Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանում լկտի պահվածք դրսևորած բլոգեր Յուլիա Ֆինեսին «պատժած» երիտասարդներից Գևորգ Մելքոնյանի խափանման միջոցը դատավորը թողեց անփոփոխ

Սեպտեմբեր 25,2025 19:38

Բլոգեր Յուլիա Ֆինեսի գործով անցնող Գևորգ Մելքոնյանի գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում տեղի ունեցած դատական նիստի ընթացքում նախագահող դատավոր Արմինե Մելիքսեթյանը մերժեց Գևորգ Մելքոնյանի փաստաբան Ռոման Երիցյանի միջնորդությունը՝ վերացնել խափանման միջոց գրավ մեկ միլիոն դրամը։

Aravot.am-ի հետ զրույցում Ռոման Երիցյանը տեղեկացրեց․ «Դատարանը Գևորգ Մելքոնյանի խափանման միջոց բացակայելու արգելքն ու մեկ միլիոն դրամ գրավը որոշեց պահպանել»։

Հիշեցնենք՝ ՀՀ Քննչական կոմիտեի հաղորդագրությամբ՝ 2023 թ․ դեկտեմբերի 9-ին` ժամը 00:23-ին քաղաքացու կողմից կատարված ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ ՌԴ քաղաքացիներ Կ.Ա․-ն և Յ․Մ․-ն դեկտեմբերի 8-ին՝ ժամը 22:00-ից մինչև 23:30-ն ընկած ժամանակահատվածում համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ հասարակության նկատմամբ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք են ցուցաբերել։ Մասնավորապես, վնասել են Երևան քաղաքի Թումանյան 29-րդ հասցեում գտնվող արագ սննդի կետի գույքը, մրգերը նետել աշխատակցի վրա, Մաշտոց 24-րդ հասցեում գործող ծաղկի վաճառքի կետի ծաղիկները գետնին են նետել և տրորել՝ այդ գործողությունները զուգորդելով հայհոյախառն արտահայտություններով:

Համացանցում նաև տեսանյութ էր տարածվել, որտեղ Յուլիա Ֆինեսին «պատժած» երիտասարդներից Գևորգ Մելքոնյանը խոստովանում է, որ ինքն է պատժել Երևանում լկտի պահվածք դրսևորած անձանց և որ չի զղջում դրա համար, ավելին՝ գիտակցել է, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ տեսանյութի հրապարակումը։ Այս առիթով Գևորգ Մելքոնյանը փաստաբան Ռոման Երիցյանն իր գրառմամբ նշում է․

«Ստանձնել եմ Գևորգ Մելքոնյանի շահերի պաշտպանությունը։ Գևորգի գործը հանրային լայն հնչեղություն է ստացել հետևյալ հանգամանքների պատճառով․ ազգությամբ ռուս, բայց Հայաստանում ժամանակավոր բնակվող մի բլոգեր իր տրանսվիստիտ ընկերոջ (ընկերուհու) հետ ամիսներ շարունակ Երևան քաղաքում իրականացրել է բազմաթիվ անբարոյական և հակասոցիալական արարքներ, մասնավորապես՝ վնասել է քաղաքացիների անձնական գույքը՝ փողոցներում կայանված ավտոմեքենաներ ջարդելով, հանրային վայրերում բացահայտ կերպով հոգացել է բնական կարիքները, ծաղրի է ենթարկել տարեց և հաշմանդամ անձանց, խանութներում դիտավորությամբ վնասել է ապրանքներ, անցորդների նկատմամբ հնչեցրել է սեռական հայհոյանքներ և դրսևորել ագրեսիվ վարքագիծ, հայհոյանքներ հնչեցրել ռուս տարբեր պաշտոնյաների հասցեին։ Չնայած այդ ամենին՝ իրավապահ մարմինների կողմից ամիսներ շարունակ արձագանք չի եղել։ Տվյալ պայմաններում, տալով համապատասխան հաղորդում և տեսնելով անգործությունը, Գևորգ Մելքոնյանը ստիպված է եղել անձամբ հակազդել նրանց՝ գործելով նույն ոճով, բայց ի նպաստ հանրային շահի։ Այդ գործողություններից հետո, սակայն, հենց Գևորգին է մեղադրանք առաջադրվել և գործն ուղարկվել դատարան»։

Փաստաբանից հետաքրքրվեցինք՝ այստեղ միտում տեսնո՞ւմ է, նա պատասխանեց․ «Անգամ վարույթ չի նախաձեռնվել։ Վաղաժամ է մեկնաբանություն տալը։ Ես նախաքննությանը չեմ մասնակցել։ Դատաքննության ընթացքում իմ կարծիքը կհայտնեմ»։

Հետաքրքրվեցինք՝ դատավորն ի՞նչ հիմքով որոշեց չվերացնել Գևորգ Մելքոնյանի նկատմամբ կիրառվող խափանման միջոց գրավը, Ռոման Երիցյանը պատասխանեց․ «Ասում է՝ միայն դա կարող է նրա պատշաճ վարքագիծն ապահովել, այն դեպքում, երբ Գևորգը 2023-ից ի վեր որևէ խախտում թույլ չի տվել խափանման միջոցի հետ կապված, և անգամ 2,5 ամիս տնային կալանքի տակ է եղել»։

Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին՝ ժամը 09։30-ին։ Կիրականացվի ապացույցների հետազոտում։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930