Լրահոս
Օրվա լրահոսը

Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» եւ Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը

Մարտ 28,2024 17:29

News.am. Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» եւ Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը:

Դատախազության ներկայացրած տեղեկանքի մեջ ասվում է.«Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ի թիվս այլ ՀԿ-ների, ուսումնասիրվել են «Հայաստանի գրողների միություն» և «Հայաստան նկարիչների միություն» հասարակական կազմակերպություններին պատկանող՝

Երևան քաղաքի Աբովյան 16, 16/1, Ծաղկաձոր քաղաքի Օրբելի եղբայրների թիվ 1, Երևան քաղաքի Բաղրամյան 3 և Սևան քաղաքի թերակղզու տարածքում գտնվող «Գրողների տան» հասցեների անշարժ գույքերի կադաստրային գործերը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ սեփականության իրավունքի գրանցումը կատարվել է իրավական ակտերի պահանջների խախտմամբ:

➢ «Հայաստանի գրողների միություն» հասարակական կազմակերպության սեփականության իրավունքի մասով՝

1.Երևան քաղաքի Բաղրամյան 3 հասցեի անշարժ գույքի նկատմամբ «Հայաստանի գրողների միություն» հասարակական կազմակերպության սեփականության իրավունքի գրանցման հիմք է հանդիսացել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանի թիվ 2-244-2000 թվականի քաղաքացիական գործով 2000 թվականի սեպտեմբերի 22-ին կայացված վճիռը՝ «Հայ գրողների միության հայցը մասնակի բավարարելու և Բաղրամյան 3 հասցեի նկատմամբ Հայաստանի գրողների միության սեփականության իրավունքի 1999 թվականի մարտի 12-ին կատարված պետական գրանցումն անվավեր ճանաչելու մասին, այն դեպքում, երբ վկայակոչած վճռից նման իրավունք չի ծագել:

Բացի այդ, «Հայաստանի գրողների միություն» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 1993 թվականի հունիսի 4-ին, իսկ մինչ այդ «Հայաստանի Հանրապետության պետական սեփականության մասին» 1990 թվականի սեպտեմբերի 10-ի օրենքի 1-ին կետով սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բոլոր պետական ձեռնարկությունների, միավորումների, հիմնարկների և կազմակերպությունների ունեցվածքը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է:

Այսինքն, վկայակոչած օրենքի հիմքով՝ Երևան քաղաքի Բաղրամյան 3 հասցեում գտնվող անշարժ գույքը 1990 թվականից համարվել է պետական սեփականություն և որևէ իրավական հիմքով այն չի փոխանցվել 1993 թվականի հուլիսի 4-ին Արդարադատության նախարարության կողմից գրանցված՝ «Հայաստանի գրողների միություն» հասարակական կազմակերպությանը, հետևաբար Երևան քաղաքի Բաղրամյան 3 հասցեի անշարժ գույքը պետության տնօրինումից դուրս է եկել անհիմն:

Նշված խախտումների փաստով՝ Վարչության կողմից ներկայացված հաղորդման հիման վրա՝ նախաձեռնվել է քրեական վարույթ, ինչպես նաև հայց է հարուցվել դատարան՝ սեփականության իրավունքի գրանցումը վիճարկելու պահանջով:

2.Սևան քաղաքի թերակղզու տարածքում գտնվող՝ 918,34 քմ մակերեսով շինության և 7763 քմ մակերեսով հողամասի նկատմամբ Հայաստանի գրողների միության սեփականության իրավունքը 1999 թվականի փետրվարի 26-ին գրանցելու հիմքում Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի վարչության տարածքային մարմինը դրել է Սևանի շրջսովետի գործկոմի 1965 թվականի օգոստոսի 5-ի թիվ 16-ի նիստի արձանագրությունը, մինչդեռ «Հայաստանի գրողների միություն» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 1993 թվականի հունիսի 4-ին:

Նշված խախտումների փաստով՝ Վարչության կողմից ներկայացված հաղորդման հիման վրա՝ նախաձեռնվել է քրեական վարույթ:

«Հայաստանի նկարիչների միություն» հասարակական կազմակերպության սեփականության իրավունքի մասով՝

1.Հայաստանի նկարիչների միության խորհրդի նիստի 1995 թվականի օգոստոսի 22-ի թիվ 2 արձանագրության ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված նիստում որոշվել է վաճառել Հայաստանի նկարիչների միության սեփականությունը հանդիսացող՝ կիսակառույց շենքերի համալիրը և որպես վաճառքի գումար սահմանել 300.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամը: Դրա հիման վրա՝ «Հայաստանի նկարիչների միություն» հասարակական կազմակերպության և «Աղաբեկյան և Բեկ ինթերնեշնլ» ԱՁ-ի միջև 01.09.1995 թվականին կնքվել է Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 16/1 հասցեի շենքի և «Մոսկվա» կինոթատրոնի միջնամասում գտնվող 4 կիսակառույց շինությունների և դրանց կից շինվածքների օտարման պայմանագիր: Այնուհետև, Երքաղխորհրդի գործկոմի ՇՇԱԳ վարչության կազմած և վարչության պետի կողմից 11.09.1995 թվականին հաստատված թիվ 393 ակտով առաջարկվել է Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 16 հասցեի շենքի և «Մոսկվա» կինոթատրոնի միջնամասում գտնվող՝ ընդհանուր 3800,5 քմ մակերեսով 4 կիսակառույց շինությունները վերցնել առաջնային գույքագրման՝ «Աղաբեկյան և Բեկ ինթերնեշնլ» ԱՁ-ի անվամբ:

Նշված ակտի և Կողմերի միջև 01.09.1995 թվականին կնքված շինությունների առուվաճառքի պայմանագրի հիման վրա՝ 3800,5 քմ մակերեսով կիսակառույց շինությունների նկատմամբ 12.09.1995 թվականին կատարվել է «Աղաբեկյան և Բեկ ինթերնեշնլ» ԱՁ-ի սեփականության իրավունքի գրանցում և տրվել է թիվ 15713 սեփականության իրավունքի վկայական: Մինչդեռ, «Հայաստանի Հանրապետության պետական սեփականության մասին» 1990 թվականի սեպտեմբերի 10-ի օրենքի 1-ին կետով սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բոլոր պետական ձեռնարկությունների, միավորումների, հիմնարկների և կազմակերպությունների ունեցվածքը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է:

Այսինքն, վկայակոչած օրենքի հիմքով՝ Նկարիչների միություն հասարակական կազմակերպության կողմից օտարված կիսակառույց շինությունները 1990 թվականին համարվել են պետական սեփականություն, իսկ կադաստրային գործում առկա չէ որևէ ապացույց պետության կողմից դրանք՝ 1990 թվականից հետո, վերոհիշյալ հասարակական կազմակերպությանն օտարելու վերաբերյալ: Ավելին, Երքաղխորհրդի գործկոմի ՇՇԱԳ վարչության կազմած և վարչության պետի կողմից 11.09.1995 թվականին հաստատված թիվ 393 ակտի բովանդակությունից երևում է, որ նշված շինություններն առաջնային գույքագրում են անցել «Աղաբեկյան և Բեկ ինթերնեշնլ» ԱՁ-ին օտարվելուց հետո, ինչը ևս հաստատում է, որ օտարման պահին դրանք «Հայաստանի նկարիչների միություն» հասարակական կազմակերպությանը սեփականության իրավունքով չեն պատկանել:

Նշված խախտումների փաստով՝ Վարչության կողմից ներկայացված հաղորդման հիման վրա՝ նախաձեռնվել է քրեական վարույթ:

2.Երևան քաղաքի Աբովյան 16 հասցեում գտնվող 2403.9 քմ մակերեսով շինության նկատմամբ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում Կառավարության 1998 թվականի մայիսի 21-ի թիվ 311 որոշման հիման վրա՝ 1999 թվականի ապրիլի 2-ին գրանցվել է «Նկարիչների միություն» հասարակական կազմակերպության սեփականության իրավունքը:

Գրանցման հիմքում դրված՝ Կառավարության 1998 թվականի մայիսի 21-ի թիվ 311 որոշման 1-ին կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին, Երևանի քաղաքապետին` մինչև 1998 թվականի հոկտեմբերի 30-ը ապահովել իրենց և իրենց ենթակայության պետական մարմինների, պետական և պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների տնօրինության տակ գտնվող և վարձակալությամբ տրված կամ վարձակալված շենքերի, շինությունների ու տարածքների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցումը Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության տարածքային մարմիններում և մինչև 1998 թվականի նոյեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնել պետական գրանցման վկայականների պատճենները:

Հարկ է նշել, որ մինչ նշված որոշման ընդունումը՝ «Հայաստանի Հանրապետության պետական սեփականության մասին» 1990 թվականի սեպտեմբերի 10-ի օրենքի 1-ին կետով արդեն սահմանվել էր, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բոլոր պետական ձեռնարկությունների, միավորումների, հիմնարկների և կազմակերպությունների ունեցվածքը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է:

Վկայակոչած իրավական ակտերի վերլուծությունից հետևում է, որ բոլոր պետական ձեռնարկությունների, միավորումների, հիմնարկների և կազմակերպությունների ունեցվածքը 1990 թվականին ընդունված օրենքի ուժով համարվել էր պետական սեփականություն, ինչի հետևանքով առաջացել էր դրանց հաշվառումն ու հետագա օգտագործումը կազմակերպելու անհրաժեշտություն, ուստի Կառավարության վերոհիշյալ որոշմամբ պետական գույքի նկատմամբ կարող էր գրանցվել բացառապես պետության սեփականության իրավունքը, ինչը բացառում էր պետական գույքի նկատմամբ հասարակական կազմակերպության սեփականության իրավունքը գրանցելու հնարավորությունը:

Նշված խախտումների փաստով՝ Վարչության կողմից ներկայացված հաղորդման հիման վրա՝ նախաձեռնվել է քրեական վարույթ, ինչպես նաև հայց է հարուցվել դատարան՝ սեփականության իրավունքի գրանցումը վիճարկելու պահանջով:

3.Ծաղկաձոր քաղաքի Օրբելի 1 հասցեում գտնվող՝ «Նկարիչների տան» նկատմամբ Հայաստանի նկարիչների միության սեփականության իրավունքը Կադաստրի մարմնում գրանցվելու հիմքում դրվել է Ծաղկաձորի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 1996 թվականի մարտի 15-ի թիվ 2 արձանագրությունը, ինչը 1992 թվականին հիմնադրված «Հայաստանի նկարիչների միություն» հասարակական կազմակերպության համար իրավական հետևանքներ առաջացնել չէր կարող:

Բացի այդ, ըստ կադաստրային գործի նյութերի՝ Ծաղկաձոր քաղաքի Օրբելի 1 հասցեում գտնվող շենքը ճարտարապետության, մշակույթի հուշարձան էր, որպիսի պայմաններում, այն իրավահարաբերության ծագման պահին գործող «Պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության և օգտագործման մասին» օրենքի դրույթների համաձայն՝ ենթակա չէր օտարման:

Նշված խախտումների փաստով՝ Վարչության կողմից ներկայացված հաղորդման հիման՝ վրա նախաձեռնվել է քրեական վարույթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031