Լրահոս
Օրվա լրահոսը

Հստակեցվում է ռազմական ոստիկանության գործունեությունը, խստացվում՝ վարժական հավաքներից խուսափելու պատասխանատվությունը

Սեպտեմբեր 26,2025 13:12

ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը ներկայացրեց փոփոխությունները

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 26-ի նիստում քննարկեց ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին  եւ Ռազմական ոստիկանության  մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը: Հիմնական զեկուցողը ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն էր:

«Ըստ փոփոխությունների՝ վարժական  հավաքներից խուսափելու համար առաջարկվում է քրեական պատասխանատվություն սահմանող Քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածում հստակեցնել խուսափման դրսեւորման ձեւերը եւ խստացնել մի շարք ոչ իրավաչափ հանգամանքներիի զուգորդմամբ՝ վարժական հավաքներից խուսափելու պատասխանատվությունը:

Ռազմական ոստիկանության իրավասություններում հստակեցվում է ռազմական ոստիկանության գործունեությունը ոչ միայն հանցագործությունները կանխելիս եւ խափանելիս, այլեւ հայտնաբերելիս եւ բացահայտելիս: Ռազմական ոստիկանությանն իրավասություն է ապահովում աջակցել զինվորական  կոմիսարիատներին՝ քաղաքացիների զինվորական հաշվառման, պարտադիր կամ զորահավաքային զորակոչի, պահեստազորային պատրաստության  միջոցառումների կազմակերպման գործընթացում:

Ռազմական ոստիկանությունը լիազորվում է ապահովելու  քրեական վարույթն իրականացնող մարմինների գրավոր պահանջի հիման վրա վարույթի շրջանակներում ձերբակալված կամ կալանավորված զինծառայողների տեղափոխումը եւ ուղեկցումը նշված վայրեր՝ անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործընթացներին մասնակցելու համար»,-ասաց Արման Սարգսյանը:

Հիմնական զեկուցողին հարցեր չեղան: Հանձնաժողովը կողմ քվեարկեց ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը դրական եզրակացություն ստանալու պարագայում լիագումար նիստ ներառելու հարցին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930