Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչատրյանական օրհնությամբ եւ Արցախն աշխարհին ներկայացնելու հաստատակամությամբ

Սեպտեմբեր 25,2025 16:01

«Երաժշտությունն այն ուժն է, որը տալիս է մեծ էներգիա՝ երազելու էներգիա, որի կարիքը շատ ունենք»,- Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, UNICEF-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանն է ասում։

Իսկ երազանքը՝ աշխարհին Արցախի մասին հիշեցնելն է, անընդհատ Արցախի մասին խոսելը։ Ու այդ նպատակով է, որ մաեստրոն 2023 թվականին՝ արցախցիների բռնի տեղահանումից հետո, նախաձեռնեց «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագիրը։ Ծրագիրը շարունակում է իր կարեւոր առաքելությունը՝ աջակցել Արցախից տեղահանված եւ Հայաստանում բնակվող պատանի երաժիշտների մասնագիտական կրթությանը եւ մասնագիտական զարգացմանը։

«Ծնվել եմ Արցախում» ծրագրի առաջին համերգը, որը յուրահատուկ ճամփորդություն էր դասական երաժշտության աշխարհում, կայացավ երեկ՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում։ Ծրագրի 23 շահառուները հանդիսատեսին ներկայացան առաջին սոլո-ելույթներով՝ ապացուցելով, որ նույնիսկ ամենադժվար պայմաններում արվեստը մնում է ուժի, տոկունության, հույսի աղբյուր։

«Արվեստ 23» հասարակական կազմակերպության նախագահ Աննա Տեր-Հովակիմյանը նկատում է՝ բնավ էլ պատահական չէ ընտրված առաջին համերգի վայրը։ Այն խորհուրդ ունի՝ խաչատրյանական օրհնությամբ արցախցի երիտասարդ երաժիշտներին ճանապարհել աշխարհի տարբեր բեմեր։ Նաեւ հավելում է․ «Այս ծրագրով փորձում ենք խթանել արցախյան մշակութային ժառանգության առաջխաղացումը։ Հավատում ենք, որ հենց  արցախցի այս երիտասարդների օգնությամբ Արցախի անունը երկար տարիներ լսելի կլինի աշխարհի տարբեր բեմերում»։

Ծրագրի շահառու 23 երիտասարդներն ընտրվել են պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից։

«Տաղանդը մեծ ուժ ունի, որի մասին խոսում ենք, բայց կարելի է պատկերացնել, լսել, հավատալ։ Տաղանդի մասին կարելի է ոչ միայն իմանալ, այլ նաեւ հիանալ այդ տաղանդով․ տաղանդ, որը նաեւ պատմություն ունի, պատմություն, որն ունի երաժշտական գեն, գեն, որն ունի ուժ, ուժ, որը տալիս է մեծ երազելու հնարավորություն»,- ասում է Սերգեյ Սմբատյանը՝ հավելելով ծրագրի նպատակը ոչ միայն Արցախում ծնված տաղանդավոր երեխաներին բացահայտելն է, այլ հիմնական գաղափարն այն է, որ արցախցի երեխաները, ունենալով երաժշտական հաջողություններ, ներկայացնեն իրենց երկիրը․ «Երաժշտի հաջողությունների պարագայում մարդիկ հետաքրքրվում են, ուզում են իմանալ որտեղի՞ց է այդ երաժիշտը»։

Այս գաղափարին միս ու արյուն տալու ցանկությունը մաեստրոյի մոտ ավելի է մեծանում, երբ հասկանում է, որ արցախցի այս երեխաներն իրենց տաղանդով ունեն այդ հնարավորությունը՝ ներկայացնել Արցախն աշխարհում եւ շարունակել արցախյան երաժշտական ժառանգության կյանքը։

«Երաժշտությունն օգնեց այդ դժվար ճանապարհը անցնել, նաեւ մի քիչ մեղմացրեց ցավը»,- այսօր արդեն՝ երկու տարվա հեռավորությունից  Արցախից գաղթի երկար ու դժվար ճանապարհի մասին հետահայաց ասում է ծրագրի շահառու, ստեփանակերտցի ջութակահար Արսեն Համբարձումյանը։ Բացի այն, որ ծրագիրը երիտասարդ երաժիշտներին թույլ է տալիս վարպետության դասերի մասնակցել եւ հայտնի երաժիշտների հետ շփվել, սովորել նրանցից, Արսենը ուրախ է, որ աշխարհի մեծ բեմերի դռներն են իրենց առջեւ բացվելու, ու մինչեւ Արցախ վերադառնալու թաքուն երազանքն իրականություն կդառնա՝ Արցախն իրենց հետ տանելու են աշխարհի տարբեր երկրներ։

«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագիրն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի և հիմնադրամի Գերմանիայի և Նիդերլանդների տեղական կառույցների, Կարո Սարգսյանի, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի, «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ, «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության, «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության, «Իգնայթ» ՍՊԸ և Հայկ Եգանյանի աջակցությամբ։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930