Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպական «բլիթ եւ մտրակ»` էներգետիկ գործընկեր Ադրբեջանի հարցում

Սեպտեմբեր 26,2025 12:00

Սկիզբը՝ այստեղ:

«Եվրոպայի պաշտոնյաները, որոնք մարդու իրավունքների եւ ժողովրդավարության պաշտպանությունն անվանում են ԵՄ-ի ռազմավարական շահ՝ Ադրբեջանի հարցում բացառություն են անում»

ԵՄ-ից տեւական ժամանակ է, ինչ հայտարարում են, որ ոգեւորված են Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ կարգավորման գործընթացով եւ կցանկանային՝ որքան հնարավոր է շուտ տեսնել գործընթացի վերջնականացումը: Իհարկե, ԵՄ-ից շեշտում էին, որ աջակցում են երկու երկրների միջեւ կարգավորմանը՝ հիմք ընդունելով ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիության սկզբունքները:

Սակայն Բաքուն շարունակեց իր նախապայմանները պնդել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման առնչությամբ, ինչպես նաեւ ՀՀ-ում տեղակայված ԵՄ քաղաքացիական առաքելությանն Ադրբեջանում դեռեւս «թերահավատորեն» են մոտենում: Այս առաքելության գործունեության վերաբերյալ ադրբեջանական պարբերականներում շարունակում է քննադատական հոդվածներ հրապարակվել:

Սակայն, մյուս կողմից, ԵՄ-Ադրբեջան համագործակցությունը պարբերաբար անգամ հարցեր է առաջացնում արեւմտյան մամուլի համար։

Ամռանը BBC-ի ռուսական ծառայությունը «Մարդու իրավունքներ՝ գազի փոխարե՞ն. ԵՄ-ն քննադատության է արժանանում Ադրբեջանի հետ հարաբերությունների համար» վերտառությամբ հոդվածում հիշեցրել էր, որ 2022-ին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո ԵՄ ղեկավարները էներգետիկ ոլորտում սկսեցին դիտարկել Ադրբեջանին որպես գործընկեր՝ ռուսական գազից կախվածությունը նվազեցնելու նպատակով։ «Քննադատները նշում են, որ դրա հետեւանքով Ադրբեջանում տեղի են ունեցել լայնածավալ ռեպրեսիաներ, իսկ ԵՄ-ն դավաճանել է իր սկզբունքներին՝ առանց գազի խնդիրը լուծելու», նշվում էր հոդվածում։

BBC-ի հոդվածում գնահատվում էին ավտորիտար Ադրբեջանի եւ ժողովրդավարական միության մերձեցման արդյունքները. «Կայա Կալլասը եւ Իլհամ Ալիեւը քայլում են կողք կողքի՝ անձրեւի տակ. Ալիեւը անձրեւանոցը պահում է Կալլասի գլխավերեւում։ Նա՝ Իլհամ Ալիեւը, այն երկրի ղեկավարն է, որտեղ վերջին երկու տարիներին տեղի են ունենում աննախադեպ քաղաքական ռեպրեսիաներ։ Իսկ Կալլասը՝ Եվրամիության գլխավոր դիվանագետն է։ Այս տարվա մայիսին Տիրանայում Ալիեւի եւ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների ջերմ հանդիպման կադրերը վրդովմունք առաջացրին Ադրբեջանի նախագահի քննադատների շրջանում»։

Հոդվածում հիշեցրել էին, որ ապրիլին Կայա Կալլասի այցը Բաքու՝ մամուլի դեմ հալածանքների գագաթնակետին էր կայացել, այն բանից հետո, երբ երկրում փակվել էին ՄԱԿ-ի հիմնական գրասենյակները եւ Կարմիր խաչի առաքելությունը. «Երկու երկրների հարաբերությունների նոր փուլը սկսվեց 2022թ. հուլիսին, երբ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Ադրբեջանը հայտարարեց «հիմնական գործընկեր՝ ռուսական վառելիքից հրաժարվելու ջանքերում»։ Անցած երեք տարիների ընթացքում Իլհամ Ալիեւը հինգերորդ անգամ ընտրվեց Ադրբեջանի նախագահ, նրա իշխանությունը գերազանցեց 21 տարվա շեմը։ Նրա դիրքերը առավել ամրապնդվեցին Լեռնային Ղարաբաղի պատերազմում վերջնական հաղթանակից հետո, ինչը հանգեցրեց ամբողջ հայկական բնակչության դուրսբերմանը տարածաշրջանից։ Իրավապաշտպանների գնահատմամբ՝ Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվն աճել է մոտ 100-ից մինչեւ ավելի քան 350 մարդ, իսկ անկախ լրագրողներն արդեն ձերբակալվում են խմբագրությունների ամբողջ կազմերով»։

Հոդվածում հիշեցրել էին, որ անցյալ տարվա դեկտեմբերին Եվրոպական խորհրդարանը ճանաչեց այս բոլոր խնդիրները՝ կոչ անելով Եվրոպական հանձնաժողովին կիրառել անհատական պատժամիջոցներ ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ եւ «վերջ տալ կախվածությանը ադրբեջանական գազի ներմուծումից»։ Սակայն միեւնույն ժամանակ նկատում էին, որ Եվրոպառլամենտի բանաձեւերը խորհրդատվական բնույթ ունեն եւ պարտադիր չեն ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու պաշտոնյաների համար։

«Ադրբեջանցի ընդդիմադիրների համար ցավալի է, որ Եվրոպայի պաշտոնյաները, որոնք մարդու իրավունքների եւ ժողովրդավարության պաշտպանությունն անվանում են ԵՄ-ի ռազմավարական շահ եւ պարտականություն, կարծես իրենց երկրի հարցում բացառություն են անում։ Սակայն որոշ եվրոպացի վերլուծաբաններ առաջ են քաշում էլ ավելի լուրջ մեղադրանք. ըստ նրանց՝ ԵՄ-ը ոչ միայն անտեսում է ռեպրեսիաները, այլ հենց իր քաղաքականությունն է հանգեցրել դրանց», նշվում էր հոդվածում։

Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը բարձր է գնահատել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեռք բերված վաշինգտոնյան պայմանավորվածությունները

Պաշտոնական մակարդակով Բրյուսել-Բաքու հարաբերություններում վերջին ամիսներին նկատվել է ինտենսիվություն: Օգոստոսի կեսերին հեռախոսազրույց էին ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Ադրբեջանական լրատվականների փոխանցմամբ՝ անդրադառնալով Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի ներկայությամբ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հռչակագրի ստորագրմանը՝ Եվրոպական խորհրդի նախագահն ընդգծել էր այդ արդյունքների կարեւորությունը տարածաշրջանում երկարատեւ խաղաղության եւ կայունության ապահովման առումով։ Նա հայտնել էր Եվրամիության պատրաստակամությունը աջակցելու ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման գործընթացին։ Իսկ Ալիեւը, ըստ ադրբեջանական գործակալությունների, անդրադարձել էր «Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախիջեւանի շրջանի միջեւ անխոչընդոտ տրանսպորտային հաղորդակցության մասին համաձայնագրի կարեւորությանը»։

Օգոստոսի վերջին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունեց Բաքու ժամանած Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին։ Ադրբեջանական կողմի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքները, Ալիեւը հայտարարել է, որ այդ արդյունքները «պատմական» նշանակություն ունեն։ Ադրբեջանի նախագահի մամլո ծառայության համաձայն՝ նա այս հանդիպմանն էլ ընդգծվել է՝ «Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախիջեւանի միջեւ անխոչընդոտ տրանսպորտային եւ տարանցիկ կապերի ստեղծման կարեւորությունը», իսկ Գրոնոն նշել է, որ «Եվրամիությունը պատրաստ է աջակցել երկու երկրների միջեւ համաձայնեցված հարցերի իրականացման գործընթացին, այդ թվում՝ տրանսպորտային միջանցքին»:

Օգոստոսի 30-ին Նախիջեւանում Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Ֆուադ Նաջաֆլին հանդիպել էր Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի գլխավորած պատվիրակության հետ։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Գրոնոն բարձր էր գնահատել Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման, ինչպես նաեւ խաղաղության օրակարգի առաջմղման հարցերի շուրջ անցկացված բանակցությունների արդյունքները: Նշվում էր նաեւ, որ Գրոնոն ընդգծել է՝ «Նախիջեւանի ռազմավարական նշանակությունը, որը կարող է կապող օղակ դառնալ Եվրոպայի եւ Ասիայի միջեւ»: Կողմերը նաեւ մտքեր էին փոխանակել ԵՄ կողմից տարածաշրջանային կապերին աջակցության եւ տրանսպորտային միջանցքի զարգացման հեռանկարների շուրջ:

Ավելի ուշ ԵՄ հատուկ ներկայացուցիչն անդրադառնալով Նախիջեւան իր այցին՝ գրել էր. «Հաղորդեցի ԵՄ ուղերձը՝ լիակատար կարգավորման բոլոր ասպեկտներին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության մասին, ներառյալ կապի զարգացումը, տարածաշրջանի համար խաղաղության օգուտների ստեղծումը, ինչպես նաեւ մարդասիրական եւ անցյալի ժառանգության վերաբերյալ հարցերի լուծումը»։ Նա նաեւ նշել էր. «Տեղում ծանոթացա նաեւ տրանսպորտային ենթակառույցներին՝ դրանց վերագործարկմանը ԵՄ հնարավոր ներգրավվածության կոնտեքստում»։

Սոցցանցերում հրապարակված լուսանկարից դատելով՝ Գրոնոն այցելել է նաեւ Հայաստանի եւ Նախիջեւանի հետ սահմանին գտնվող մարտական հենակետերից մեկը՝ ենթադրաբար Երասխի ուղղությամբ։ «Եվրամիությունը շարունակելու է իրականացնել մերձավոր գործընկերոջ իր դերակատարությունը՝ այդ թվում հարաբերությունների լիարժեք կարգավորման եւ հաղորդակցության հնարավորությունների ստեղծման ուղղությամբ», X-ում գրել է Գրոնոն։

Իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարվեց

Սեպտեմբերի 1-ից ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարվեց: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մանդատ ունեցող այս ձեւաչափը լուծարելու պահանջը պաշտոնական Բաքուն էր առաջ քաշել՝ որպես հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախաստորագրման նախապայման։

Այդ օրը ստացվել էր ԵԱՀԿ գործող նախագահող, Ֆինլանդիայի ԱԳ նախարարի նամակը, որով հաստատվեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի եւ առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ որոշման համար սահմանված լռելյայն ընթացակարգը ԵԱՀԿ անդամ պետությունների կողմից չի խախտվել, եւ որ որոշումը սեպտեմբերի 1-ից համարվում է ընդունված: ԵԱՀԿ նախարարների խորհրդի որոշման մասին հայտնել էր նաեւ Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը՝ հիշեցնելով, որ կառույցը նման որոշում է կայացրել՝ հիմք ընդունելով Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ նամակը։

Պաշտոնական Բաքուն նաեւ ընդգծել էր, որ այդ որոշմամբ անվավեր են ճանաչվում ԵԱՀԿ շրջանակներում հայ-ադրբեջանական հակամարտությանը վերաբերող նախկինում ընդունված բոլոր փաստաթղթերը։ ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն ողջունել էին Նախարարական խորհրդի որոշումը, ասվում էր ԵԱՀԿ տարածած հաղորդագրությունում: «Սա պատմական զարգացում է, որն ընդգծում է, թե ինչի կարող է հասնել դիվանագիտությունը, նույնիսկ տասնամյակների հակամարտությունից եւ անվստահությունից հետո։ Այն ցույց է տալիս, որ համաձայնությունը հնարավոր է, երբ կողմերի միջեւ կա ընդհանուր լեզու գտնելու վճռականություն», հայտարարել էր Սինիրլիօղլուն։

ԵԱՀԿ գործող նախագահը եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը վերահաստատել էին իրենց հանձնառությունը՝ աջակցելու այն ջանքերին, որոնք երկարատեւ խաղաղություն եւ կայունություն են բերում Հայաստանում, Ադրբեջանում եւ տարածաշրջանում։

Հատկանշական է, որ լուծարման գործընթացին աջակցեցին ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրները։ Ռուսաստանն աջակցում է Ադրբեջանի եւ Հայաստանի համատեղ որոշմանը՝ լուծարելու ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը զբաղվում էր Ղարաբաղում հակամարտության կարգավորմամբ, նշել էր ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը: «Հաշվի առնելով կողմերի դիրքորոշումը դրանց պահպանման աննպատակահարմարության վերաբերյալ, մենք որեւէ պատճառ չենք տեսնում կանխելու դրանց լուծարումը», – ասել էր դիվանագետը:

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը եւ Ջեյհուն Բայրամովը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրել էին ԵԱՀԿ-ին ուղղված դիմում՝ Մինսկի խմբի վերաբերյալ, իսկ օգոստոսի 11-ին այն ուղարկվել էր կազմակերպությանը: Օգոստոսի 26-ին Բայրամովն արդեն հայտարարեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու որոշումը կկայացվի սեպտեմբերի 1-ին: Նրա խոսքով՝ այս մեխանիզմը վաղուց հանվել է խաղաղության գործընթացից:

Ֆրանսիան ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ փաստաթղթերի ստորագրումը, անցյալ ամիս հայտարարեց երկրի Արտգործնախարարությունը: «ԱՄՆ աջակցությամբ գրանցած արդյունքները կարեւոր քայլ են՝ դեպի առաջ։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումն ու վավերացումը կամբողջացնի այս գործընթացը։ Այս համատեքստում Ֆրանսիան աջակցում է կողմերի համատեղ կոչին՝ սկսելու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը», – նշեց պաշտոնական Փարիզը, ընդգծելով, որ Ֆրանսիան կշարունակի ակտիվորեն աջակցել խաղաղության գործընթացին։

Այսպես, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու նախապայմաններից մեկն էր:

Իսկ Բաքվի մյուս պայմանը, ինչպես հայտնի է, հետեւյալն է՝ Հայաստանը պետք է փոփոխություններ մտցնի իր Սահմանադրության մեջ՝ վերացնելու «Ադրբեջանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ հավակնությունները»:

Մինսկի խմբի նպատակներն էին՝ ապահովել Երեւանի եւ Բաքվի միջեւ բանակցությունները, օգնել նրանց կնքել խաղաղության համաձայնագիր։ Համանախագահների վերջին համատեղ հայտարարությունը թվագրվել էր 2021թ. դեկտեմբերի 7-ին։ 2022-ից ի վեր ձեւաչափը, փաստացի, անգործունակ էր։

Ուշագրավ է, որ հուլիսի 1-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահները առաջին հեռախոսազրույցն էին ունեցել 2022թ. սեպտեմբերից ի վեր: Կրեմլը հաղորդել էր, որ Վլադիմիր Պուտինը «բովանդակալից» հեռախոսազրույց էր ունեցել Էմանուել Մակրոնի հետ՝ քննարկելով Իրանի եւ Իսրայելի միջեւ հակամարտությունն ու Ուկրաինայի իրավիճակը:

Ելիսեյան պալատը հավելել է, որ զրույցը տեւել է երկու ժամ, որի ընթացքում Ֆրանսիայի նախագահը հանդես է եկել Ուկրաինայում հրադադարի եւ հակամարտության լուծման շուրջ բանակցությունների մեկնարկի օգտին։ Իսկ Կրեմլի հաղորդմամբ՝ Պուտինը նշել է, որ անհրաժեշտ է հարգել Իրանի՝ միջուկային էներգիան խաղաղ նպատակներով զարգացնելու իրավունքը, ինչպես նաեւ նրա՝ միջուկային զենքի չտարածման պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումը։ Ֆրանսիայի նախագահի գրասենյակի փոխանցմամբ՝ Մակրոնը շեշտել է՝ անհրաժեշտ է, որ Իրանը լիարժեքորեն համագործակցի ԱԷՄԳ-ի հետ։ Նշվում էր, որ երկու նախագահները համաձայնել են համակարգել իրենց ջանքերը։

ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկու պետությունների ղեկավարների միջեւ, ինչպես ասում են, «սառույցը հալչեց», սակայն ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցում նրանք աջակցեցին Ադրբեջանի պահանջը եւ Հայաստանի լուռ համաձայնությունը։ Ավելին, պարզվեց, որ Հայաստանի իշխանություններն էլ, ինչպես տարիներ շարունակ Ալիեւն է թմբկահարել, ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեությունն անօգուտ ձեւաչափ են համարում։

ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն ուղղված է եղել Արցախյան հակամարտության խորացմանը՝ Հայաստանն ու տարածաշրջանը վերահսկելի պահելու համար, երկու շաբաթ առաջ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մեջ, հետահայաց վերլուծելով, չեմ տեսնում որեւէ օգտակար բան, չի եղել էդ խմբի գործունեության մեջ երբեւէ ու որեւէ օգտակար բան։ Էդ խմբի գործունեությունը եղել է նրա համար, որ կոնֆլիկտը խորանա, դառնա լծակ՝ կառավարելի, կոնտրոլի տակ, մարիոնետային վիճակում պահելու ոչ միայն Հայաստանը, այլեւ ամբողջ տարածաշրջանը», նշեց Փաշինյանը։

Սպասենք Հայաստանի գործուն աջակցությամբ՝ Բաքվի մյուս պահանջների բավարարմանը։ Պարզապես հարկ է նշել, որ ո՛չ ԵՄ-ից, ո՛չ ԱՄՆ-ից եւ ո՛չ էլ ՌԴ-ից մենք չպետք է ունենանք ակնկալիքներ, եթե մեր երկրի ներսում իշխանություններն ու քաղաքական էլիտան չունի այս կամ այն հարցի վերաբերյալ հաստատուն մոտեցում։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.09.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930