«Մասնավոր խուզարկուները` ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Կանադայում, Բրիտանիայում, Իտալիայում, զարգացած երկրներում պետության կողմից պաշտպանված են, նրանք ունեն լիիրավ զենք կրելու, հատուկ պաշտպանության միջոցներից օգտվելու իրավունք, դատարանի միջոցով ստանալու գաղտնալսման իրավունք, պետության կողմից տրված ապահովագրություն, բավական հարգված են: ԱՄՆ մուտք գործելիս, սահմանային անցակետում երբ իմացան մասնավոր խուզարկու եմ, բավական հարգանքով էին վերաբերվում, ասացին, որ շատ մեծ պատիվ է»,-ասաց «Գաբրիելյան ընդ Փարթներս» դետեկտիվ բյուրոյի հիմնադիր տնօրեն Հայկ Գաբրիելյանը:
Սեպտեմբերի 2-7-ը ԱՄՆ Չիկագո քաղաքում կայացավ Դետեկտիվների համաշխարհային ասոցիացիայի տարեկան հոբելյանական գագաթնաժողովը, նվիրված ասոցիացիայի հիմնադրման 100-ամյակին։ Գագաթնաժողովը հրավիրվեց նույն այն հյուրանոցում` Դրեյկ, նույն այն օրը, երբ հիմնադրվել է ասոցիացիան:
«Առավոտի» հետ զրույցում երեկ այդ մասին տեղեկացրեց Բյուրոյի հիմնադիր տնօրեն Հայկ Գաբրիելյանը: Վերջինս հանդիպումներ է ունեցել Դետեկտիվների Համաշխարհային Ասոցիացիայի նորընտիր նախագահ Ֆիլիպ Ռայֆելի, նախկին նախագահ, Խորհրդի անդամ, Բրիտանիայի դետեկտիվների ասոցիացիայի նախագահ Մայք Լա Կորտի, նախկին նախագահ, Խորհրդի անդամ Ալեքսեյ Սոլոմոնադինի, ինչպես նաեւ նորընտիր փոխնախագահ Ալեքս Աուսլանդերի հետ։ Հանդիպումների նպատակն էր քննարկել Հայաստանում մասնավոր խուզարկուական գործունեության զարգացման եւ միջազգային գործընկերային հարաբերությունների ամրապնդման հարցերը:
Կարդացեք նաև
Կոնֆերանսի բացման օրը Հայկ Գաբրիելյանն Ասոցիացիայի աշխատակազմին է փոխանցել Հայաստանի Հանրապետության դրոշը, որն այժմ զբաղեցնելու է պատվավոր տեղը ասոցիացիայի անդամ խորհրդակցության շուրջ 100 երկրների դրոշների շարքում։
Դետեկտիվների Համաշխարհային Ասոցիացիայի նորընտիր խորհրդի միաձայն որոշմամբ՝ «Գաբրիելյան ընդ Փարթներս» դետեկտիվ բյուրոյի հիմնադիր տնօրեն Հայկ Գաբրիելյանը ընտրվել է Ասոցիացիայի դեսպան (Ambassador)։ Հենց դրանից էլ սկսվեց մեր զրույցը նրա հետ:
-Ինչ կարգավիճակ է դեսպանի կարգավիճակը, կա ՞ն արտոնություններ, ինչ է այն տալու Հայաստանի Հանրապետությանը:
-Ես դետեկտիվների Համաշխարհային Ասոցիացիայի Խորհրդի միաձայն որոշմամբ ընտրվեցի Ասոցիացիայի դեսպան, որը ինձ ստատուս է տալիս Անդրկովկասում, Միջին Ասիայում…
-Հայաստանը չունի Մասնավոր խուզարկուական գործունեության մասին օրենք, որքանով է համահունչ, երբ մենք վերահսկենք այդ պետություններին:
-Դա վերահսկողություն չէ, մեթոդական, գործնական օգնության, աջակցության շրջանակներ են, որպեսզի այդ փորձը փոխանցվի, որակյալ ծառայություն մատուցվի: Այդ երկրների հանդեպ Հայաստանի ստատուսը մի քանի քայլ բարձր է պահում, նրանք անդամ էլ չունեն այդ ռեգիոնում, միակ անդամը մենք ենք ամբողջ ռեգիոնում: Ես իրականացնում եմ համաշխարհային ասոցիացիայի կողմից տրամադրված իրավազորության վերահսկողություն, ոչ թե Հայաստանի օրենքով:
Վրաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը դեռ օրենք չունեն, Տաջիկստանը, Թուրքմենիան, Ուզբեկստանն ընդհանրապես դետեկտիվ չունեն:
– Ովքեր էին մասնակցում:
– Միջոցառմանը մասնակցեցին շուրջ 500 պատվիրակներ աշխարհի 86 երկրներից։ Կոնֆերանսին մասնակցում էր նաեւ Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս մեր դետեկտիվ բյուրոյի պատվիրակության:
Երկկողմ հանդիպումներ ունեցանք Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ռուսաստանի, Ճապոնիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Հնդկաստանի, Նեպալի, Իսպանիայի, Սերբիայի, Շվեյցարիայի, Իսրայելի, Նիգերիայի, Թայվանի, Հորդանանի, Բոլիվիայի եւ ԱՄԷ-ի առաջատար մասնավոր խուզարկուական ընկերությունների ղեկավարների հետ՝ քննարկելով մասնագիտական փոխօգնության եւ գործընկերային կապերի ամրապնդման հարցեր։ Մասնակցել ենք Ասոցիացիայի նախագահի եւ փոխնախագահների ընտրության քվեարկությանը:
-Եղա՞ն քննարկումների ժամանակ նոր մարտահրավերների մասին բարձրաձայնումներ, մասնավոր խուզարկուները ինչ խնդիրների առաջ են կանգնած, գաղտնիք չէ, որ փոխվել են որոշ երկրներում իրավակարգերը, իրավահարաբերությունները, արդյոք նրանց` մասնավոր խուզարկուների դերը նվազե ՞լ է, վտանգվա ՞ծ է, թե՝ ոչ:
-Նոր իրավակարգավորումներում հակառակը, առավել քան բարձրացել է մասնավոր խուզարկուների դերը, այն դարձել է շատ պահանջված:
Նաեւ Հայաստանում է այդ հարցը լինելու, երբ մասնավոր գանգատի ինստիտուտը մտնի, դետետիվը աջակցի տուժողներին:
Իրականում, կիբեռհանցագործությունները, թմրանյութերի ապօրինի շրջանառությունը, թրաֆիքինգը մարտահրավերներ են: Շատ երկրներում խնդիրներ չունեն, երբ պետության հետ համագործակցում են դետեկտիվ ընկերություները:
Նաեւ ուզում եմ անպայման նշել, որ կոնֆերանսին մասնակցում էին ԱՄՆ-ից եւ Կանադայից ազգությամբ հայ մասնավոր խուզարկուներ, որոնք ունեն հանրաճանաչ խուզարկուական ընկերություններ: Ես հյուր եղա Հարրի Կազակյանի (նա հանդիսանում է Կալիֆոռնիայում գործող USA Express Legal & Investigative Services Inc մասնավոր խուզարկուական ընկերության հիմնադիրը եւ գլխավոր գործադիր տնօրենը։ Հիմնադրվելով Վուդլենդ Հիլզում, Կալիֆոռնիա, 1998թ., ընկերությունը զբաղվում է ռիսկերի վերահսկման եւ դժբախտ պատահարների եւ անօրինական մահվան դեպքերի հետաքննությամբ՝ հատուկ ուշադրություն դարձնելով զոհերի, վերապրածների եւ նրանց ընտանիքների արդարադատության ապահովմանը-Ռ.Մ.) խուզարկուական գրասենյակում, որը Լոս Անջելեսում ամենաճանաչվածն է, Կալիֆոռնիայում ունի երեք գրասենյակ:
Այն երկրներում, որտեղ լավ օրենք, ամուր օրենսդրություն կա, խուզարկուն պաշտպանված է, եւ ունի բավական արտոնյալ կարգավիճակ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
24.09.2025