Լրահոս
Օրվա լրահոսը

«Միանգամից հայտարարում եմ, որ ՀԱԿ-ը չի պատրաստվում դաշինք կազմել ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ էլ Սերժ Սարգսյանի ղեկավարած ուժերի հետ»․ Լեւոն Զուրաբյան

Սեպտեմբեր 26,2025 14:22

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությամբ այսօր հրավիրվել է խորհրդարանական լսումներ: Քննարկվում է խմբակցության ներկայացրած «Ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին» ԱԺ հայտարարության նախագիծը:

ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն իր ելույթում ասաց․ «Միանգամից հայտարարում եմ, որ Հայ ազգային կոնգրեսը չի պատրաստվում դաշինք կամ միասնական քաղաքական շարժում կազմել ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ էլ Սերժ Սարգսյանի ղեկավարած ուժերի հետ»։

Նա անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ պետք է հեռացվի Փաշինյանը։ Ասաց, որ Նիկոլ Փաշինյանի կառավարման 7,5 տարիները նշանավորվել են հայ ժողովրդի համար աղետալի հետեւանքներով։ «Փաշինյանի գլխավոր հանցանքը ժողովրդի առաջ եւ գլխավոր ձախողումն այն էր, որ ինքը կործանեց հայ ժողովրդի անվտանգության համակարգը։ Իր կառավարման ժամանակ մենք Ադրբեջանի հետ ունեցել ենք 10 ռազմական բախում, որի հետեւանքով կորցրել ենք 5000 մարդ, եւս մեկ հայոց աշխարհ՝ Արցախը կրկնեց Բիթլիսի, Վանի, Էրզրումի, Կարսի ճակատագիրը։ Հիմա էլ վտանգը կախված է Սյունիքի վրա»,- հայտարարեց նա։

Զուրաբյանն ասաց, որ այս ամենը հենց Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետեւանքով է, այս իշխանությունը ժողովրդից թաքցնում է մի կարեւոր գաղտնիք, որն իր գործած հանցանքների ամենալուրջ վկայությունն է։ «Դա այն է, որ 2019 թվականի ապրիլին, իսկ հետո նաեւ հունիսին Մինսկի խմբի համանախագահության կողմից Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է խաղաղության մի փայլուն պլան, եթե այն իրագործվեր, մենք կունենայինք մի իրողություն, որ ընդամենը պետք է 5 շրջան հետ հանձնեինք Ադրբեջանին, եւ կկնքվեր լիակատար խաղաղություն՝ խաղաղարար զորքերով։ Իսկ ԼՂ կարգավիճակի հարցը շաղկապվում էր Քարվաճառի եւ Լաչինի ոչ միջանցքային մասի վերադարձի հետ։ Սա մի փայլուն լուծում էր»,- նշեց նա։

Զուրաբյանի խոսքով՝ այսօր Փաշինյանը փորձում է մեր ժողովրդի վզին փաթաթել ադրբեջանահպատակ հայկական պետության մոդելը։ Ավարտելով Արցախը՝ նա հիմա զբաղված է Հայաստանի անկախության ոչնչացմամբ։

«Ինչ պետք է անել՝ մենք ունենք համաժողովրդական շարժման ստեղծման ծրագիր, որը պետք է լուծի այս խնդիրները, փոխի մթնոլորտը երկրում, մոբիլիզացնի մեր ժողովրդին, դառնա նրա երազանքների կրողը, մշակի մեր ինքնությունը հարգող խաղաղության հաստատմամբ իրատեսական ծրագիր։ Քանի դեռ այն ստեղծված չէ, ոչ մի խնդիր չի լուծվի»,- հավելեց Զուրաբյանը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հարգելի Լևոն,
    Որպես նախաբան ընտրելով ‘ՀԱԿ-ը չի պատրասվում դաշինք կամ միասնական քաղաքական շարժում կազմել’ Դուք դրսևորում եք ոչմիթիզականություն:
    Ես չեմ կարծում Դուք տեղյակ չեք թե ՀԱԿ-ը ինչպես է ընկալվում այս օրերին: Կամա թե ակամա Դուք թարմացնում եք այն ամենը ինչ բացասական է ու նվազեցնում եք այն դրական կրեդիտը, որ վերջին օրերին ՀԱԿ-ը հավաքել է Լ. Տեր-Պետրոսյանի հայտարարությունների շնորհիվ:
    Ես կարծում եմ, որ ՀԱԿ-ը միայն կշահի եթե ցույց տա, որ գիտի քաղաքակիրթ երկխոսություն տանել նաև հակարակորդի հետ, որը ավելի քիչ է ներդրել նիկոլ-հրեշի ասպարեզ գալուն: Նրանց` Ռ.Ք.-ը և Ս.Ս.-ը անշուշտ աննուղակորեն պարտական ենք 2018-ին նիկոլի աջողությանը: Բայց փաստը կմնա փաստ, որ այս էակը պտտվել, ականջ է դրել, ընդօրինակել, ‘ազատել ղարաբաղցիներից Հայաստանը’,… ընտրել Ձեր կուսակցության կուլուարներում: Իհարկե, Լ. Տեր-Պետրոսյանը պնդում է որ այն` նիկոլը, իր հոգեզավակը չի: Ու, սա կարևոր է, մենք ականջ ենք տալիս իր ասածին, չենք մերժում 100 տոկոս: Ինչո՞ւ, որովհետև գիտենք այլևս ոչմիթիզականության գինը:
    Խնդրում եմ, մի լցրեք ջուր նիկոլի մարդաղացին:
    Դուք այսպես եք հիմա ընկալվում: Փորձ արեք խոսել, նայել իրար վրա` ԼՏՊ-ն, Ռ.Ք.-ը, Ս.Ս.-ը, մի հարցազրույցում, ասուլիսում… Կտեսնեք ինչ ահ ու սարսափ կընկնի նիկոլական ճամբարում: Ու ինչ դելտա-ֆունկցիա կգրանցեք հանրության ակտիվությունում:

  2. 1). ‘Բոլոր շարժումները եղան, մեծ թվով մարդիկ հավաքվեցին, բայց այնուամենայնիվ իշխանափոխություն տեղի չունեցավ։ Ինչո՞ւ։ Որովհետև ժողովուրդը չի ուզում շնից փախնել՝ գելի բերան ընկնել։’
    ժողովրդի մի մասը համարում է, որ շունը գել է դարձել 2021-ից հետո ու պարզապես մնում է վերջնական կուլ գնա: Միքիչ ալիևը զոր տա, ու վերջ` նիկոլի ստամոքսը սկսելու է մարսել հայ ժողովուրդը ու կղանքի տեսքով արտանետել աշխարհ (պատահական չէ որ սրբազանը իրեն անվանեց ‘ասկարիդա’):
    Ժողովրդի մեկ այլ մասը համարում է, որ շունը տնայնացված գել ա ու մեծ տարբերուտյուն չի լինի, ինչու փոխել:
    Ժողովրդի քիչ մասն է մտածում որ գել կա գել էլ կա` ամեն շուն չի որ գելից լավ է: Կան հաշմանդամ, անհեռատես, անունակ շներ, որ մարդուն բացի հոգսից ու ծախսից այլ բան չեն բերում… Մարդուն դարձնում են իրենց խնամակալ: Կա գել, որի դեմ պաշտպանական հնարքներ մտածելով, նախագծելով, կառուցելով զորանում ես: Հետո ետ նայում ու հասկանում, որ after all իրեն ես պարտական քո կերպարանափոխությունը:

    2). ‘Մինչև նա [ժողովուրդը] չտեսնի լուրջ առաջնորդություն, լայն հենարան ունեցող շարժում՝ հստակ տեսլականով, ոտքի չի կանգնելու’: Եթե Դուք այսպես եք գնհատում անելիքը, ապա սովորեք ազրբջաներեն: Եթե Դուք կարծում եք, որ ժողովուրդը կհամախբմվի ՀԱԿ-ի շուրջ, նույնպես սովորեք թշնամու լեզուն:
    Որովհետև ժողովուրդը վախենում, մերժում է ‘ոչմիթիզ’-ականությունը (Ձեր ‘Միանգամից հայտարարեմ’-ը); Վախենում, մերժում է գոռոզ խոսքը ու պահվածքը: նիկոլը իր խոսելաոճով փռվել գիտի շահելու համար անկիրթ ու պրիմիտիվ հանրությունը: Դարձրել նրան զգոն, որ հանկարծ ցածր նշաձողերի իրականությունը չվտանգվի: Գործ ունեք առանց պատվի, ինքնասիրության զանգվածի հետ, որը կուշտ փորի պահանջը խաում է ‘տղուս տեղը իմ կողքն ա’-ով: նիկոլը ամեն ինչի հետ յոլլլա գնացող, անազգ հանրություն է բուծում:

    3).Իսկ Դուք խոսում եք ‘Միանգամից հայտարարեմ’-ով: Ոչ էլ դրսի սպոնսորներն են բանի տեղ դնելու այս հավատարմության (allegiance) հռչակումը` իրենց նիկոլը լրիվ բավարարում է:
    Միակ ելքը to swallow your pride, և սկսել շփումներ Ռ.Ք.-ի, Ս.Ս.-ի հետ ի տես բոլորի:

Պատասխանել Svetlana Aroutiounian

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930