Սահմանադրական դատարանն արձանագրել էր, որ կուրությամբ, խլությամբ կամ համրությամբ տառապող անձանց մի շարք երկրներում տրամադրվում է դատավորի պաշտոնին հավակնելու իրավական հնարավորություն: Այդ երկրներից նշված էին ԱՄՆ-ն, Իտալիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան: Մասնավորապես, ըստ ՍԴ-ի` ԱՄՆ փորձի ուսումնասիրությունը փաստում է, որ, օրինակ՝ կուրությամբ տառապող անձանց հնարավորություն է տրվում զբաղեցնելու դատավորի պաշտոնը, իսկ պաշտոնավարելիս կուրություն ձեռք բերելու դեպքում այն պաշտոնավարման դադարեցման հիմք չի հանդիսանում։ Ընդ որում՝ կուրությամբ տառապող դատավորների պաշտոնեական գործառույթների պատշաճ եւ արդյունավետ կատարման համար գործում է խելամիտ հարմարեցումների տեխնիկական երաշխիքների մի ամբողջ համակարգ՝ դատավորին աջակցող օժանդակ անձնակազմ, բրայլյան գրեր, ձայնագրառող սարքեր, համակարգչից օգտվելը դյուրացնող ծրագրեր:
Դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով դատարանը քննել էր «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա՝ ՀՀ կառավարության 2019 թ. մայիսի 30-ի «Դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների եւ հիվանդությունների ցանկը, դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների եւ հիվանդությունների բացակայության մասին տրամադրվող տեղեկանքի ձեւը, դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների եւ հիվանդությունների բացակայության մասին տեղեկանք տրամադրելու կարգը սահմանելու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թ. հոկտեմբերի 11-ի N 1184-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 685-Ն որոշման Հավելված N 1-ի 15 եւ 16-րդ կետերի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը:
Սահմանադրական դատարանի 2025 թ. ապրիլի 29-ի ՍԴԱՈ-70 աշխատակարգային որոշմամբ գործով զեկուցողը փոխվել էր. Սահմանադրական դատարանի դատավոր Վ. Գրիգորյանի փոխարեն զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Ս. Սաֆարյանը: 2025 թ. ապրիլի 8-ին Սահմանադրական դատարան էր մուտքագրվել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի՝ գործով զեկուցողի 27.03.2025 թ. ՍԴԴ-24 գրությամբ պահանջված հիմնավորումները:
ՍԴ-ն երկու ականջի կայուն լրիվ խլությամբ կամ խուլհամրությամբ ու երկու աչքերի (բինօկուլյար) կուրությամբ տառապող անձանց համար դատավորի պաշտոնում նշանակվելու բացարձակ արգելք՝ ճանաչել Սահմանադրության 49 եւ 75-րդ հոդվածին հակասող եւ անվավեր: Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 16-ի որոշմանը կից սեպտեմբերի 19-ին տպագրել է միայն դատավոր Ե.Խոունդկարյանի հատուկ կարծիքը: Նշեմ, սակայն, որոշակի հարցադրումների մասին, նաեւ տպագրված 34 էջանոց Հատուկ կարծիքի (չեմ կարծում, որ հետագայում հրապարակվելիք դատավոր Վաղարշյանի հատուկ կարծիքը այլեւս օպերատիվ է ու անհրաժեշտ-Ռ.Մ.):
Կարդացեք նաև
Նախ, ՍԴ հարցադրումներից մեկի մասին. որն է այն սահմանադրաչափ նպատակը, որը հետապնդվել է վիճարկվող որոշման հավելված N 1-ի 15 եւ 16-րդ կետերով՝ սահմանելով երկու ականջի կայուն լրիվ խլությունը կամ 19-րդ խուլհամրությունն ու երկու աչքերի (բինօկուլյար) կուրությունը՝ որպես դատավորի պաշտոնի ստանձնումը բացառող հիվանդություններ (վիճակներ): Սահմանադրական դատարանն ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ կառավարության մեկ այլ՝ 2019 թ. փետրվարի 15-ի թիվ 98-Ն որոշմամբ, հիմք ընդունելով օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված՝ հանրային ծառայությանը խոչընդոտող հիվանդություններով տառապելու դեպքում հանրային ծառայությանն անցնելու արգելքը, սահմանվել է հանրային ծառայության բոլոր տեսակների դեպքում ծառայության անցնելը խոչընդոտող հիվանդությունների (վիճակների) ընդհանուր ցանկ, որոնցով տառապելու դեպքում անձը, ընդհանրապես, չի կարող հավակնել հանրային ծառայության: Այդ հիվանդություններն են՝ օրգանական (ներառյալ սիմպտոմատիկ) հոգեկան խանգարումները, շիզոֆրենիան, շիզոտիպային եւ զառանցանքային խանգարումները, տրամադրության (աֆեկտիվ) խանգարումները, սովորույթի եւ հակումների խանգարումները, մտավոր հետամնացությունը, հոգեկան եւ վարքային խանգարումները` հոգեակտիվ նյութերի գործածման հետեւանքով, շնչառական օրգանների տուբերկուլյոզ` հաստատված մանրէաբանորեն կամ հյուսվածքաբանորեն:
Սահմանադրական դատարանը հավելել էր, որ առաջին ատյանի դատարանը «փաստի» դատարան է, որտեղ գործը քննվում է ըստ էության եւ ողջ ծավալով, ինչը պայմանավորում է ապացուցման գործընթացի բազմադրվագությունը, ընթացքում ծագող օբյեկտիվ դժվարությունները եւ որպես հետեւանք՝ դատավորի լրջագույն եւ տարոլորտ ծանրաբեռնվածությունը՝ հաշվի առնելով նաեւ դատական վարույթների տարատեսակներից յուրաքանչյուրի առանձնահատկությունները: Անկախ դատավարության տեսակից՝ առաջին ատյանի դատարանում քննվող գործերով ապացույցների հետազոտման գործընթացում դատավորի անմիջական եւ բազմակողմանի մասնակցությունն անհրաժեշտություն եւ էական հանգամանք է, որի համատեքստում դատավորի սոցիալական շփումը դատավարության մասնակիցների հետ ստանում է լուրջ բովանդակություն՝ պահանջելով հաղորդակցման համարժեք կարողություն: Իսկ վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարաններում դատական նիստերը գերազանցապես կազմակերպվում են՝ առանց դատական նիստ հրավիրելու եւ, հետեւաբար՝ մեծ մասամբ բացակայում է կողմերի հետ անմիջականորեն շփվելու եւ դատական նիստի կարգը միանձնյա ապահովելու անհրաժեշտությունը: Փոխարենը՝ վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարաններում դատավորի պաշտոնի հավակնորդից ակնկալվող հիմնական աշխատանքային հմտությունը դատական ակտին առաջադրվող պահանջների ապահովումն է: Ըստ ՍԴ-ի` նշյալ հիվանդությունների (վիճակների) առկայությունը կարող է հաղթահարվել միայն բացառիկ բարձր կրթական եւ մտավոր կարողություններով ու նախընթաց աշխատանքային (այդ թվում՝ գիտական աշխատանքի) փորձառությամբ:
Ե.Խունդկարյանը այս կապակցությամբ նշել էր. «Կարծում եմ, անձի միայն բարձր կրթական եւ մտավոր կարողություններ ու նախընթաց աշխատանքային (այդ թվում՝ գիտական աշխատանքի) փորձառությամբ» ունենալը չի կարող բավարար հիմք հանդիսանալ վերոնշյալ դատավարական գործողությունների կատարման առնչությամբ այդ հիվանդությունների/վիճակների/ հիմքով հարուցված խոչընդոտները հաղթահարելու համար: …Խիստ կարեւորվում է դատավորի կողմից լսելու եւ տեսնելու կարողությունը, իսկ դրանց բացակայությունը կարող է էականորեն դժվարացնել, ընդհուպ անհնարին դարձնել դատավորի կողմից դատավարական գործողությունների կատարումը, որպիսի պայմաններում բարձր կրթական եւ մտավոր կարողություններ ու նախընթաց աշխատանքային (այդ թվում՝ գիտական աշխատանքի) փորձ ունեցող անձն իր մասնագիտական հմտությունները դրսեւորելու հնարավություն չի ունենա»: Ըստ ՍԴ դատավորի` արդարադատություն հայցող սուբյեկտները չեն կարող գտնվել առավել նվազ կամ բացասական իրավիճակում` պայմանավորված իրենց գործը քննող դատավորի կողմից իր պաշտոնեական լիազորությունների կատարման անընդունակությամբ կամ թերի ընդունակությամբ:
Հիվանդությունների ցանկը հստակ է, ինչը հատուկ կարծիք հայտնած դատավորի դիտարկմամբ, բացառում է խտրական վերաբերմունքի դրսեւորման, տարատեսակ մեկնաբանությունները:
ՍԴ դատավորի համար կոլեգիալ կազմով վերաքննիչ, Վճռաբեկ դատարաններում գործի քննության վերաբերյալ ՍԴ դիրքորոշումն առնվազն անհասկանալի էր: Դատավորը շեշտել էր, որ միջանկյալ դատական ակտերի դեմ բերված բողոքների քննության դեպքում Վերաքննիչ դատարանի դատավորը եւս գործում է միանձնյա կարգով, եւ այլ բան նախատեսված չէ օրենքով: Ընդ որում, օրենսդիրը չի բացառել բողոքների քննության հնարավորությունը բանավոր ընթացակարգով, այն է դատական նիստում:
Խոսք էր գնացել նաեւ նշված անձանց համար միջավայրային հարմարեցումների ապահովման մասին, որն անընդունելի էր, մանավանդ, ակնարկված`դատավորների կողմից փոխօգնության կարգով օժանդակելը դիտվել էր դատավորի անկախության սկզբունքի դեմ միջամտություն: Այդ կարգի փոխօգնությունները լրջագույն ռիսկեր են պարունակում:
Դատարանի գործառույթներն իրականացնում է միանձնյա դատավորը կամ կոլեգիալ դատական կազմը: Ընդ որում՝ առաջին ատյանի դատարանում գործերը քննվում են որպես կանոն միանձնյա՝ բանավոր եղանակով եւ մրցակցային ընթացակարգով, իսկ վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարաններում՝ մեծ մասամբ առանց դատական նիստ հրավիրելու (համապատասխանաբար՝ առանց դատավարության սուբյեկտների ֆիզիկական ներգրավման) եւ կոլեգիալ: Արդարադատությունը՝ որպես դատական իշխանության բացառիկ գործառույթ, իրականացվում է հատուկ դատավարական ընթացակարգերով՝ բանավոր կամ գրավոր կարգով՝ միանձնյա դատավորի կամ դատական կազմի կողմից: Ըստ այդմ՝ դատավորը՝ որպես հանրային ծառայող, ունի աշխատանքային առանձնահատուկ գործառույթներ եւ դրանց իրացմանն առաջադրվող հատուկ պահանջներ՝ իրավաբանական կրթություն, անկախություն, անաչառություն, առաջին ատյանի դատարանի դատավորի պարագայում՝ միանձնյա դատական նիստ վարելու կարողություն, որը ներառում է դատական նիստի բնականոն կարգն ապահովելը, կողմերի դատավարական գործողությունների օրինականությունը երաշխավորելը, ինչպես նաեւ, ընդհանրապես, իր քննությանը ենթակա գործերով գործավարությունը համակարգելը եւ այլն: Բացի դրանից, ի տարբերություն հանրային ծառայության այլ տեսակների՝ դատավորի գործառույթները փուլային հաջորդականությամբ մանրամասնորեն շարադրված են դատավարական օրենսգրքերով եւ օրենսգրքով, իսկ բարեվարքության եւ գույքային հաշվետվողականության հարցերը՝ օրենսգրքով, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով եւ այլ նորմատիվ իրավական ակտերով: Այսինքն՝ դատավորի պաշտոնեական գործառույթները եւ հարակից պարտականությունները կազմում են դատավորի պաշտոնի բազմաբաղադրիչ նկարագիրը, որին դատավորն իր մասնագիտական եւ ֆիզիկական կարողություններով պետք է համապատասխանի: Ըստ այդմ, հարցերի հարցն էր. արդյո՞ք որոշման հավելված N 1-ով սահմանված հիվանդություններով (վիճակներով) տառապող դատավորն իրականում ունակ չէ կատարելու իր ծառայողական պարտականությունները՝ ներառյալ օժանդակ տեխնիկական միջոցների գործադրմամբ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
25.09.2025