Սեպտեմբերի 25-ին ՀՀ վարչական դատարանում ընթացավ Հայաստանի գրողների միության Ծաղկաձորի ստեղծագործական տան գործով հերթական նիստը: Գրողների միության շահերը դատարանում ներկայացնում է «Լեւ Գրուպ» փաստաբանական գրասենյակը:
Aravot.am-ի հետ զրույցում «Լեւ Գրուպի» հիմնադիր եւ գլխավոր տնօրեն, փաստաբան Լեւոն Բաղդասարյանը հետեւյալը փոխանցեց. «Այսօր վարչական դատարանում հերթական նիստն էր: Գտնվում ենք դատաքննության փուլում, որտեղ վիճարկվում է դատախազության հայցն` ընդդեմ Հայաստանի գրողների միության ստեղծագործական միության՝ տարածքները անվավեր ճանաչելու, անվավերության հետեւանքներ կիրառելու հարցը: Այսօրվա դատական նիստում քննվում էր մասնավորապես Ծաղկաձորի ստեղծագործական տան հարցը»:
Փաստաբանը մանրամասներ ներկայացրեց գործից. «Ըստ էության` պետական լիազոր մարմինը, ի դեմս դատախազության, գտնում է, որ Ծաղկաձորի ստեղծագործական տունը պետության սեփականությունն է, եւ անհրաժեշտ է, որպեսզի ժողովրդի խոսքով ասած՝ դա գրողների ձեռքից վերցնեն: Մինչդեռ իրականությունն այլ է, Հայաստանի գրողների միությունը եզակի միություններից է եղել ԽՍՀՄ-ի ժամանակ, երբ իր գույքերը, այդ թվում՝ Ծաղկաձորի ստեղծագործական տունը, բացառապես եղել է գրողների սեփականությունը: Ժամանակին եղել է գրական ֆոնդ, եւ գրողների հոնորորներից գոյացած գումարներով են այդ գույքերը կառուցվել: Ես լավ եմ հիշում, որ Սովետական Միության տարիներին ասում էին՝ այսինչ գրողը միլիոնատեր է, օրինակ Սերո Խանզադյանը, Սեւակը, Շիրազը եւ այլն, որովհետեւ մեծ հոնորարներ էին ստանում, եւ այդ հոնորարների կարծեմ 10 տոկոսն ուղղվում էր գրական ֆոնդին, որով էլ կառուցվում էր վերջիններս անշարժ գույքը: Դա է իրականությունը:
Կարդացեք նաև
Գրողների ստեղծագործական միությունը ժամանակին համագումար է հրավիրել՝ ունենալով մտավախություն, որ տարիների ընթացքում սերնդափոխության հետեւանքով կարող է իրենց սեփականությունը օտարվել, դրա համար համագումարն իմպերատիվ որոշում է կայացրել, որ երբեւիցե սեփականության իրավունքով գրողներին պատկանող անշարժ գույքերը՝ Ծաղկաձորի, Երեւանի Բաղրամյան փողոցի վրայի, Սեւանի գրողների տները օտարման ենթակա չեն: Այսինքն արդեն 7-8 տարի է, համագումարի այս որոշումը կա: Եվ երբ վարչապետին հարցրին, թե ինչու եք վերցնում այդ գույքը գրողների ձեռքից, Նիկոլ Փաշինյանը բարձր ամբիոնից հայտարարեց, որ պատճառն այն է, որ չօտարվի այդ գույքն այլ անձանց:
Հիմա հարցը բաժանեմ 2 մասի. նախ իրավական մասով դա բացառապես գրողների միության սեփականությունն է, եւ իրենք ազատ են ոչ միայն տիրապետելու, այլեւ օտարելու այն, բայց միեւնույն ժամանակ արդեն իսկ առկա է համագումարի որոշումը, որն իրոք ողջունում եմ, որովհետեւ այդ տարածքում Իսահակյան, Սեւակ, եւ այլ գրողներ են աշխատել, ես եւս որպես հայ մարդ հակված եմ մտածել, որ դա պատմամշակութային արժեք է եւ ենթակա չէ օգտարման: Այսինքն, մենք մի դեպքում ունենք համագումարի որոշում, որ գույքը ենթակա չէ օտարման, մյուս դեպքում էլ դա գրողների սեփականությունն է»:
Փաստաբանը այս պարագայում 2 տարբերակ է դիտարկում. «Կարող ենք հաշտության համաձայնագրի ուժով տալ՝ դատարանը հաստատի, որ այդ գույքը ենթակա չէ օտարման, քանի որ առկա է գրողների միության բարձր մարմնի՝ համագումարի որոշումը, մյուս տարբերակն էլ այն է, որ լիահույս եմ, որ դատարանը արդարադատություն կիրականացնի»:
Ի դեպ, 2004թ. տեւական պայքարից հետո գրողներին վերադարձվեց նաեւ Հայաստանի գրողների միության պոլիկլինիկան, եւ այն ժամանակ եւս գրողների շահերը դատարանում Լեւոն Բաղդասարյանն էր ներկայացնում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ