Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը Ճշմարտախոս սրբազանին մեղավոր ճանաչելով՝ մեղավոր ճանաչեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն։ Ճիշտ այնպես, ինչպես Բաքվի բանտերում դատվում է Հայաստանի պետությունը. Գենադի Մնացականյան

Սեպտեմբեր 25,2025 12:46

Ինչպես և սպասելի էր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ և Գերագույն Հոգևոր խորհրդի անդամ Գերաշնորհ Տեր Միքայել արք․ Աջապահյանը դատարանի կողմից մեղավոր ճանաչվեց։ Դեռևս ուժի մեջ է մնում դատարանի վերջնական որոշմամբ քրեակատարողական հիմնարկներից որևէ մեկում Միքայել սրբազանի չհայտնվելու հնարավորությունը։ Սրբազան հոր փաստաբանները կարծես ավելի շատ հակված են նրան, որ առնվազն մինչև հերթական ընտրությունները իշխանությունները կփորձեն անազատության մեջ պահել սրբազանին, սակայն մենք պետք է շարունակենք աղոթել և հույս փայփայել, որ այդուհանդերձ, սրբազանը շատ շուտով հնարավորություն կունենա իր հոգևոր ծառայությունը շարունակելու արդեն ազատության մեջ։

Ես բոլոր անազատության մեջ գտնվողներին ազատություն եմ մաղթում, սակայն որպեսզի հստակորեն պարզ լինի թե, որ սրբազանի մասին է խոսքը՝ ես Գերաշնորհ Տեր Միքայել արք․ Աջապահյանին կանվանեմ Ճշմարտախոս սրբազան, քանի որ նա իր տառապանքներով արժանացավ այդ անվանը, քանի որ նա հենց դատարանում ասաց, որ «ինչ ասել եմ՝ ճիշտ եմ ասել ու հիմա էլ եմ ասում ու հաստատում ասածս»։ Այս խոսքերը հավասարազոր են «ես պատրաստ եմ իմ խաչը կրելու, որքան էլ այն ծանր լինի» խոսքերին։

Արդեն առնվազն երկու արտախորհրդարանական ընդդիմադիր ազգային ուժեր բարձրաձայնել են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և ազգային արժեքները պաշտպանելու և պահպանելու գործում Եկեղեցուն աջակից լինելու մասին։ Ես նկատի ունեմ «Մեր ձևով» ժողովրդական շարժումը և «Մայր Հայաստան» կուսակցությունը, որը կարճ ՄԱՀԱԿ է անվանվում։ Երեկ՝ սեպտեմբերի 24-ին դատարանը Ճշմարտախոս սրբազանին մեղավոր ճանաչելով՝ մեղավոր ճանաչեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն։ Ճիշտ այնպես, ինչպես Բաքվի բանտերում դատվում է Հայաստանի պետությունը։

Կոնկրետ այս դրվագում ես չեմ նույնականացնում որևէ մեկի անձը Եկեղեցու կամ պետության հետ, սակայն հարցի խորքային ուսումնասիրությամբ յուրաքանչյուր ոք կարող է համոզվել, որ երեկ դատարանը մեղավոր ճանաչեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, որովհետև Ճշմարտախոս սրբազանը գործող թեմակալ առաջնորդ է և Գերագույն Հոգևոր խորհրդի անդամ։ Օրերս ՄԱՀԱԿ-ը ընդդիմադիր դաշտի միասնության անհրաժեշտության մասին հերթական անգամ բարձրաձայնեց ու խելամիտ առաջարկ արեց, որը կարծում եմ ճիշտ ժամանակին է արվել։

Գործող օրենքների սահմաններում 24/7 ռեժիմով բանակցե՛ք, միացե՛ք ու պայքարե՛ք և Աստծու օրհնությամբ կունենանք Ազգային Պետություն, որին կհարգեն ամբողջ աշխարհում և որտեղ Արդարադատությունը այսքան այլասերված չի լինի անձնական կամ քաղաքական քինախնդրությամբ։

Գենադի Մնացականյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930