՆԻՀ-ի Պետական անվտանգության ծառայությունն ու Պետական մաքսային ծառայությունը ստացել են մասնաճյուղի կարգավիճակ և ենթարկվել են Բաքվի կենտրոնական մարմիններին։ Այդ նույն ընթացքում էլ սկսվել են Նախիջևանի ներկա և նախկին մի շարք նախարարների ու պաշտոնյաների ձերբակալությունները։
2022 թվականի դեկտեմբերին Ալիևի ակնհայտ ճնշմամբ հրաժարական է տվել ՆԻՀ Մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովը։ Փոխարենը՝ Ալիևի որոշմամբ ստեղծվել է Նախիջանում Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցչի հաստիք, որին տրված են եղել Ինքնավար Հանրապետության պետական մարմինների նկատմամբ վերահսկողության լայն լիազորություններ։ Ադրբեջանի նախագահը դրանով, փաստացի, ինքնավարության ողջ իշխանությունը փոխանցել է իր «լիազոր ներկայացուցչին», որով էլ ՆԻՀ-ի պետական մարմիններն ուղղակիորեն ենթարկել է Բաքվին։
Կադրային և կառուցվածքային բարեփոխումների մասին Իլհամ Ալիևը նախանշել էր դեռևս 2019 թվականին: Դրան հաջորդել էր Թալիբովի կտրուկ արձագանքը՝ կապված Նախիջևանում նոր նշանակումների հետ։ Վիճելի թեմաները քննարկելու համար Ալիևը Թալիբովին երկու անգամ հրավիրել էր Բաքու, սակայն վերջինս մերժել էր հրավերները, ինչն էլ ավելի էր մեծացրել եղած լարվածությունը։ Թալիբովի դիմադրությունը կոտրելու նպատակով Բաքուն «գործի էր դրել» պետական լրատվամիջոցները։ Պատգամավորներ և այլ պաշտոնյաներ, ովքեր իրենց «դժգոհությունն» էին հայտնել Նախիջևանի ղեկավարության առնչությամբ, Բաքվին կոչ էին արել Նախիջևանում ստեղծել ավելի կենտրոնացված համակարգ։ Թալիբովի հարազատների ձերբակալությունների և Նախիջևանին տրամադրվող սուբսիդիաների (ՆԻՀ բյուջեի մեծ մասը) կրճատման արդյունքում 2022 թվականի դեկտեմբերին Թալիբովը մեկնել էր Բաքու՝ Իլհամ Ալիևի հետ հանդիպման։ Վերջինս, սակայն, հրաժարվել էր ընդունել նրան, որից հետո միայն 1995 թվականից Նախիջևանը ղեկավարող Թալիբովը հրաժարական էր տվել:
Փաստորեն՝ Իլհամ Ալիևն ի վերջո կարողացել էր «ազատվել» Նախիջևանի Ինքնավարության կարկառուն ջատագով Հեյդար Ալիևի երբեմնի համախոհից։
Կարդացեք նաև
ՆԻՀ-ում առանցքային դերակատարում ունեցող անձի հեռացման, դրան նախորդած և հաջորդած փոփոխությունների համատեքստում Ալիևի վարքագիծը կարելի է բնորոշել որպես Նախիջևանն ինքնավարությունից զրկելու հետևողական քաղաքականություն։ Սակայն այստեղ ուշադրության են արժանի այն հանգամանքները, թե Նախիջևանի իրավական կարգավիճակի փոփոխության շրջանակներում արտաքին խաղացողներից ովքե՞ր և ի՞նչ են «թույլատրել» Իլհամ Ալիևին։
Սահմանադրական փոփոխություններ. Ադրբեջանի Միլլի մեջլիսի կողմից ընդունված օրենքի համաձայն՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության (ՆԻՀ) Սահմանադրության մեջ կատարվել են հետևյալ փոփոխությունները․
1․ՆԻՀ Սահմանադրության նախաբանից հանվել են Մոսկվայի (16.03.1921) և Կարսի (13.10.1921) պայմանագրերին արված հղումները։ Սա այն պարագայում, երբ այդ պայմանագրերի հիման վրա է Նախիջևանը ստացել ինքնավար կազմավորման կարգավիճակ և անցել Ադրբեջանի խնամակալությանը։ Փոխարենը՝ ՆԻՀ Սահմանադրությունը համապատասխանեցվել է Ադրբեջանի Սահմանադրության 134-րդ հոդվածի երրորդ մասին՝ լրացվելով նոր դրույթով՝ «Նախիջևանն Ադրբեջանի Հանրապետության անբաժանելի մասն է»։
2․ՆԻՀ-ի գործադիր իշխանությունը՝ Նախարարների կաբինետը, իր աշխատակարգը որոշելու է՝ համաձայնեցնելով Ադրբեջանի նախագահի հետ։
Մինչ այդ փոփոխությունը՝ Նախարարների կաբինետը ենթարկվել է ՆԻՀ-ի օրենսդիր իշխանությանը՝ Մեջլիսին։ Նոր տարբերակով, փաստորեն, այն անմիջականորեն ենթարկվելու է Ադրբեջանի նախագահին, իսկ «Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցիչը» համարվելու է ՆԻՀ գործադիր իշխանության «մաս» և, ըստ էության, նրա գերագույն մարմինը։
Սահմանադրության նախաբանից Մոսկվայի և Կարսի պայմանագրերի հղումների բացառումն ու Նախիջևանն Ադրբեջանի անբաժանելի մաս հռչակելը վկայում են, որ Ալիևը, իրոք, լուծարում է ինքնավարության գոյության քաղաքական և իրավական կապը Թուրքիայի և Ռուսաստանի հետ։ Սա, իր հերթին, Ալիևին հնարավորություն կտա զերծ մնալ նախիջևանյան հարցերում արտաքին միջամտությունից, իսկ կադրային ու կառուցվածքային փոփոխությունների, կառավարման ուղղահայաց համակարգի ներդրման արդյունքում նաև՝ տեղական կլանային խմբերի հնարավոր դիմադրությունից։
Արդյունքում՝ կարող ենք եզրակացնել, որ Նախիջևանը ռուս-թուրքական հարաբերությունների տիրույթից հանելու, ինչպես նաև՝ Նախիջևանում Իրանի ազդեցությունը բացառելու նպատակով իրավական լրջագույն փոփոխություններ կատարելու թույլտվություն Ալիևը կարող է ստացած լինել առաջին հերթին Արևմուտքից՝ Միացյալ Նահանգների առաջնորդությամբ։ Այս համատեքստում՝ թույլտվություն կարող ենք համարել նաև այն հնարավոր շահառուների (Չինաստան, Հնդկաստան, Միացյալ Թագավորություն) առարկության բացակայությունը, որոնց համար ևս էական է Նախիջևանի կայուն կարգավիճակը, եթե երաշխավորվի, որ Նախիջևանի տարածքով տրանսպորտային «Հյուսիս-հարավ»-ի, չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»-ի կամ «Միջին միջանցք»-ի նկատմամբ հսկողությունն այդ 3 երկրներից «հեռու կպահվի»։ Սրա վկայությունն են նաև ադրբեջանցի պատգամավորների և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հայտարարությունները, որոնցում Նախիջևանի Սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունն ուղղակիորեն կապվում է ճանապարհային հարցերի հետ։