Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ է Հայաստանը զորք ուղարկել Արցախ, որպեսզի ապահովեր Արցախի ժողովրդի կյանքը եւ անվտանգությունը, կանխեր ցեղասպանությունը, ինչը Նիկոլ Փաշինյանը չարեց»

Սեպտեմբեր 25,2025 20:04

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը «Առավոտի» հետ զրույցում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ Արցախում ՀՀ զորք տեղակայելու մասին։

Նշենք, որ արձագանքելով առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ Նիկոլ Փաշինյանն ասել էր «Լավ է, որ Հայաստանի նախկին ղեկավարներն անընդհատ այդ առիթները տալիս են, թե Հայաստանը ներքաշել եմ պատերազմի մեջ։ Ասել եմ՝ եթե մենք ներքաշել ենք պատերազմի մեջ, 2018 թվականի դրությամբ 18 տարեկան զինվորը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս ի՞նչ գործ ուներ»։

Ֆեյսբուքի իր էջում էլ Փաշինյանը հարցադրում էր արել, թե Տեր-Պետրոսյանին ո՞վ եւ ի՞նչ իրավական ակտով էր թույլ տվել Ալմա Աթայի հռչակագրի ընդունումից եւ վավերացումից հետո ՀՀ 18 տարեկան զինվորներին տեղակայել ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս։

Արթուր Խաչատրյանի խոսքով՝ նախ պետք է արձանագրել, որ Ալմա Աթայի հռչակագիրը զուտ պրոտոկոլային նշանակություն ունեցող թուղթ է։ Միակ թուղթն է, որն ԱՊՀ անդամ պետությունները միասին ստորագրել են։ «Իսկ իրավական ուժ ունեցողը Բելառուսում կնքված Մինսկի համաձայնագրին միանալն է, երբ Հայաստանը վավերացրել է այդ համաձայնագիրը եւ միացել է ԱՊՀ ստեղծման համաձայնագրին՝ ընդ որում, վավերացրել է էական նախապայմաններով՝ ներառելով, որ ԱՊՀ-ին կարող են միանալ նաեւ նախկին Խորհրդային միության այն ինքնավար սուբյուկտները, ովքեր Խորհրդային միությունից անկախացումն իրականացրել են օրենսդրությանը համապատասխան։ Այսինքն՝ սրանով Հայաստանն անուղղակի ասում էր, որ Արցախը կապ չունի Ադրբեջանի հետ»,- ասաց նա։

Արթուր Խաչատրյանի խոսքով՝ երկրորդ հարցն այն է, որ Արցախի Հանրապետությունը այդ պահին գործող սովետական օրենքներով արդեն հռչակել էր իր պետականությունը։ Եվ երրորդ, Ադրբեջանը 1991 թվականի դեկտեմբերին հետ էր քաշել իր ստորագրությունները։ Ադրբեջանը ԱՊՀ-ին միացել է 1993 թվականի սեպտեմբերի 24-ին, իսկ ԱՊՀ-ն կազմավորվել էր 1991 թվականին։

«Ինչո՞ւ է Հայաստանը զորք ուղարկել Արցախ, ուղարկել է, որպեսզի ապահովեր Արցախի ժողովրդի կյանքը եւ անվտանգությունը, կանխեր ցեղասպանությունը, ինչը Նիկոլ Փաշինյանը չարեց։ Առանց որեւէ թղթի ու արձանագրության իրենք Արցախի Հանրապետությունից հանեցին Հայաստանի զինված ուժերը եւ դրանով հպարտանում էին։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը Հայաստանի առաջ նման պահանջ չէր դրել։ Եվ հենց Հայաստանը հանեց իր զորքը, Արցախը ենթարկվեց ցեղասպանության։ Իսկ ցեղասպանությունը չկանխելը շատ խիստ պատժվող հանցագործություն է։ Արցախը հայտարարել է իր անկախությունը, Հայաստանը ապահովում էր Արցախի Հանրապետության անվտանգությունը, ժողովրդի ֆիզիկական գոյությունը։ Եվ եթե Նիկոլ Փաշինյանն այդքան պացիֆիստ էր, ինչո՞ւ էր 2016 թվականին կոչ անում գրավել եւս 1-2 շրջան կամ էլի մի քաղաք, ինչո՞ւ էր բացառում փոխզիջումը եւ ինչո՞ւ էր իր տղային ուղարկում Արցախում ծառայելու։ Եվ ի դեպ, չարաշահելով իր պաշտոնը, զինվորական ուղղաթիռով մեկնում էր Արցախ՝ իր որդուն այցելելու համար։ Ինչո՞ւ էր ինքը գոռում՝ «Արցախը Հայաստան է, եւ վերջ»,- ասաց նա։

Խաչատրյանի խոսքով՝ Փաշինյանի այս պնդումներն ընդամենը ներքաղաքական նպատակ են հետապնդում, բայց Հայաստանի քայլերի լեգիտիմությունը հարցականի տակ են դնում։ «Արցախի Հանրապետությունը սովետական միության օրենքներով հռչակել է իր անկախությունը։ Եթե Ալմա Աթայի հռչակագրին հղում են կատարում, այնտեղ գրված է ԱՊՀ կազմում գտնվող պետությունների մասին, իսկ երբ Ադրբեջանը միացավ ԱՊՀ-ին, լրիվ ուրիշ պայմաններ էին։ Սրանք հարցեր են, որոնք մենք տալիս ենք այս իշխանություններին եւ պատասխան չենք ստանում»,- հավելեց նա։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930