Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտության օրենք՝ առանց ռազմավարական ծրագրերի. «Գիտուժ»

Սեպտեմբեր 25,2025 15:19

2025 թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցումով ընդունվեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը [1,2]։ «Գիտուժ» նախաձեռնությունը, հավատարիմ մնալով իր արժեքներին և առաքելությանը, կարևոր է համարում ներկայացնել իր դիրքորոշումն օրենքի և դրա մշակման գործընթացի վերաբերյալ։

Գործընթացի դրական կողմերը

«Գիտուժ» նախաձեռնությունը բարձր է գնահատում հետևյալ ձեռքբերումները․

  1. «Հետազոտություններ և մշակումներ» եզրույթի օրենսդրական սահմանում

Առաջին անգամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունում հստակ սահմանվեց «հետազոտություններ և մշակումներ» (ՀևՄ) եզրույթն՝ օգտագործելով միջազգայնորեն ընդունված սահմանումը [3]։ Սա «Գիտուժ» նախաձեռնության հիմնադրումից ի վեր օրակարգային կարևոր կետերից մեկն էր։ Այս սահմանումը հստակ ցույց է տալիս, որ «գիտական հետազոտություններ» հասկացությունը «հետազոտություններ և մշակումներ» հասկացության մաս է կազմում, սակայն դրանք տարբեր երևույթներ են։

  1. Օրենսդրական նախագծի փոփոխություններ

Քննարկումների ընթացքում Գիտուժի առաջարկությունների հիման վրա նախագծում կատարվեցին կարևոր փոփոխություններ․

ա) գերատեսչական պատկանելության գիտական կազմակերպություններն այլևս սահմանափակված չեն միայն տվյալ գերատեսչության խնդիրներով և կկարողանան իրականացնել այլ գերատեսչությունների և մասնավոր հատվածի պատվերներ։

բ) օրենքն այլևս չի նախատեսում ՀՀ ԳԱԱ ինստիտուտների պարտադիր ներառումը համալսարանների կազմում, այլ պահանջում է դրանք համապատասխանեցնել օրենքով սահմանված պետական գիտական կազմակերպությունների տեսակներին, ինչը հնարավորություն է ընձեռնում ինստիտուտը պահպանել ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության տակ կամ նույնիսկ փոխանցել այլ գերատեսչությանը։

  1. Կառուցողական համագործակցություն

Օրենքի մշակման ընթացքում, «Գիտուժ» նախաձեռնության դիմումի հիման վրա, ՀՀ Ազգային ժողովը կազմակերպեց երկու հանրային քննարկում [4,5]։ ԿԳՄՍ նախարարության հետ կայացած առանձին հանդիպումների և օրենքի թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում [6,7] լսելի դարձան մեր բարձրացրած խնդիրները, և նախարարությունն ընդունեց մեր առաջարկությունների զգալի մասը։

Գործընթացի բացթողումներ և հնարավորություններ

Չնայած ձեռք բերված առաջընթացին, «Գիտուժ» նախաձեռնությունը շարունակում է մտահոգված մնալ հետևյալ հարցերով․

  1. Հայաստանի մրցունակության և պետական գիտատեխնոլոգիական ծրագրերի միջև խզում

Օրենքն ընդունվում է առանց անվտանգային ՀևՄ, տնտեսական ՀևՄ և ակադեմիական հետազոտությունների միասնական պետական ռազմավարական շրջանակի առկայության։ Մասնավորապես, բազմիցս քննարկվող բարձր-տեխնոլոգիական արդյունաբերության, ռազմարդյունաբերության, տիեզերական գործունեության ռազմավարությունները դեռ չեն մշակվել կամ գործարկվել։ Հայաստանում չկա գործող նորարարության ռազմավարություն։ Գիտության ռազմավարությունը նույնպես գտնվում է մշակման փուլում։

Այս բացը բերում է ջանքերի մասնատման։ Խնդիրը խորանում է նաև նրանով, որ կառավարությունը չունի հատուկ մարմին, որը կֆինանսավորի ռազմավարական կիրառական ՀևՄ ծրագրերը, ներառյալ հումանիտար և հասարակագիտական բնագավառներում։

Առանց այդ ռազմավարական շրջանակի առկայության՝ ահռելի ռեսուրսներ են դրվում ակադեմիական գիտության համակարգի կառուցվածքային փոփոխությունների մեջ՝ չունենալով հստակություն, թե ինչպես է դա ծառայելու Հայաստանի Հանրապետությանը։ Մասնավորապես, վերջերս հրապարակված 2026-2030թթ. գիտության և տեխնոլոգիաների գերակայությունների նախագիծը [8] ցույց է տալիս, թե ինչի է բերում պետական կարիքներից բխող ՀևՄ ռազմավարական շրջանակի անտեսումը. նախագիծը հիմնված է միայն միջազգային միտումների վերլուծության վրա։ Սա առավել մտահոգիչ է, հաշվի առնելով, որ տվյալ գերակայությունները ֆինանսավորվելու են ՀՀ հարկատուներից հավաքագրված գումարներով։

  1. Համալսարաններից անկախ ինստիտուտների ցանցերի բացառումը

Օրենքը բացառում է ինքնակառավարվող պետական գիտական կազմակերպությունների ցանցերի գոյությունը, ինչպիսիք գործում են բազմաթիվ զարգացած երկրներում (գերմանական Ֆրաունհոֆերի ասոցիացիա, սինգապուրյան A*STAR, լեհական գիտությունների ակադեմիա, անգլիական Catapult ցանցը և այլն)։ Այս սահմանափակման համար չի ներկայացվել հստակ և փաստարկված հիմնավորում։ Կարևոր է նշել, որ օրենսդրական հնարավորությունը չի նշանակում պարտավորություն ստեղծելու նման ցանցեր այս պահին։ Նույնիսկ եթե ԿԳՄՍ նախարարության քաղաքականությունը ենթադրում է Հայաստանում այդպիսի միակ ցանցի՝ ՀՀ ԳԱԱ գիտական ինստիտուտների համակարգի միանվագ վերացում, դրա համար անհրաժեշտ չէ օրենսդրորեն բացառել այդպիսի կազմավորումների հնարավորությունը։

Ավելին, ՀՀ ԳԱԱ համակարգի բոլոր ինստիտուտների միանվագ դուրսբերումն իրականացվում է առանց բավարար փաստարկների և աստիճանական մոտեցման։ Չնայած նրան, որ օրենքի նախագծի նախնական տարբերակից հեռացվեցին որոշ որակումներ, վերջնական տարբերակում [2] այդպես էլ չկան ՀՀ ԳԱԱ ինստիտուտների համակարգի արդյունավետության բազմակողմանի վերլուծություն և դրա վրա կառուցված ինստիտուտների միանվագ դուրսբերման հիմնավորում։ Գիտական ինստիտուտների ղեկավարների հետ շփումները ցույց են տալիս, որ իրենց կողմից բարձրաձայնված բազմաթիվ խնդիրներ մնացել են անպատասխան։

Առաջարկություններ

«Գիտուժ» նախաձեռնությունը պահանջում է փաստահեն և նպատակային որոշումների կայացում ու կոչ է անում ՀՀ կառավարությանը և ՀՀ Ազգային ժողովին․

  1. Մշակել և ներդնել ՀևՄ միասնական ռազմավարական շրջանակ, որը հիմնված կլինի պետական կարիքների վրա։ Մշակել և ներդնել ակադեմիական գիտության ռազմավարություն ու գերակայություններ՝ հիմնվելով ՀՀ տնտեսական և անվտանգային ՀևՄ ռազմավարական ծրագրերի վրա։
  1. Ձևավորել պետական մարմին՝ նախարարությունների վերահսկողությունից դուրս, որը պատասխանատու կլինի անվտանգային և տնտեսական կարևորություն ունեցող կիրառական ՀևՄ ծրագրերի ֆինանսավորման համար՝ լրացնելով ներկայում գործող մասնակի մեխանիզմները։
  1. Ապահովել կառուցվածքային փոփոխությունների նպատակայնությունը՝ հիմնվելով առաջին հերթին Հայաստանի Հանրապետության կարիքների վրա։ Առկա ինստիտուտներն ունեն պետական խնդիրներ լուծելու կարողություններ և այդ կարողությունների զարգացնելու ներուժ։ Այս կարողությունները, մի շարք բնագավառների դեպքում, կհայտնվեն սահմանափակումների տակ, եթե միավորվեն համալսարաններին։ Քանի դեռ վերոնշյալ ռազմավարությունների շրջանակը և համապարփակ ֆինանսավորման մեխանիզմները չեն ներդրվել, առավել կարևոր է, այդ կարողությունների պահպանումը ու զարգացումը։

Հղումներ

[1] ՀՀ Ազգային ժողովի օրակարգի կետ և որոշում, http://www.parliament.am/

[2] «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենք, http://www.parliament.am/draftreading_docs8/K-1074_DR2.pdf

[3] Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն, Ֆրասկատի ձեռնարկ, https://www.oecd.org/en/publications/frascati-manual-2015_9789264239012-en.html

[4] ՀՀ Ազգային ժողով, «Գիտության և տեխնոլոգիայի դերը Հայաստանի անվտանգության ամրապնդման և տնտեսության զարգացման գործում» թեմայով աշխատանքային քննարկում, 19.11.2024թ, http://www.parliament.am

[5] ՀՀ Ազգային ժողով, «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի թեմայով աշխատանքային քննարկում, 09.04.2025թ,  http://www.parliament.am

[6] Հանդիպում ԿԳՄՍ նախարարության հետ, 16.07.2025թ, https://hetq.am/hy/article/175663

[7] Խորհրդարանական լսումներ «Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնարար ուղղությունները» թեմայով, 27.06.2025թ,  http://www.parliament.am

[8] «Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման 2026-2030 թվականների գերակայությունները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ, 08.08.2025թ, https://www.e-draft.am/projects/9009

«Գիտուժ» նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930