Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում այսօր ունենք միջավայր, որը միջազգային առումով մրցունակ է առկա սարքավորումներով և հետազոտական ներուժով. Ժաննա Անդրեասյան

Սեպտեմբեր 24,2025 17:20

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ներկա է եղել ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի 90-ամյակի և ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի 10-ամյակի միջոցառմանը: Կենսաբանության ֆակուլտետի նախաձեռնությամբ ԵՊՀում մեկնարկել է նաև «Կենսաբանական գիտություններ և բնապահպանական լուծումներ՝ հանուն կայուն զարգացման նպատակների» խորագրով միջազգային գիտաժողովը՝ նվիրված վերոնշյալ հոբելյաններին:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետի խորհրդական Վահրամ Դումանյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, գործադիր մարմինների, միջազգային տարբեր կառույցների, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է ներկաներին հոբելյանների առիթով՝ ընդգծելով, որ այն նշանավորվում է միջազգային գիտաժողովի անցկացմամբ. «Այս միջոցառումը բոլորիս համախմբել է մի հարթակում, որտեղ պատրաստվում ենք քննարկել մեր ժամանակի ամենակարևոր խնդիրները և դրանց լուծմանը միտված ջանքերը։ Սա լավագույն վկայությունն է այն ձեռքբերումների, որոնք արձանագրում է ֆակուլտետն իր գործունեության ընթացքում: Թերևս չափազանցություն չի լինի ասել, որ կենսաբանական գիտությունների կրթական և հետազոտական ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքը մեր ամենաակտիվ գործող ուղղություններից է, և դա տեսանելի է գիտական հրապարակումներում, լաբորատորիաներում իրականացվող աշխատանքներում, ինչպես նաև կրթական գործընթացի ցուցանիշներում, որոնք վկայում են տարեցտարի այս ուղղությունների նկատմամբ աճող հետաքրքրության մասին: Այն տեսանելի է նաև իր միջազգային մասնակցությամբ. այսօր ֆակուլտետը հյուրընկալում է արտերկրի տարբեր հետազոտողների և ուսանողների, որոնք մաս են կազմում թե՛ կրթական, թե՛ հետազոտական գործընթացի։ Սա է ժամանակակից բարձրագույն կրթությունը ու հետազոտությունը, և երբ խոսում ենք այդ գործունեության մասին, առաջին հերթին նկատի ունենք միջազգային մրցունակությունը, որը մեր աշխատանքը դարձնում է չափելի և տեսանելի ոչ միայն Հայաստանի ներսում, այլ նաև մեր երկրից դուրս: Կարծում եմ, որ կենսաբանության ֆակուլտետի օրինակն այս իմաստով ուղենշային է: Ուրախ եմ նաև, որ այս խոսակցությունն ունենում ենք «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի համատեքստում, ինչի կապակցությամբ ուզում եմ շնորհավորել բոլորիս, որովհետև այս օրենքը բոլորովին նոր հնարավորություններ է բացում առաջին հերթին հենց այսպիսի գործունեության համար՝ միջազգայնացման, որակական նոր չափանիշների հաստատման և բազմաթիվ այլ ուղղություններով»,-նշել է նախարարը՝ հույս հայտնելով, որ բուհերը կօգտվեն բոլոր այդ հնարավորություններից:

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև կենսաբանության ֆակուլտետում ձևավորված ենթակառուցվածքներին, որոնք, նախարարի խոսքով, իրոք տպավորիչ են: «Ֆակուլտետում այսօր ունենք մի միջավայր, որը միջազգային առումով մրցունակ է առկա սարքավորումներով և հետազոտական ներուժով, և վստահ եմ, որ այն կծառայի նաև ի նպաստ մեր երկրի զարգացման: Մեր շատ կարևոր որոշումներ կախված են հետազոտողների, գիտնականների, դասախոսների քննարկումներից, և հուսով եմ, որ համաժողովի արդյունքում կունենանք նաև առաջարկությունների մի շարք, որոնք մեր համապատասխան մարմինները կդիտարկեն մշակվող հետագա քաղաքականությունների շրջանակում»,-շեշտել է նախարարը:

Արդյունավետ գիտական գործունեության, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում և Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտում կատարված մեծածավալ աշխատանքներում զգալի ներդրման համար, ինչպես նաև ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի 90-ամյա և Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի 10-ամյա հոբելյանների կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության ոսկե մեդալով է պարգևատրվել Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Արմենի Թռչունյանը: ԿԳՄՍՆ ոսկե մեդալով է պարգևատրվել նաև ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկան Կարեն Արամայիսի Ղազարյանը։

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930