Վալոդյա Գրիգորյանի եւ Կարեն Աբրահամյանի սպանության պատվիրատուն եւ սպանություն կատարծ անձը դեռ հայտնի չեն։ Այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Ես չեմ մասնակցել որեւէ քննարկման, բայց կարծում եմ, որ դուք էլ տեսել եք, որ Ներքին գործերի նախարարությունն այս դեպքից անմիջապես հետո սկսել է իր ակտիվ աշխատանքը, որպեսզի ի վերջո հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել»,- նշեց նա։
Հարցին, որ անցել է մեկ օր, որեւէ ձերբակալված չկա, սա արդյոք չի նշանակո՞ւմ, որ աշխատանքն արդյունավետ չէ, Սրբուհի Գալյանը պատասխանեց․ «Աշխատանքի արդյունավետությունը չափելու համար մենք պետք է սպասենք»։
Լրագրողները նկատեցին, օրինակ, սոցիալական ցանցերում գրառում անողներին, Միքայել սրբազանին, Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած քաղաքացուն անմիջապես հայտնաբերում ու կալանավորում են, բայց երբ ընդդիմադիր համյանքապետ են սպանում, չկա ձերբակալված։ Նախարարն ի պատասխան ասաց․ «Կներեք, ձեր հարցադրման տողատակը ո՞րն է, որ բավարար ջանք այս դեպքում կարող է եւ չգործադրվե՞լ։ Ձեր ասածից ստացվում է այնպես, որ մեր պետությունում սպանության դեպքի առթիվ կարող է բավարար ջանք չգործադրվե՞լ»։
Կարդացեք նաև
Հարցին՝ եթե իրավապահ պարմիններն իրենց գործը լավ կատարեին, հնարավո՞ր էր կանխել այս ողբերգությունը, Սրբուհի Գալյանը պատասխանեց․ «Ձեր հարցին նախաքննությունը կպատասխանի, գուցե եւ հնարավոր էր, գուցե եւ հնարավոր չէր։ Մենք իդեալական աշխարհում չենք ապրում, մեր երկրում, այո, տեղի են ունենում հանցավոր արարքներ, եւ պետությունը ոչ բոլոր արարքներն է հասցնում կանխել։ Եվ դա ամբողջ աշխարհում է։ Այո, բավարար ջանք պետք է գործադրվի։ Մենք չգիտենք դեռ հանցագործություն կատարած անձինք ովքեր են, պատվիրատուներն ովքեր են, եթե կան այդպիսիք։ Մենք չգիտենք՝ հանցագործության մոտիվը որն է, արդյոք դա անձնական է, արդյոք կապվա՞ծ է անձի ծառայողական պարտականությունների կատարման հետ։ Այսինքն՝ մենք չունենք որեւէ ելակետ, որ ես հիմա ձեզ հետ այստեղ քննարկեմ, ասեմ՝ այս-այս պատճառներով է դա տեղի ունեցել, իսկ այս-այս մարդիկ գուցե իրենց աշխատանքում թերացել են»։
Նախարարը նաեւ նշեց, որ հանցավորության մակարդակով Հայաստանը բարվոք վիճակում է գտնվում, եթե համեմատվենք տարածաշրջանի եւ այլ երկրների հետ։
«Վարդագույն ակնոց, կարծում եմ, ոչ ոքի աչքերին չկա։ Իհարկե, պետությունը բավարար ջանքեր պետք է գործադրի, որպեսզի կանխարգելի հանցագործությունները։ Եվ նաեւ մենք մշակում ենք առանձին ռազմավարություն, որն ուղղված է հենց հանցավորության թվերի նվազմանը եւ հանցագործությունների կանխարգելմանը։ Այդ առումով խնդիրը միայն դրված չէ իրավապահ մարմիների կամ ոլորտում քաղաքականություն մշակող մարմնին առջեւ, այլ խնդիրը շատ ընդհանուր է։ Եվ խնդրի լուծման պատասխանատուն յուրաքանչյուր քաղաքացի է, շատ լայն սպեկտորի քաղաքացիներն են նաեւ պատասխանատուները՝ սկսած մեր երեխաների կրթությունից։ Այսինքն՝ սա երկար պրոցես է։ Քաղաքացին խնդիր չունի իրեն անվտանգ չզգալու, որովհետեւ մինչ այս պահը համատարած հանցագործությունների վերաբերյալ որեւէ տվյալ չենք ունեցել, իսկ առանձին դեպքեր եղել են եւ կան»,- հավելեց նա։
Հարցին՝ պաշտոնանկություններ կլինե՞ն, Սրբուհի Գալյանը պատասխանեց․ «Մենք որեւէ մանրամասների չենք տիրապետում, հետեւություններ չենք կարող անել, եւ հետեւաբար չեմ կարող ասել՝ պաշտոննակություններ կլինեն, թե ոչ»։
Մանրամասները՝ տեսանյութում.
Դիտարկմանը, որ վտանգավոր հանցագործներն ազատության մեջ են, նա պատասխանեց, որ սպանության մեջ բազամաթիվ մեղադրվողներ այժմ կրում են կալանք խափանման միջոցը տարբեր քրեակատարողական հիմնարկներում։ «Բայց կարող է լինել իրավիճակ, երբ կապ չունի հանցանքի ծանրությունը, նույնիսկ սպանության մեջ մեղադրվող անձը կրի խափանման այլ միջոց։ Այսինքն՝ դատարանը որոշի, որ պետք է այլ խափանման միջոց նշանակի տվյալ անձի նկատմամբ, որովհետեւ խափանման միջոցի տեսակի հիմքում ոչ թե հանցագործության ծանրությունն է, այլ մի շարք այլ հանգամանքներ»,- ասաց նա։
Ըստ Գալյանի՝ տնային կալանքի մեջ է գտնվում 900 անձ, իսկ 1600-ից ավելի անձ այժմ գտնվում է կալանքի տակ։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ